ՊԱՏՄԱԿԱՆ ԿԻԼԻԿԻԱ 10 ՕՐ

ԿԻԼԻԿԻԱ, ՄՈՒՍԱ ԼԵՌ, ՄԻՋԱԳԵՏՔ, ՆԵՄՐՈՒԹ, ՊՈՐՏԱՍԱՐ, ԿԱՊԱԴՈՎԿԻԱ 10 ՕՐ

Դեպի Արևմտյան Հայաստան, Կիլիկիա, Մուսա լեռ, Միջագետք, Նեմրութ ամենահագեցած ու ամենահետաքրքիր երթուղին ենք Ձեզ ներկայացնում։ 10-օրյա բացառիկ ուղևորություն, որն իր հետաքրքրությամբ և յուրահատկությամբ խենթացնելու աստիճան տպավորիչ է։ Ֆանտաստիկ մեր ծրագրով Դուք այցելելու եք տասնյակ լեգենդար վայրեր՝ Կիլիկիան իր տպավորիչ բերդերով, խորհրդավոր Նեմրութը, կախարդական Կապադովկիան, առեղծվածային Պորտասարը, հերոսական Մուսա լեռը, Միջագետքի գոհար Մարդինը, տարբերվող Դիարբեքիրը, պատմական Ուրֆան, Այնթափը, Կեսարիան, մի շարք այլ հրաշալի ու կարևոր վայրեր։ Այս ամենի հետ մեկտեղ բացառիկ այց կլինի նաև Տիգրան Մեծի մայրաքաղաք Տիգրանակերտ, որի հստակ տեղորոշումը վերջապես իրականություն է։ Հագեցած այս ծրագիրը նախատեսում է նաև մեկօրյա ծովային հանգիստ Կիլիկիայի Կոռիկոսի ափին։ Իրապես բացառիկ ու անկրկնելի այց ամբողջ կյանքի համար։

Առաջիկա մեկնումներ՝ Դեռ նախատեսված չէ
Մեկնում՝ 05:00, ժամանում՝ 23:55, հասցե՝ Թումանյան 8
Գինը՝ 295000 դրամ
Ներառում է`
3* և 4* հարմարավետ հյուրանոց (երկտեղանի համարներ)
բարձրակարգ տրանսպորտը (Mercedes Sprinter/VW)
2 անգամյա որակյալ սնունդ (ընտրովի ճաշացանկ)
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը (հայ թուրքագետներ)
տեսարժան վայրերի մուտքի տոմսերը (բացի Նեմրութից, Կոռիկոսից և Պորտասարից)
Չի ներառում`
Թուրքիայի մուտքի վիզան՝ ՀՀ քաղաքացիների համար 16 000 դրամ, այն պատրաստում է մեր ընկերությունը
Նեմրութի, Կոռիկոսի և Պորտասարի մուտքավճարը՝ միասին 50 եվրո

Ծրագիր

ՕՐ 1 | ՎԱՆԻ ԱՓԵՐՈՎ
մեկնում՝ Երևան-Գյումրի-Ախալքալաք-Կարծախ

Ծովակն Հյուսիսո լիճ
Սարիղամիշի անտառներ
Ալաշկերտ
Վանա լճի ափերով անցում

ընթրիք Դատվանում
գիշերակաց՝ Դատվան

Ճանապարհ ընկնելով Երևանից և անցնելով Բավրայով՝ մուտք ենք գործում Ջավախք աշխարհ, որտեղից էլ անցնում ենք չնաշխարհիկ Ծովակն Հյուսիսո (Չըլդըր) լճի ափերով՝ Սարիղամիշի անտառներով և Ալաշկերտի դաշտերով ուղի բռնելով դեպի Վանի ափեր և Սիփանի լանջեր: Գիշերակացը Վանի ափի գեղեցկագույն Դատված քաղաքում է։

ՕՐ 2 | ՏԻԳՐԱՆ ՄԵԾԻ ՀԵՏՔԵՐՈՎ
նախաճաշ հյուրանոցում

Բիթլիսով և Սասունով անցում
Տիգրանակերտ (Տիգրան Մեծի իրական մայրաքաղաքը)
Մարդին

ընթրիք Մարդինում
գիշերակաց՝ Մարդին

Անցնելով Բիթլիս-Բաղեշով՝ կթակենք Սասուն աշխարհի դռները, որից հետո ճանապարհ կբռնենք դեպի բացառիկ մի վայր։ Տիգրան Մեծի հիմնադրած Տիգրանակերտ մայրաքաղաքի մասին շատ ենք լսել, սակայն նրա տեղադրությունը մինչև վերջերս վիճարկելի էր։ Սպառիչ և հստակեցված տեղադրությունը մենք գիտենք, իսկ Դուք կլինեք այն եզակիներից, որոնք կայցելեն այդ պատմական մեծարժեք վայրը (այս վայրը չշփոթել Սիլվան-Նփրկերտի հետ, որը նախկինում համարվում էր տարբերակներից մեկը)։ Մեզ են սպասում նաև անչափ տպավորիչ ու կոլորիտային Մարդին քաղաքը, որը լիովին կփոխանցի Միջագետքի պատմական շունչն ու կոլորիտը։

