ՀԱՄՇԵՆ, ՏԱՅՔ, ՏՐԱՊԻԶՈՆ, ԷՐԶՐՈՒՄ, ԱՐԴԱՀԱՆ
Հագեցած պատմական տուր, հրաշալի ու շքեղ բնություն, անկրկնելի ու հիշարժան օրեր: Այս խոսքերը մեր հնգօրյա ուղևորության մասին են դեպի Հայոց դրախտ՝ Համշեն, հրաշալի Տրապիզոն, խորհրդավոր Տայք, յուրահատուկ Գուգարք.. Համշենը բնության հրաշալիքներից է, միևնույն ժամանակ հարուստ մեծաթիվ պատմական կոթողներով: Բաց մի՛ թողեք ոչ միայն վայելելու հեքիաթային բնությունն ու տեղի պատմությունը, այլ նաև շփվելու համշենահայերի հետ, ծանոթանալու նրանց ավանդույթներին և կենցաղին, խոհանոցին, հրաշալի տարազներին: Բացի այդ, տուրի ընթացքում կայցելենք Տրապիզոնի, Կղարջքի, Գուգարքի և Տայոց աշխարհի հրաշալիքներ՝ բացահայտելու հայկական և հունական գլուխգործոցները: Միևնույն ժամանակ, հնարավորություն կունենաք նաև լողալ Սև ծովում, քանի որ մեր հյուրանոցը ծովի անմիջական հարևանությամբ է:
5։00, վերադարձը՝ մոտ 23։00, հասցե՝ Թումանյան 8
3* բարձրակարգ հյուրանոցներ
նորագույն տրանսպորտ (Mercedes Sprinter/Volkswagen Crafter, 15-18 տեղ)
2 անգամյա որակյալ սնունդ (ընտրովի ճաշացանկ)
իրապես պրոֆեսիոնալ գիդ (հայտնի հայ թուրքագետներ)
բոլոր տեսարժան վայրերի մուտքի տոմսերը:
ՀՀ քաղաքացիների համար Թուրքիայի մուտքի վիզան 15.000 դրամ է, այն պատրաստում է մեր ընկերությունը: Վիզան տոմսի գնի մեջ ներառված չէ։
Սումելա վանական համալիրի մուտքավճարը՝ մոտ 25$, գնի մեջ ներառված չէ։
Մանրամասն Ծրագիր
ՕՐ 1 | ԴՐԱԽՏԻ ԴԱՐՊԱՍՆԵՐԸ
Արդահան. Կուր (Քուռ) գետ, Արդահանի բերդ
Սև լիճ (Շավշատ)
Տբետի վանք
Շավշատի բերդ
Դոլիսխանայի եկեղեցի
Ճորոխ գետ և Ճորոխ գետի ջրամբարներ
ընթրիք Հոպայում գիշերակաց՝ Հոպա:Անցնելով Բավրայի անցակետով և Ջավախքով՝ մուտք կգործենք լեռնային Արդահան: Առաջին կանգառն Արդահան քաղաքում է, որտեղ պահպանվել է հնամենի բերդը, իսկ քաղաքի միջով անցնում է Քուռ գետը: Հաղթահարելով Արսյան լեռները՝ մուտք կգործենք անտառաշատ Շավշատի գավառ: Գեղատեսիլ Շավշատում կտեսնենք տեղի հայտնի բերդը՝ կառուցված Բագրատունիների կողմից, ինչպես և բերդի ամենաբարձր կետից կկարողանանք վայելել շրջակայքի հրաշագեղ բնությունը: Այնուհետև կուղևորվենք Բագրատունիների կառուցած վեհաշուք տաճարներից Տբետը, որից հետո ճամփա կբռնենք դեպի Շավշատի հրաշալիքներից Սև լիճը, որը չի կարող անտարբեր թողնել ոչ ոքի: Մեր ճանապարհը կշարունակվի դեպի Արդվին՝ ճանապարհին մտնելով Դոլիսխանայի միջնադարյան եկեղեցի: Ճանապարհին կտեսնենք Հայոց լեռնաշխարհի չորս կարևորագույն գետերից Ճորոխը, բարձրադիր Արդվին քաղաքը, ապա Բորչկա գավառակի միջով կհասնենք Սև ծովի ափ, որտեղ էլ գեղատեսիլ, մասամբ հայախոս Հոպա քաղաքն է: Հոպա քաղաքում մեր հյուրանոցը Սև ծովի ափին է:
ՕՐ 2 | ՀԱՄՇԵՆԻ ՀՐԱՇԱԼԻՔՆԵՐԸ
Զույգ կամուրջներ
Մանջունայի ջրվեժ
Ֆուրթունա գետի կիրճ, Չամլըհամշեն
Զիլ ամրոց
Բալահովտի ջրվեժ
ճաշ՝ Համշենի ճաշատեսակներ և թեյախմությունԱյդերի յայլա. ազատ ժամանակ
գիշերակաց՝ Հոպա:Առավոտյան Սև ծովի համայնապատկերով նախաճաշից հետո կուղևորվենք՝ բացահայտելու Համշեն աշխարհի հրաշալիքները, տեսնելու Քաջքարի հպարտ լեռները: Նախ, կայցելենք սաղարթախիտ անտառներում թաքնված Մանջունայի հրաշագեղ և հանգստացնող ջրվեժ: Այնուհետև, մուտք կգործենք Ֆուրթունա գետի կիրճ, որը տպավորությունների նոր չափաբաժին կապահովի: Կտեսնենք համշենյան հրաշալի կամուրջները, կբարձրանանք թավ անտառներում, ժայռերի վրա վեր խոյացող ամրակուռ Զիլ ամրոցը, որը աշխարհի