ՍԲ ԽԱՉԻ ՊԱՏԱՐԱԳԸ ՎԱՆՈՒՄ 3 ՕՐ

ԱՂԹԱՄԱՐ, ՎԱՆ, ԿԱՐՍ, ԱՆԻ, ԲԱՅԱԶԵՏ, ԲԵՐԿՐԻ

Ամեն տարի մեկ անգամ Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվում է պատարագ, որին մասնակցելու հնարավորություն ունեք նաև Դուք։ Վայելեք պատմական այս պահը, ինչպես նաև բացահայտեք հոյակերտ Սբ Խաչ եկեղեցին, նավարկեք Վանա լճում, համտեսեք Վանա տառեխ, բացի այդ, այցելեք Վանի բերդ ու Մհերի դուռ, անկրկնելի Անի ու հզոր Կարս, տպավորիչ Բերկրի և խորհրդավոր Բայազետ, տեսեք Ծովակն Հյուսիսո լիճը, Արաքսը, անցեք Մասիսի լանջերով, Իգդիրով, Թոնդրակով։ Ահա այսպիսի հագեցած, գեղեցիկ ու խորհրդանշական ուղևորություն է Ձեզ սպասվում դեպի Էրգիր։ Մեր հարուստ փորձն ու անսահման նվիրումը կլինեն լավագույն գրավականը Ձեր երեք անմոռանալի օրերը դարձնելու բովանդակալից ու անչափ հիշարժան։

Առաջիկա մեկնումներ՝ Դեռ նախատեսված չէ
Մեկնում՝ 04:30, ժամանում՝ 23:55, հասցե՝ Թումանյան 8
Գինը՝ 77000 դրամ
Ներառում է`
3+ աստղանի հյուրանոց (երկտեղանի և երեքտեղանի համարներ)
բարձրակարգ տրանսպորտը (Mercedes Sprinter/VW)
2 անգամյա որակյալ սնունդ (ընտրովի ճաշացանկ)
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը (հայ թուրքագետներ)
տեսարժան վայրերի մուտքի տոմսերը (բացի Անիից և Սբ Խաչից)
Վանում նավարկության վճարը
Չի ներառում`
Թուրքիայի մուտքի վիզան՝ ՀՀ քաղաքացիների համար 16 000 դրամ, այն պատրաստում է մեր ընկերությունը
Գնի մեջ ներառված չեն Անիի և Աղթամարի Սբ Խաչ եկեղեցու մուտքավճարները, որոնք միասին կազմում են 20 եվրո:

Ծրագիր

ՕՐ 1 | ՀՐԱՇԱԳԵՂ ԱՆԻՆ Ու ՎԵՀԱՇՈւՔ ՄԱՍԻՍԸ
մեկնում՝ Երևան-Գյումրի-Ախալքալաք-Կարծախ [Վրաստան]

Ծովակն Հյուսիսոյ (Չըլդըր) լիճ
Անի. Մայր Տաճար, Սբ Փրկիչ, Աբուղամրենց, Տիգրան Հոնենց, Գագկաշեն, Առաքելոց եկեղեցիներ, պարիսպներ, այլ կոթողներ
Արաքս գետ և անցում Իգդիրով
Դարոյնքի (Բայազետի) բերդ (ըստ օրվա ժամանակացույցի)

ընթրիք Բայազետում
գիշերակաց՝ Վան

Ճանապարհ ընկնելով Երևանից և անցնելով Բավրայի անցակետով՝ մուտք ենք գործում Ջավախք աշխարհ, որտեղից էլ անցնում ենք չնաշխարհիկ Ծովակն Հյուսիսոյ լճի ափերով՝ ուղի բռնելով դեպի հայոց թագավորների բերդաքաղաքը՝ Կարս: Կարսի մատույցներին հասնելուն պես մեր ճամփան թեքվում է դեպի հրաշագեղ Անի: Անգամ հեռվից Անիի ավերակները գերող են, կախարդող: Հազար ու մեկ եկեղեցիների քաղաքում մեզ հիանալի շրջագայություն է սպասվում՝ պատմության խորխորատներում քարացած, ինքնին մի պատմություն դարձած փառապանծ քաղաքն ուղղակի չի կարող անտարբեր թողնել, չի կարող չհուզել: Տեսնել Անին ու… ապրել, այո՛, ապրե՛լ: Կանգ կառնենք Մայր Արաքսի ափին, կտեսնենք այն հատվածը, ուր Արաքսն ու Ախուրյանն են միախառնվում: Կանցնենք առասպելական լեռան՝ Մասիսի լանջերով, որի մասին երազում է ամեն մի հայ և հայտնվելով լեռան մյուս կողմում՝ կտեսնենք Մասիսը «հակառակ կողմից»: Հրաշալի մի օր…