ՕՐ 3 | ՀԻՆ ԱՍՏՎԱԾՆԵՐԸ
նախաճաշ հյուրանոցում

Դիարբեքիր. Բերդապարիսպներ, Տիգրիս գետ, Տասնակյա կամուրջ, Սբ Կիրակոս եկեղեցի
Եփրատ գետ
Նեմրութ

ընթրիք Քահթայում
գիշերակաց՝ Քահթա, Ադըյաման կամ Սիվերեք

Եվ ահա կհասնենք Դիարբեքիր (ևս մեկ Տիգրանակերտ), ուր կտեսնենք Տիգրիս գետը, Տասնակյա կամուրջն ու քաղաքի լեգենդար պարիսպները: Առանձնակի հուզիչ է այցելությունը Դիարբեքիրի Սբ Կիրակոս հայկական եկեղեցի, որը կանգուն և գործող եկեղեցի է։ Շուտով անցնելու ենք Եփրատ գետի վրայով, որ ճանապարհ ընկնենք դեպի Հին աստվածների Նեմրութ։ Նեմրութը խորհրդավոր է, Նեմրութն անկրկնելի է։ Կհամոզվենք։

ՕՐ 4 | Մ․Թ․Ա․-ԻՑ ԷԼ ԱՌԱՋ
նախաճաշ հյուրանոցում

Եդեսիա (Ուրֆա). Աբրահամի սրբազան ձկների ավազան և Եդեսիայի բերդ
Պորտասար
Հռոմկլա և նավարկություն Եփրատով (ցանկության դեպքում՝ հավելավճարով)

ընթրիք Այնթափում կամ ճաշ Ուրֆայում
գիշերակաց՝ Այնթափ

Հրաշալի օր է մեզ սպասվում։ Նախ, կուղևորվենք Պորտասար հնավայր։ Խորհրդավոր ու առեղծածային այս վայրը ոչ միայն անսահման տպավորիչ է, այլ նաև համարվում է մարդկության պատմության ամենահին պաշտամունքային կոթողը։ Եվս մեկ պատմական քաղաք է մեզ սպասում՝ յուրահատուկ Եդեսիան, որը մեր օրերում հայտնի է Ուրֆա անվանումով։ Այստեղ կտեսնենք Սրբազան ձկների ավազանը, որտեղ, ըստ լեգենդի, կռիվ է տվել Աբրահամը։ Ցանկության դեպքում, կարող ենք նավարկել քաղաքակրթությունների գետ Եփրատի վրա՝ տեսնելով հրաշալի ու տպավորիչ Հռոմկլա կաթողիկոսանիստ բերդը։ Օրվա ավարտն էլ Այնթափում է։

ՕՐ 5 | ՀԵՐՈՍԱԿԱՆ ԼԵՌԸ
նախաճաշ հյուրանոցում

Այնթապ. Սբ Աստվածածին եկեղեցի և Այնթափի բերդ
Մուսա լեռ. հայկական Վագըֆ գյուղ, եկեղեցի, Մովսեսի ծառ

ճաշ Մուսա լեռում

Միջերկրականի ծովափ․ Մուսա լեռան հատված

գիշերակաց՝ Մուսա լեռ, Սամանդաղ կամ Անտիոք

Դեպի հերոսական Մուսա լեռ, դեպի Միջերկրականի ափեր, բայց մինչ այդ մեզ է սպասում հայկական եկեղեցաշինության հետաքրքիր օրինակներից Սբ Աստվածածինն Այնթափում։ Այստեղից էլ Կիլիկիայի և Անտիոքի գեղեցիկ անկյուններով կուղևորվենք Մուսա լեռ՝ տեսնելու ներկայիս Թուրքիայի միակ հայկական գյուղը՝ Մուսա լեռան վրա գտնվող Վագըֆ գյուղը, որն ունի իր գործող եկեղեցին։ Այստեղ կտեսնենք նաև Մովսեսի լեգենդար ծառը։ Այս օրն էլ Մուսա լեռանն է։

ՕՐ 6 | ԿԻԼԻԿԻՈՅ ԱՓԵՐ
նախաճաշ հյուրանոցում

Ալեքսանդրեթ (Իսքենդերուն)․ Քառասուն Մանկանց եկեղեցի
Լևոնկլա բերդ
Անարզաբա անտիկ քաղաք և բերդի համայնապատկեր
Սիս բերդ և Սիսի կաթողիկոսություն
Ադանայով անցում

ընթրիք Կոռիկոսում
գիշերակաց՝ Կոռիկոս

Մուսա լեռից դեպի Հայոց ծոց ու Կիլիկիայի հայկական թագավորության հզորագույն բերդեր՝ Լևոնկլա, Սիս, Անարզաբա։ Ցանկացողները կարող են բարձրանալ Լևոնկլա ու Սիս դժվարամատչելի ու ամրակուռ բերդերը, ինչպես և հիանալ Անարզաբայի համայնապատկերով: Բերդերը հաղթահարելուց հետո, անցնելով Ադանայով, կհասնենք ևս մեկ հրաշքի՝ Կոռիկոսին, որի ոսկեավազ ափերին էլ մեկ ամբողջական օր ենք վայելելու հաջորդ օրը։

ՕՐ 7 | ՎԱՍՏԱԿԱԾ ՀԱՆԳԻՍՏ
նախաճաշ հյուրանոցում

Կոռիկոսի ծովային բերդ
հանգիստ Միջերկրականի ծովափին. Կոռիկոս, Կիլիկիա

ճաշ և ընթրիք Կոռիկոսում
գիշերակաց՝ Կոռիկոս

Հրաշալի է, երբ Միջերկրական ծովի ոսկեավազ լողափին է անցնում հանգիստը, իսկ երբ հենց Ձեր դիմաց Կիլիկյան Հայաստանի հզորագույն բերդերից Կոռիկոսն է, այն էլ՝ կղզու վրա՝ պատկերը կատարյալ է: Վայելենք վաստակած հանգիստն ու պատրաստվենք նոր բացահայտումների։

ՕՐ 8 | ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ԿԱՊԱԴՈՎԿԻԱ
նախաճաշ հյուրանոցում

Տարսոն․ Կլեոպատրայի դարպասներ, Սբ Պողոս եկեղեցի
Կապադովկիա (ցանկացողները կարող են այցելել տեղի թանգարաններ, տոմսերը ներառված չեն)

ճաշ Կապադովկիայում

ազատ ժամանակ Կապադովկիայում

գիշերակաց՝ Կապադովկիա

Առավոտյան ցանկացողները կարող են ևս մեկ անգամ լողալ Միջերկրական ծովում, որից հետո, անցնելով պատմական Տարսոնով, արդեն ճամփա կընկնենք դեպի կախարդական Կապադովկիա, որտեղ տեսնելու ենք բազմաթիվ հետաքրքիր ժայռակերտ հրաշալիքներ: Կտեսնենք Կապադովկիային բնորոշ սնկաձև ժայռերը, հնամենի ամրոցներ, իսկ ազատ ժամանակը կարող եք օգտագործել զբոսնելու, այցելելու տեղի թանգարաններ և հետաքրքիր վայրեր: Ցանկացողներն արևածագին կարող են նստել հայտնի օդապարիկները և վայելել Կապադովկիան թռչնի թռիչքի բարձրությունից: Կամ էլ ուղղակի դիտել հետաքրքիր այդ պատկերը։

ՕՐ 9 | ՃԱՆԱՊԱՐՀՆ Է ԿԱՆՉՈՒՄ
Օդապարիկներով թռիչք Կապադովկիայում (ըստ ցանկության, վճարը ներառված չէ)
նախաճաշ հյուրանոցում

Կեսարիա. Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի
Սեբաստիայի Կեռ կամուրջ

ճաշ Երզնկայում

Երզնկայի բազմահարկ ջրվեժ

գիշերակաց՝ Երզնկա կամ Էրզրում

Առավոտյան նախաշաճից հետո մենք ճամփա կընկնենք դեպի Կեսարիա և Երզնկա: Կեսարիայում կտեսնենք հռչակավոր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որը գործող հայկական եկեղեցի է՝ տարբերվող ճարտարապետությամբ: Կեսարիայից հետո կանցնենք Սեբաստիա քաղաքով, որտեղ կտեսնենք պատմական Կեռ կամուրջը: Սեբաստիայից կուղևորվենք Երզնկա, որտեղ էլ կտեսնենք Երզնկայի տպավորիչ բազմահարկ ջրվեժը:

ՕՐ 10 | ԼԵՌՆԵՐՆ ԵՆ ԿԱՆՉՈՒՄ
նախաճաշ հյուրանոցում

Օլթիի բերդ
Արդահանի բերդ և Կուր գետ

ճաշ Արդահանում
վերադարձ՝ Արդահան-Ախալքալաք-Երևան:

Երզնկայից վերադարձին մենք կանցնենք Կարնո աշխարհով, որից հետո մեր ճանապարհը կանցնի Օլթիով, ուր կտեսնենք տեղի հզոր բերդը։ Արդահանում էլ է դադար նախատեսված, որ այցելենք Արդահանի բերդն ու տեսնենք Կուր գետը։ Այս ամենից հետո միայն, մեզ հետ վերցնելով գլխապտույտ ու հարուստ հիշողություններ և տպավորություններ, կվերադառնանք Երևան։


Գրանցում

Գինը՝ 295000 դրամ