ԲՈւՆ ՍԱՍՈՒՆ, ԽՈւԼՓ, ԳԵԼԻԵԳՈւԶԱՆ, ՄՇՈ ԱՌԱՔԵԼՈՑ ԵՎ ՍԲ ԿԱՐԱՊԵՏ ՎԱՆՔԵՐ, ԲԻԹԼԻՍ
Իրապես բացառիկ ու անկրկնելի այս ուղևորության ընթացքում մեզ են սպասում հերոսական Սասունի ու քաղցր Մուշի անհաշվելի գանձերից շատերը։ Սասունցի Դավթի հետքերով, ռանչպարների կանչով, ֆիդայիների հերոսական ուղիներով, գեղեցկագույն տեսարաններով, պատմական մեծարժեք կոթողներին ծանոթանալով՝ մենք կանցկացնենք մեր ֆանտաստիկ հինգ օրը։ Այս հագեցած ու տպավորիչ ծրագրով ոչ միայն այցելելու ենք Մշո Սբ Առաքելոց և Սբ Կարապետ, Սասունի Գոմոց և Աղբրիկ վանքեր, այլ նաև տեսնելու ենք Մարաթուկ, Սիմ, Անդոկ, Ծովասար լեռները, Բաթման, Սասնաջուր, Խուլփ, Արածանի գետերը, լեգենդար Դավթի բերդը, Բաթմանի կամուրջը, շրջելու ենք մի շարք լեգենդար հայկական գյուղերով՝ Գելիգյուզանից Մկթենք, Քաղկիկից Շենիկ, Սեմալից Խաբլջոզ և ավելին: Միևնույն ժամանակ, այս ուղևորության ընթացքում հնարավոր են խմբի անդամների՝ Սասունում և Մուշում իրենց նախնիների բնակավայրեր այցելություն, ինչը պետք է նախօրոք համաձայնեցնել մեզ հետ: Ձեզ ուղեկցելու են Սասունի և Մուշի ուղղությամբ հատուկ մասնագիտացած մեր գիդերը:
Առաջիկա մեկնումները՝
05.06-09.06
Մեկնումը՝
5։00, վերադարձը՝ մոտ 23։00, հասցե՝ Թումանյան 8
Ներառում է՝
3+ և 4 աստղանի բարձրակարգ հյուրանոցներ
բարձրակարգ տրանսպորտը (Mercedes Sprinter/ Volkswagen Crafter միկրոավտոբուս, մինչև 18 տեղ)
2 անգամյա որակյալ սնունդ բոլոր օրերին (ընտրովի ճաշացանկ)
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը (հայտնի հայ թուրքագետներ, ամեն խումբը՝ իր առանձին գիդով)
Չի ներառում՝
ՀՀ քաղաքացիների համար Թուրքիայի մուտքի վիզան 15.000 դրամ է, այն պատրաստում է մեր ընկերությունը: Վիզան տոմսի գնի մեջ ներառված չէ։
Մանրամասն Ծրագիր
ՕՐ 1 | ՄԸՐ ԷՐԳԻՐ
Ճանապարհ ընկնելով Երևանից և անցնելով Բավրայի անցակետով՝ մուտք ենք գործում Ջավախք աշխարհ, որտեղից էլ հատելով սահմանը՝ անցնում ենք չնաշխարհիկ Ծովակն Հյուսիսո լճի ափերով: Շուտով կանցնենք Կարսի մատույցներով և Սարիղամիշի մշտադալար անտառներով, որից հետո մեր ճամփան գնում է դեպի քաղցր Մուշ.․. Մշո սուլթան Սուրբ Կարապետ, անուն, որը բարդ է գրել ու անգամ պատկերացնել Տարոն աշխարհից զատ, վայր, ուր երազել են այցելել կամ ուխտի գալ հազարավոր հայեր: Իսկ մեր աշխատանքը նման երազանքների իրականացումն է:
Երևան-Գյումրի-Ախալքալաք-Կարծախ [Վրաստան]
Ծովակն Հյուսիսոյ (Չըլդըր) լիճ
Խնուսով և Վարդոյով անցում
Մշո Սբ Կարապետ վանք
ընթրիք Մուշում
գիշերակաց՝ Մուշ:
ՕՐ 2 | ՌԱՆՉՊԱՐՆԵՐԻ ԿԱՆՉԸ
Մշո Առաքելոց վանքի բարձունք: Վայր, ուր դիմադրել են Անդրանիկն ու բազմաթիվ այլ հերոսներ, և վայր, ուր այցելությունն առանձնահատուկ խորհուրդ ունի։ Առաքելոց վանքն անջնջելի տպավորություն է յուրաքանչյուր այցելուի համար։ Եվ ահա մեր առաջ իր դռներն է բացում Սասնո լեռնաշխարհը․ անցնելով Սիմ լեռան լանջերով՝ մուտք կգործենք Սասունի ամենահերոսական գյուղերից Շենիկ, Սեմալ ու Գելիեգուզան։ Սասնո խրոխտ լեռները, խորը ձորերն ու կիրճերը, որոնք դժոխքի միջով անցնելուց հետո շարունակում են ամեն անգամ վերածնվել ու դրախտ մնալ, անջնջելի հետք են թողնում յուրաքանչյուր հայի հոգում, որին բախտ է վիճակվել անցնել ֆիդայիներ Ըսրոյի, Աղջեի, Աղբյուր Սերոբի և Արաբոյի անցած այս ճանապարհներով։ Այս օրվա մեր ամենակարևոր կանգառներից է Գելիեգուզանում գտնվող Թուխմանուկ վանքն ու դրա բակում ֆիդայապետեր Աղբյուր Սերոբի և Հրայր Դժոխքի գերեզմանները, ինչից հետո մեզ է սպասում Անդոկը և դրա արևմտյան ափին փռված պատմական Խուլփ շրջանը։ Հետևելով Խուլփի ջուր գետի հոսանքին՝ հասնում ենք Սասուն աշխարհի հարավ՝ տեսնելով Բաթմանի տպավորիչ կամուրջը, որը ոչ միայն ճարտարապետական հրաշք է, այլ Սասնա ծռերում հիշատակվող վայրերից։