ՕՐ 2 | ՎԱՆԱ ԵՐԱԶ
նախաճաշ հյուրանոցում

Աղթամար կղզի. Սուրբ Խաչ եկեղեցի և պատարագ

ճաշ Վանա տառեխ՝ Վանա լճի ափին

Վարագավանք (խմբի ցանկությամբ՝ հավելավճարով)
Վան. Վանի (Տուշպա/Տոսպ) բերդ, Ուրարտական արքաների դամբարան
Վանա կատուներ

գիշերակաց՝ Վան

Եվ ահա պատմական պահն է․ նավարկել Վանի Աղթամար կղզի և մասնակցել Սբ Խաչի ամենամյա պատարագին։ Պատարագին մասնակցելուց, Աղթամար կղզին ու Սբ Խաչ եկեցեին վայելելուց, Վանա լճում լողալուց հետո Վան քաղաքում մեզ են սպասում Վանա կատուները, փառահեղ Տուշպա (Տոսպ) ամրոցը՝ ուրարտական թագավորների դամբարանով։ Վանա կատուների բուծարանը յուրահատուկ վայր է, որտեղ ոչ միայն կարելի է տեսնել լեգենդար կատուներին, այլ նաև սիրել աչքերի տարբեր գույն ունեցող այդ չարաճճիներին: Շուտով ժամանակն է հաղթահարելու հզորագույն Վանի բերդը, որտեղից անպատմելի տեսարան է բացվում դեպի Այգեստան ու Քաղաքամեջ, դեպի Վանա կապուտակ ծովը: Բացի այդ, խմբի համաձայնության դեպքում որպես հավելյալ ուղղություն հնարավոր է այցելել նաև լեգենդար Վարագավանք։

Օր 3 | ԱՆԱՌԻԿ ԿԱՐՍԸ
նախաճաշ հյուրանոցում

Ագռավաքար և Մհերի դուռ
Բերկրիի ջրվեժ
Մասիսի լանջերով անցում և տեսարան լեռան մյուս կողմից

ճաշ Կարսում

Կարս. Կարուց բերդ, Վարդանի կամուրջ, Առաքելոց եկեղեցի, Չարենցի տուն

վերադարձ՝ Կարս-Ախալքալաք-Երևան:

Երրորդ օրն էլ է հրաշալի։ Մի՞թե չփորձենք մագլցել Ագռավաքարը՝ հասնելու Մհերի դռանը, որը գուցե հենց մենք ենք բացելու։ Մեր հաջորդը կանգառը Բերկրիի ջրվեժն է՝ տարբերվող և գերող իր տեսարանով: Բնության այս հրաշալիքը շարունակ ձգում է, գերում։ Առանձնահատուկ է ուղևորությունը դեպի Կարս, որտեղ մեզ հայկական պատմության և՛ փառավոր, և՛ տխուր էջերն են սպասում: Կարուց բերդն իշխում է ոչ միայն քաղաքի, այլ նաև շրջակայքի վրա: Կարուց բերդը հաղթահարելուց հետո ձեր առջև բացվում է երբեմնի հայկական հրաշք քաղաքի համայնապատկերը, որտեղ իր ուրույն տեղն ունի տառապյալ, բայց հզոր Սուրբ Առաքելոց եկեղեցին՝ փառահեղ, ազդու կոթող՝ իր յուրահատուկ ճակատագրով և բազում-բազում պատմություններով: Իսկ Կարսում ինչպե՞ս կարելի է չանցնել Վարդանի կամրջով, ինչպե՞ս չգնալ այն տունը, որտեղ ապրել է մեծանուն գրող Եղիշե Չարենցը: Տեղն է վերհիշել «Երկիր Նաիրին» և զգալ նրա ամեն տողը հայկական պատմական հետքը չկորցրած այս քաղաքում:


Գրանցում

Գինը՝ 77000 դրամ