ամենատպավորիչ բերդերից է: Քիչ հեռվում Բալահովտի շառաչուն ջրվեժն է, որն առանձնանում է իր հզորությամբ, ջրի շիթերն անգամ տասնյակ մետրներ այն կողմ են հասնում, իսկ ջրվեժի ձայնը լսելի է լինում բավական հեռվից: Բալահովտի ջրվեժից հետո կայցելենք Այդերի հայտնի յայլան (բնակատեղին), որը զբոսաշրջային կենտրոն է՝ իր գեղատեսիլ անտառներով, գահավիժող ջրվեժներով, յուրահատուկ ճարտարապետությամբ, համշենյան տարազներով, տեղանքին բնորոշ հետաքրքիր երաժշտությամբ, և, իհարկե, պատմական կամուրջներով, որոնք կառուցվել են արագահոս Ֆուրթունա գետի վրա: Այստեղ մենք կհամտեսենք համշենյան կերակրատեսակները, ինչպես և Համշենի սրտում կվայելենք համշենյան լեգենդար թեյը: Այդերն ու նրա շուրջ տարածվող 4000 մետր բարձրությամբ Քաջքարի լեռները վայելելուց հետո կվերադառնանք Սև ծովի ափի մեր հյուրանոց:
ՕՐ 3 | ՊԱՏՄԱԿԱՆ ՏՐԱՊԻԶՈՆԸ
Սումելա վանական համալիր
Տրապիզոնի Ամենափրկիչ հայկական վանք
Տրապիզոնի Սուրբ Սոֆիայի տաճար
ճաշ ՏրապիզոնումԱզատ երեկո Հոպայում
գիշերակաց՝ Հոպա:Երրորդ օրն ամբողջությամբ նվիրված է Տրապիզոնին, հույներով ու հայերով բնակեցված երբեմնի ծաղկուն ու հարուստ պատմությամբ գեղեցիկ այս քաղաքին ու շրջակայքին: Այսօր էլ դեռ կարելի է գտնել հայկական ու հունական հարուստ հետքերը Տրապիզոնում և նրա շրջակայքում: Տրապիզոնում է նաև աշխարհահռչակ Սումելա վանական համալիրը՝ կառուցված ժայռերի վրա՝ շունչ կտրող տեսարաններով: Տրապիզոնում կտեսնենք հայկական Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, որտեղ պահպանվել են տպավորիչ և գեղեցկագույն որմնանկարներ, որոնցով կարելի է ժամեր շարունակ հիանալ: Կտեսնենք նաև Սուրբ Սոֆիայի տաճարը՝ հունական հնամենի եկեղեցին Տրապիզոնի սրտում: Պատմությամբ ներծծված օրվանից հետո վերադարձ Հոպա, որտեղ դուք կունենաք ազատ ժամանակ:
ՕՐ 4 | ՏԱՅՔԻ ՀՐԱՇԱԼԻՔՆԵՐԸ
Իշխանաց վանք
Թորթումի ջրվեժ և Թորթումի լիճ
ճաշ Թորթումում կամ ԷրզրումումՕշկվանք
Խախու վանք
գիշերակաց՝ Էրզրում:Հոպայից դուրս գալով՝ կտեսնենք Ճորոխի հովիտը բարձունքից և ճամփա կբռնենք դեպի Տայոց աշխարհ: Մեր ճանապարհը կշարունակենք դեպի Իշխանաց վանք՝ լեռներում բազմած ևս մեկ տիեզերական կառույց՝ վեհ ու հիացնող: Օրվա հերթական կանգառը կլինի ջրվեժների թագուհու՝ Թորթումի ջրվեժի մոտ: Նոր լիցքեր ստանալուց հետո մեզ են սպասում Օշկվանքն ու Խախուի եկեղեցին: Ազդեցիկ, գեղեցիկ ու փառահեղ է Օշկվանքը, որը դարերի ընթացքում չի կորցրել իր յուրահատուկ հմայքը՝ հանդիսանալով Տայքի գլուխգործոցներից թերևս գլխավորը: Խախուի վանքում կտեսնենք Գրիգոր Լուսավորչի բարձրաքանդակը՝ ձեռքին հայոց «Գ» տառը: Գիշերակացը հզոր Էրզրումում է (պատմական Կարինում):
ՕՐ 5 | ՏԱՅՔԻ ԵՎ ԿԱՐՆՈ ԳԱՆՁԵՐԸ
Էրզրում (Կարին). Սանասարյան վարժարան, Սուրբ Աստվածածին եկեղեցի, Կարնո բերդ
Օլթիի բերդ
Բանակի տաճար
ճաշ Արդահանում վերադարձ՝ Արդահան-Ախալքալաք-Երևան:Առավոտյան կշրջենք հայոց կարևորագույն քաղաքներից Կարինում (Էրզրումում)՝ այցելելով Կարնո Սանասարյան վարժարանը, որը հայոց կարևոր կրթական օջախներից էր: Էրզրումում կտեսնենք Սուրբ Աստվածածին եկեղեցին, ապա և հզոր քաղաքի բերդապարիսպները: Կարինից հետո մեր ճամփան կշարունակվի դեպի Օլթիի բերդը, որը տարբերվող և հետաքրքիր պաշտպանական կառույց է: Հաջորդ կանգառը զվարթնոցատիպ Բանակի տաճարն է՝ խորհրդավոր ու հզոր այս կառույցը, որը խոնարհված լինելով հանդերձ՝ անտարբեր չի թողնում իր այցելուներին: