ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ 5 ՕՐ

ՆԵՄՐՈՒԹ(ՆԵՐ), ԱՆԻ, ՎԱՆ, ԿԱՐՍ, ՄՈՒՇ, ՍԱՍՈՒՆ, ՄԱՍԻՍԻ ԼԱՆՋԵՐ

Տպավորիչ, հագեցած և հարուստ հնգօրյա այս ուղևորության ընթացքում տեսնելու եք Նեմրութ(ները), Վանը, Անին, Մուշը, Կարսը, Տիգրանակերտը, Դիարբեքիրը, Բինգյոլը, Բիթլիսը, Արածանին, Արաքսը, Եփրատը, Տիգրիսը, մի շարք այլ հրաշալի վայրեր… Այցի ընթացքում կտեսնեք Նեմրութի աստվածների սրբավայրը, ինչպես և հաջորդ օրը կտեսնեք Վանա ծովը՝ արդեն Վանի Նեմրութի գագաթից: Այցի ընթացքում կլողաք Վանա ծովում, կհամտեսեք Վանա տառեխ, կտեսնեք Հայոց լեռնաշխարհի գլխավոր գետերը, կայցելեք Արևմտյան Հայաստանի գրեթե բոլոր խոշոր քաղաքները, կտեսնեք մեծ թվով լեգենդար բերդեր ու նշանավոր վանքեր ու եկեղեցիներ:

Մեկնում՝ 

06:00-07:00 | Մարզահամերգային համալիրի դիմաց

Արժեքը՝
115000 դրամ
Ներառում է՝

3+ և 4 աստղանի բարձրակարգ հյուրանոցներ (Մուշ՝ Միր Սարայ / Դափ / Դիյար Փարիզ, Սիվերեք՝ Չելեբի, Դատվան՝ Քարդելեն, Վան՝ Թահթ Փալաս, Բերկրի՝ Ռոյալ Գյոքդեմ),

նոր մեքենաներ (Mercedes Sprinter/ Volkswagen Crafter միկրոավտոբուս, մինչև 18 տեղ),

2 անգամյա որակյալ սնունդ (ընտրովի ճաշացանկ),

բոլոր տեսարժան վայրերի մուտքի տոմսերը,

Վանում նավարկության վճարը:

Չի ներառում՝

ՀՀ քաղաքացիների համար Թուրքիայի մուտքի վիզան 15.000 դրամ է, այն պատրաստում է մեր ընկերությունը: Վիզան տոմսի գնի մեջ ներառված չէ:

Մանրամասն Ծրագիր

ՕՐ 1 | ՀՐԱՇԱԼԻ ԱՆԻ

Մեկնում՝ Երևան-Ախալքալաք (Վրաստան)-Չըլդըր

– Ծովակն Հյուսիսոյ (Չըլդըր) լիճ,

ճաշ Կարսում

– Անի. Մայր Տաճար, Սուրբ Փրկիչ, Աբուղամրենց, Տիգրան Հոնենց, Գագկաշեն, Առաքելոց եկեղեցիներ, Սմբատաշեն և Աշոտաշեն պարիսպներ, այլ կոթողներ,

– Սարիղամիշի անտառներ,

– Բասեն. Հովվի կամուրջ և Արաքս գետ,

ընթրիք Մուշում գիշերակաց՝ Մուշ:

Ճանապարհ ընկնելով Երևանից և անցնելով Բավրայի անցակետով՝ մուտք ենք գործում Ջավախք աշխարհ, որտեղից էլ, հատելով թուրք-վրացական սահմանը, անցնում ենք չնաշխարհիկ Ծովակն լճի ափերով՝ ուղի բռնելով դեպի հայոց թագավորների բերդաքաղաքը՝ Կարս: Մեր հաջորդ կանգառը հրաշալի Անին է: Անգամ հեռվից Անիի ավերակները պատկառելի են, կախարդող: Հազար ու մի եկեղեցիների քաղաքում մեզ հիանալի շրջագայություն է սպասվում՝ պատմության խորխորատներում քարացած ինքնին մի պատմություն դարձած փառապանծ քաղաքն ուղղակի չի կարող անտարբեր թողնել, չի կարող չհուզել: Բոլորին է պարուրում իրարամերժ զգացմունքները՝ հպարտություն և ցավ, կիսավեր, հիասքանչ եկեղեցիներ, շքեղ շինություններ, նախկին փառքի լուռ վկայություն: Տեսնել Անին ու ապրել, այո՛, ապրե՛լ.. Շուտով կանցնենք Սարիղամիշի մշտադալար անտառներով, ապա կտեսնենք Մայր Արաքսն ու հրաշագեղ Հովվի կամուրջը, որից հետո մեր ճամփան գնում է դեպի քաղցր Մուշ..

ՕՐ 2 | ԴԵՊԻ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ

նախաճաշ հյուրանոցում

– Մուշ քաղաք. Հին հայկական թաղ և Սուրբ Մարինե եկեղեցի,

– Մշո դաշտ, Արածանի գետ և Սուլուխի կամուրջ,

– Բինգյոլի (Բյուրակնի) լեռներ և Բինգյոլ քաղաքով անցում,

ճաշ Դիարբեքիրում

– Դիարբեքիր (Տիգրանակերտ). Սբ Կիրակոս և Սբ Սարգիս եկեղեցիներ, Տիգրիս գետ, Տասնակյա կամուրջ ու բերդապարիսպներ,

գիշերակաց՝ Սիվերեք կամ Քահթա:

Նախաճաշ Մշո դաշտի սքանչելի լուսաբացի՞ն: Սա ևս իրականություն է: Նախաճաշից հետո մեզ է սպասվում այցելությունը Մշո երբեմնի շքեղության լուռ վկաներից Սուրբ Մարինե եկեղեցի, որը լուռ հսկում է իր շրջապատում մնացած վերջին հայկական տները.. Այնուհետ, կտրելով Մշո դաշտը, հասնում ենք Արածանի (Արևելյան Եփրատ) սուրբ գետի ափերը, որտեղ իր ուրույն պատմական դերով և ճարտարապետական հիասքանչ հորինվածքով մեզ է դիմավորում Սուլուխի կամուրջը, այն վայրը, որտեղ Գևորգ Չավուշն է իր վերջին կռիվը տվել: Մուշից հետո ճանապարհ դեպի Բինգյոլ։ Այո, այո, մենք գիտենք՝ որն է ճամփան Բինգյոլի.. Եվ ահա անցնելու ենք Բյուրակնի (Բինգյոլի) լեռներով, որոնք սիրված երգի պատճառ են դարձել: Բացի այդ, կտեսնենք բնության յուրահատուկ գլուխգործոց Լողացող կղզիները Բինգյոլում: Կբացահայտենք պատմական հարուստ շերտերով Դիարբեքիրը, որը տեղացի հայերը սիրում են կոչել Տիգրանակերտ: Կտեսնենք քաղաքի լեգենդար պարիսպները, ապա և Տիգրիս գետն ու պատմական կամուրջը:

ՕՐ 3 | ԴԵՊԻ ՆԵՄՐՈւԹՆԵՐ

նախաճաշ հյուրանոցում

– Եփրատ գետ,

– Նեմրութ (Աստվածների սրբավայր),

ճաշ Դիարբեքիրում

– Տիգրանակերտ («Մայրաքաղաքի» պարիսպներ),

– Սասունի Հազզո շրջանով անցում,

– Սասունի Բաթմանա գետ ու Բաթմանա կամուրջ *,

– Բիթլիս (Բաղեշ). Բիթլիսի բերդ, Փոռ գյուղի խաչքարերը, Սուրբ Անանիա եկեղեցի,

– Նեմրութ Վանի. Վանա լճի համայնապատկեր,

գիշերակաց՝ Դատվան:

Շարունակելով բացահայտումներով լի ճանապարհը՝ կհասնենք Եփրատ գետին, որը Միջագետքը սնող և հայկական քաղաքակրթության կարևոր գետերից է: Օրվա գլխավոր, սպասված կանգառը խորհրդավոր, կախարդող, անկրկնելի Նեմրութն է՝ Հին աստվածների սրբավայրը, որը հազարամյակների խորքից գերում է, կանչում իր մոտ: Հրաշալի է Նեմրութը, բացառիկ, յուրօրինակ, չկրկնվող: Նեմրութի բարձրունքից բացվող տեսարանը ստիպում է վերապրել անցյալի փառքն ու խորհրդավորությունը… Մեզ կրկին ճանապարհն է կանչում: Անցնելով Աղձնիքով՝ հասնում ենք Տիգրան Մեծի կառուցած Տիգրանակերտ մայրաքաղաքը, որի անցյալի փառքից մեր օրերն են հասել պարիսպների հատվածները, որն էլ՝ ենթադրվում է՝ եղել է հայոց մայրաքաղաքը: Հաջորդը լեռնային Բիթլիս (Բաղեշ) քաղաքն է, որտեղ պետք է տեսնենք ամրակուռ ու անառիկ Բիթլիսի բերդը, ինչպես և Փոռ (Անդենց) գյուղի հսկա խաչքարերը, որոնք ուղղակի ապշեցնող են.. Մեզ սպասվում է ևս մեկ շունչ կտրող տեսարան. բարձրանում ենք Վանի Նեմրութը, որտեղ կռիվ են տվել մեր ֆիդայիները, և որը հայտնի է ոչ միայն իր բնական գեղեցկությամբ, այլ բուժիչ ջրերով: Նեմրութի խառնարանային լիճը վայելելուց հետո ժամանակն է վայելել Վանա լճի մայրամուտը՝ Նեմրութի բարձունքից: Գիշերակացը Վանա լճի անմիջական ափին գտնվող Դատվան գեղեցկագույն քաղաքում է:

OՐ 4 | ՎԱՆԱ ԵՐԱԶ

նախաճաշ հյուրանոցում

– Աղթամար կղզի (Սուրբ Խաչ եկեղեցի, Վանա լճում լողալ),

ճաշ՝ Վանա տառեխ Վանի ափին

– Վարագավանք *,

– Վանա կատուների բուծարան,

– Վանի (Տուշպա/Տոսպ) բերդ, Ուրարտական արքաների դամբարան,

– Մհերի դուռ և Ագռավաքար,

գիշերակաց՝ Վան կամ Բերկրի:

Եվ ահա ժամն է ուղևորվելու հրաշագեղ Աղթամար կղզի, որտեղ հեռվից իր ողջ շքեղությունն է ցուցադրում Սուրբ Խաչ հոյակերտ եկեղեցին, որի տեղադրությունն ու մանրաքանդակներն ապշեցնող են, ցնցող: Վանա լճում լողալը շատերի երազանքն է, բայց մեզ հետ այն իրականություն է դառնում: Վանում լողալուց հետո իսկը ժամանակն է վայելելու լեգենդար վանա տառեխը՝ հայկական մեղեդիների ներքո Վանա լճի ափին: Հեքիաթայի՞ն է: Իհարկե, սակայն հեքիաթը դեռ չի ավարտվել.. Վանա լճի ափով հասնում ենք Վան քաղաք, որտեղ մեզ են սպասում Վանա կատուները, փառահեղ Տուշպա (Տոսպ) ամրոցը, Մհերի դուռը, որը գուցե հենց մենք ենք բացելու: Վանա կատուների բուծարանը յուրահատուկ վայր է, որտեղ ոչ միայն կարելի է տեսնել լեգենդար կատուներին, այլ նաև սիրել աչքերի տարբեր գույներ ունեցող այդ չարաճճիներին: Շուտով ժամանակն է հաղթահարելու հզորագույն Վանա բերդը, որտեղից անպատմելի տեսարան է բացվում դեպի Այգեստանն ու Քաղաքամեջը, դեպի Վանա կապուտակ ծովը: Վանի բերդում բացում ենք ուրարտական հպարտ թագավորների դամբարանը, որը հասու չէ շատերին: Այս ամենից հետո մի՞թե չփորձենք մագլցել Ագռավաքարը՝ հասնելու Մհերի դռանը:

ՕՐ 5 | ԲԻԲԼԻԱԿԱՆ ԼԵՌՆ ՈՒ ՀԶՈՐ ԿԱՐՍԸ

նախաճաշ հյուրանոցում

– Բերկրիի ջրվեժ,

– Թոնդրակ լեռ և Լավայի դաշտեր,

– Դարոյնքի (Բայազեդի) բերդ,

– Մասիսի լանջեր,

– Արաքս գետ, հայ-թուրքական սահման,

ճաշ Կարսում

– Կարս. Կարուց բերդ, Վարդանի կամուրջ, Սբ. Առաքելոց եկեղեցի, Չարենցի տուն,

վերադարձ՝ Կարս-Ախալքալաք-Երևան:

Մեր առաջին կանգառը Բերկրիի ջրվեժն է՝ տարբերվող և գերող իր տեսարանով: Բնության այս հրաշալիքը շարունակ ձգում է, գերում, իսկ Բերկրի գետի արագահոս ջրերը մի քանի կիլոմետրից միախառնվելու են Վանա լճին: Թոնդրակն անցնելուց հետո մեր առջև Մասիսն է «մյուս» կողմից.. Փշաքաղեցնող տեսարան: Պատմական այս պահից հետո մեր կանգառը Դարոյնքի (Բայազեդի) բերդն է, որն էլ շուտով կհառնի մեր առաջ՝ իր անառիկ տեղադրությամբ, տպավորող կառուցվածքով և բազմաթիվ պատմություններով.. Եվ ահա գալիս է ամեն հայի երազած պահերից մեկը՝ անցումը Մասիսի լանջերով: Շուտով մեր ճանապարհն անցնելու է Իգդիրով, իսկ քիչ անց տեսնելու ենք Հայաստանի Հանրապետությունը մյուս կողմից՝ ձեռքի ափի հեռավորության վրա: Կանգառ Մայր Արաքսի ափին, որը շուտով միախառնվելու է Ախուրյանին.. Առանձնահատուկ է ուղևորությունը դեպի Կարս, որտեղ մեզ հայկական պատմության և՛ փառավոր, և՛ տխուր էջերն են սպասում: Կարուց բերդն իշխում է ոչ միայն քաղաքի վրա, այլ նաև շրջակայքի: Դարերի ընթացքում կարևոր դեր ունեցած այս բերդը վսեմաշուք է նաև մեր օրերում: Պատրա՞ստ եք գրոհի: Ուրեմն՝ առա՜ջ: Կարուց բերդը հաղթահարելուց հետո ձեր առջև բացվում է երբեմնի հայկական հրաշք քաղաքի համայնապատկերը, որտեղ իր ուրույն տեղն ունի տառապյալ, բայց հզոր Սուրբ Առաքելոց եկեղեցին՝ փառահեղ, ազդու կոթող՝ իր յուրահատուկ ճակատագրով և բազում-բազում պատմություններով: Իսկ Կարսում ինչպե՞ս կարելի է չանցնել Վարդանի կամրջով, ինչպե՞ս չգնալ այն տունը, որտեղ ապրել է մեծանուն գրող Եղիշե Չարենցը: Տեղն է վերհիշել «Երկիր Նաիրին» և զգալ նրա ամեն տողը հայկական պատմական հետքը չկորցրած այս քաղաքում, որտեղ հինավուրց շենքերի ճակատներից դեռ չեն հասցրել ջնջել հայերեն տառերը: Ծովակնի ջինջ ջրերն են կանչում, իսկ հաջորդիվ հրաժեշտն է՝ վերադարձի խոստումով:

Գին` 115000 դրամ (առանց վիզայի)
Դուք դեռ տուր չեք ընտրել