նախաճաշ հյուրանոցում
Մշո Առաքելոց վանք (քայլարշավ)
Սիմ (Կուրտիկ) լեռան լանջերով անցում
Սեմալ և Շենիկ գյուղեր
Գելիեգուզան. Թուխմանուկի վանք, Աղբյուր Սերոբի և Հրայր Դժոխքի գերեզմաններ
ճաշ Մուշում
Անդոկ լեռան համայնապատկեր
Խուլփ-Խիյանք
Խուլփի ջուր գետ
Բաթմանա կամուրջ և Բաթման/Քաղիրթ գետ
գիշերակաց՝ Բաթման:
ՕՐ 3 | ՍԱՍՆԱ ԾՌԵՐԸ
Այսօր էլ մեզ է սպասում մեր ուղևորության կարևորագույն ևս մեկ կանգառ՝ գյուղ Մկթենք․ այո, ճիշտ հասկացաք, Գևորգ Չաուշի ծննդավայր Մկթենքը, Սասնո Բսանաց գավառի ամենագեղատեսիլ գյուղերից մեկը։ Ավելին, մեզ բախտ կվիճակվի նաև տեսնել նշանավոր հայդուկի հայրական տունը։ Իսկ ավելի ուշ մեզ է սպասում խրոխտ Սասնա բերդը։ Նույն ինքը՝ Սասնա ծռերից մեզ հայտնի Սանասար և Բաղդասար եղբայրների կառուցած Սյան Սյունը, ուր կհասնենք Քաղկիկ գյուղով։ Սակայն այստեղ էլ հույզերի ու անմոռանալի տպավորությունների տարափը չի ավարտվում․ առջևում է Սասունի բարձր լեռներում ծվարած Սբ Պետրոս Առաքյալի վանքը՝ Սասուն աշխարհի զարդ Գոմոց վանքը։ Եվ ահա Մարաթուկի փեշերին փռված պատմական Խաբլջոզն է։
նախաճաշ հյուրանոցում
Մկթենք. Գևորգ Չավուշի տուն
Քաղկիկ
Դավթի բերդ (Սասնա բերդ, Սանասուն) (թեթև քայլարշավ)
Սբ Պետրոս Առաքյալի (Գոմոց) վանք (քայլարշավ)
Ծովասար և Մարաթուկ լեռների համայնապատկերներ
Խաբլջոզ և Սասնաջուր գետ
ընթրիք / պիկնիկ Սասունում
գիշերակաց՝ Բաթման:
ՕՐ 4 | ՄԱՄՓՐԵ ԱՐՔԱՆ
Մեր ուղևորության չորրորդ օրը մեզ համար պատրաստել է ուղևորությունը Սասունի կարևորագույն սրբավայրերից Աղբրիկի վանք, որը բացառիկ լրացում կլինի մեր այս յուրահատուկ ուղևորությանը։ Մենք գնում ենք դեպի Խութ-Բռնաշեն․․․ Սակայն մինչ Աղբրիկի վանք հասնելը կայցելենք Հազզոյի գավառակի Հազզոյի բերդ, ապա Բիթլիս քաղաքով կհասնենք Մշո դաշտ, այնտեղից էլ կբարձրանանք Սասնա լեռներում բազմած Աղբրիկի վանք։ Եվս մեկ անսահման տպավորիչ ու խորհրդանշական օր։
նախաճաշ հյուրանոցում
Հազզոյի բերդ
Բիթլիս քաղաքով (Բաղեշ) անցում
Սբ Աղբերիկ վանք (թեթև քայլարշավ)
ընթրիք Մուշում
գիշերակաց՝ Մուշ:
ՕՐ 5 | ՔԱՂՑՐ ՄՈւՇ
Վերադարձի օրն անգամ խոստանում է հետաքրքիր ու տպավորիչ լինել։ Օրը կսկսենք Մուշի հայկական թաղում, որտեղ կտեսնենք ոչ միայն Մուշ քաղաքի հայտնի եկեղեցիներից Սբ Մարինեն, այլ նաև մեր օրեր հասած քարաշեն հայկական տները։ Եվ ահա Մշո դաշտի կենտրոնով կհասնենք Արածանի գետի ափեր, որտեղ կտեսնենք Սուլուխի լեգենդար կամուրջը, որտեղ իր վերջին կռիվն է տվել Գևորգ Չավուշը։ Եվս մեկ դադար նախատեսված է Բասենում, որտեղ կմոտենանք Մայր Արաքսին ու կտեսնենք Հովվի գեղեցկագույն կամուրջը։ Շուտով մեզ կդիմավորի Կարսն ու մեր ուղևորությունը կսկսի մոտենալ իր ավարտին։
նախաճաշ հյուրանոցում
Մուշի հայկական թաղ, Սբ Մարինե եկեղեցի և հայկական տներ
Մշո դաշտ, Արածանի գետ, Սուլուխի կամուրջ
Հովվի կամուրջ, Արաքս գետ, Բասեն
ճաշ Կարսում
Վերադարձ՝ Կարս-Ախալքալաք-Երևան: