ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ 7 ՕՐ

ՆԵՄՐՈՒԹ, ԱՆԻ, ՎԱՆ, ԿԱՐՍ, ԵՐԶՆԿԱ, ԷՐԶՐՈՒՄ, ԴԵՐՍԻՄ, ԽԱՐԲԵՐԴ, ՍԱՍՈՒՆ

Հարուստ և բացառիկ յոթօրյա այս ուղևորությանը տեսնելու եք Վանը, Անին, Կարսը, Դերսիմը, Երզնկան, Էրզրումը, Դերջանը, Խարբերդը, Մալաթիան, Տիգրանակերտը, Դիարբեքիրը, Բինգյոլը, Բիթլիսը, Բայազեդը, Նեմրութ(ները), Արածանի, Արաքս, Եփրատ, Տիգրիս գետերը, անցնելու եք Մասիսի լանջերով, Սասունով, Սարիղամիշով, Իգդիրով, մի շարք այլ հրաշալի վայրերով… Շրջագայությանն այցելելու եք հեքիաթային Դերսիմ ու պատմական Երզնկա, խորհրդավոր Անի Կամախ, Ծոփքի ու Փոքր Հայքի հրաշալիքներ, Հին աստվածների Նեմրութ, ինչպես և Վանա ծովի Նեմրութ: Այցի ընթացքում կարող եք լողալ Վանա ծովում, համտեսել Վանա տառեխ և ոչ միայն այսքանը…

Մեկնում՝ 

07:00 | Մարզահամերգային համալիրի դիմաց

Արժեքը՝
162000 դրամ
Ներառում է՝

4 / 3+ աստղանի բարձրակարգ հյուրանոց (Դիարբեքիր՝ Լիվ, Սիվերեք՝ Չելեբի, Դատվան՝ Քարդելեն, Երզնկա՝ Մեսութ, Խարբերդ` Իլբեյ/ Շիրին, Վան՝ Թահթ Փալաս, Բերկրի՝ Ռոյալ, Կարս՝ Սիմեր)

նոր մեքենաներ (Mercedes Sprinter/ Volkswagen Crafter միկրոավտոբուս, մինչև 18 տեղ)

2 անգամյա որակյալ սնունդ բոլոր օրերին (ընտրովի ճաշացանկ)

պրոֆեսիոնալ գիդ (հայտնի հայ թուրքագետներ) (ամեն խումբը՝ իր առանձին գիդով)

բոլոր տեսարժան վայրերի մուտքի տոմսերը

Վանում և Եփրատում նավարկության վճարը:

Չի ներառում՝

ՀՀ քաղաքացիների համար Թուրքիայի մուտքի վիզան 15.000 դրամ է, այն պատրաստում է մեր ընկերությունը: Վիզան տոմսի գնի մեջ ներառված չէ:

Մանրամասն Ծրագիր

ՕՐ 1 | ՀՐԱՇԱԳԵՂ ԱՆԻՆ Ու ՀԶՈՐ ԿԱՐՍԸ

Մեկնում՝ Երևան-Գյումրի-Ախալքալաք-Կարծախ [Վրաստան]

– Ծովակն Հյուսիսոյ (Չըլդըր) լիճ,

ճաշ Կարսում

– Կարս. Կարուց բերդ, Վարդանի կամուրջ, Սբ. Առաքելոց եկեղեցի, Չարենցի տուն,

– Անի. Մայր Տաճար, Սուրբ Փրկիչ, Աբուղամրենց, Տիգրան Հոնենց, Գագկաշեն եկեղեցիներ, պարիսպներ, այլ կոթողներ,

ընթրիք Կարսում գիշերակաց՝ Կարս:

Ճանապարհ ընկնելով Երևանից և անցնելով Բավրայի անցակետով՝ մուտք ենք գործում Ջավախք աշխարհ, որտեղից էլ, հատելով թուրք-վրացական սահմանը, անցնում ենք չնաշխարհիկ Ծովակն լճի ափերով՝ ուղի բռնելով դեպի հայոց թագավորների բերդաքաղաքը՝ Կարս: Առանձնահատուկ է ուղևորությունը դեպի Կարս, որտեղ մեզ հայկական պատմության և՛ փառավոր, և՛ տխուր էջերն են սպասում: Կարուց բերդն իշխում է ոչ միայն քաղաքի վրա, այլ նաև շրջակայքի: Դարերի ընթացքում կարևոր դեր ունեցած այս բերդը վսեմաշուք է նաև մեր օրերում: Պատրա՞ստ եք գրոհի: Ուրեմն՝ առա՜ջ: Կարուց բերդը հաղթահարելուց հետո ձեր առջև բացվում է երբեմնի հայկական հրաշք քաղաքի համայնապատկերը, որտեղ իր ուրույն տեղն ունի տառապյալ, բայց հզոր Սուրբ Առաքելոց եկեղեցին՝ փառահեղ, ազդու կոթող՝ իր յուրահատուկ ճակատագրով և բազում-բազում պատմություններով:

Իսկ Կարսում ինչպե՞ս կարելի է չանցնել Վարդանի կամրջով, ինչպե՞ս չգնալ այն տունը, որտեղ ապրել է մեծանուն գրող Եղիշե Չարենցը: Տեղն է վերհիշել «Երկիր Նաիրին» և զգալ նրա ամեն տողը հայկական պատմական հետքը չկորցրած այս քաղաքում, որտեղ հինավուրց շենքերի ճակատներից դեռ չեն հասցրել ջնջել հայերեն տառերը: Մեր հաջորդ կանգառը հրաշալի Անին է: Անգամ հեռվից Անիի ավերակները պատկառելի են, կախարդող: Հազար ու մի եկեղեցիների քաղաքում մեզ հիանալի շրջագայություն է սպասվում՝ պատմության խորխորատներում քարացած ինքնին մի պատմություն դարձած փառապանծ քաղաքն ուղղակի չի կարող անտարբեր թողնել, չի կարող չհուզել: Բոլորին է պարուրում իրարամերժ զգացմունքները՝ հպարտություն և ցավ, կիսավեր, հիասքանչ եկեղեցիներ, շքեղ շինություններ, նախկին փառքի լուռ վկայություն: Տեսնել Անին ու ապրել, այո՛, ապրե՛լ..

ՕՐ 2 | ՀՆԱԳՈՒՅՆ ՀԵՏՔԵՐՈՎ

նախաճաշ հյուրանոցում

– Սարիղամիշի անտառներ,

– Բասեն. Հովվի կամուրջ և Արաքս գետ,

– Կարին (Էրզրում). Հայկական եկեղեցի, Կարնո բերդ, Սանասարյան վարժարան,

ճաշ Էրզրումում կամ Երզնկայում

– Դերջան. Ապրանից վանք և հսկա խաչքարեր,

– Երզնկայի բազմահարկ ջրվեժ,

գիշերակաց՝ Երզնկա:

Հզոր Կարսն ու սքանչելի Անին բացահայտելուց հետո մեր ճանապարհը գնում է դեպի Կարնո աշխարհ: Կանցնենք բազում պատմություններով հայտնի Սարիղամիշի մշտադալար ու սաղարթախիտ անտառներով, որից հետո Բասենում կանգ կառնենք Մայր Արաքսի ափին, այն վայրում, որտեղ միջնադարյան Հովվի կամուրջն է՝ հրաշալի կառուցվածքով գեղեցիկ այս կամուրջը: Ցանկացողները կարող են անգամ Արաքս գետը մտնել: Իսկ Բասենից հետո մուտք կգործենք Էրզրում: Կարինը կամ մերօրյա Էրզրումը դեռ պահել է հայկական հետքը՝ Սուրբ Աստվածածին եկեղեցին, Սանասարյան վարժարանը, որոնցից յուրաքանչյուրն իր ուշագրավ պատմությունն ունի: Տպավորիչ են նաև Կարնո բերդի պահպանված հատվածները: Էրզրումից հետո կանցնենք Դերջանի շրջանով, որտեղ պահպանվել է Ապրանից վանքն ու ֆանտաստիկ խաչքարերը՝ շուրջ 6 մետր բարձրությամբ: Ապրանից վանքից հետո մենք կգնանք Երզնկա, իսկ ճանապարհին հաճելի դադար կանենք Երզնկայի ջրվեժի մոտ, որին կոչում են նաև բազմահարկ ջրվեժ:

ՕՐ 3 | ԱՐՔԱՆԵՐՆ ՈՒ ԱՍՏՎԱԾՆԵՐԸ

նախաճաշ հյուրանոցում

– Անի Կամախ. Բերդ,

– Դերսիմի շրջան և Դերսիմ քաղաք,

– Մնձուր գետի կիրճ և Անահիտի աղբյուրներ,

թեթև հյուրասիրություն Դերսիմում և ընթրիք Խարբերդում

– Նավարկություն Եփրատի վրա. Բերդակ բերդ,

– Խարբերդ. Խարբերդի բերդ և Հին քաղաք,

գիշերակաց՝ Խարբերդ:

Վերհիշելով անցյալի փառքն ու առնչվելով մեր պատմությանը: Այսպես կարելի է բնութագրել ուղևորությունն Անի Կամախ, որտեղ, ըստ պատմագիրների, թաղված են եղել հայոց արքաները: Անի Կամախը եղել է նաև հեթանոս շրջանի կարևորագույն հոգևոր կենտրոններից՝ հանդիսանալով Անահիտ աստվածուհու պաշտամունքի խոշոր կենտրոններից: Անի Կամախից հետո կմեկնենք Դերսիմ աշխարհ՝ բարձր լեռներով և մաքրամաքուր գետերով այս շրջանը մեր պատմության հետաքրքիր ու յուրօրինակ վայրերից է, որի հետ ծանոթությունը շատերի երազանքն է: Դերսիմում կանցնենք Մնձուր գետի կիրճով ու կհասնենք Անահիտի աղբյուրներին՝ բնության հրաշալիքին, որի մոտ դարեր շարունակ մեր հայրենակիցներն ուխտի էին գալիս՝ Անահիտ աստվածուհուն խնդրելու իրենց զավակներ պարգևել: Դերսիմից հետո մեր կանգառը Խարբերդում է, որը ևս մեր հարուստ պատմության վկաներից է: Այստեղ կտեսնենք Խարբերդի հզորագույն ու տպավորիչ բերդը, ապա նաև հին քաղաքի հայկական եկեղեցու ավերակները, որից հետո երեկոն և գիշերը կանցկացնենք Խարբերդում:

ՕՐ 4 | ՀԻՆ ԱՍՏՎԱԾՆԵՐԸ

նախաճաշ հյուրանոցում

– Մալաթիա. Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցի,

– Նեմրութ․ Հին Աստվածների սրբավայր,

ճաշ Ադըյամանում կամ Քյահթայում

– Եփրատ գետ,

գիշերակաց՝ Սիվերեք կամ Դիարբեքիր:

Խարբերդից ուղևորվում ենք Մալաթիա՝ երբեմնի ծաղկուն հայաբնակ քաղաքը, որը հայտնի է իր ծիրանով: Մալաթիայում պահպանվել է Սուրբ Երրորդություն եկեղեցին. յուրահատուկ ճարտարապետական կառուցվածքով և հետաքրքիր պատմությամբ հայկական այս կառույցը: Մալաթիայից մենք կուղևորվենք դեպի Հին աստվածների դիցավայրը՝ խորհրդավոր ու տպավորիչ Նեմրութ: Մեր օրերից երկու հազարամյակ առաջ մեր նախնիների կերտած այս գլուխգործոցը կարելի է համարել աշխարհի ութերորդ հրաշալիք: Նեմրութում անիրական ու տիեզերական է գրեթե ամեն ինչ՝ սկսած սրբավայրի տեղադրությունից մինչ աստվածների արձաններ քանդակելու վարպետությունը: Հրաշալի Նեմրութից հետո մեր ճափման գնում է դեպի Դիարբեքիր-Տիգրանակերտ, սակայն ճանապարհին մենք դեռ կանգնելու ենք Եփրատ գետի ափերին, որի փիրուզ ջրերը ձեզ խորունկ ծով են հիշեցնելու:

OՐ 5 | ԴԵՊԻ ՍԱՍՈՒՆ Ու ԲԻԹԼԻՍ

նախաճաշ հյուրանոցում

– Դիարբեքիր (Տիգրանակերտ) (Սուրբ Կիրակոս և Սուրբ Սարգիս եկեղեցիներ, Տիգրիս գետ, կամուրջ ու բերդապարիսպներ),

ճաշ Դիարբեքիրում

– Տիգրանակերտ քաղաք (Մայրաքաղաքի պարիսպներ),

– Սասունի Բաթմանա կամուրջ,

– Բաղեշ (Բիթլիս). բերդ, Փոռ գյուղի խաչքարեր և Սուրբ Անանիա եկեղեցի,

– Նեմրութ Վանի. Վանա լճի համայնապատկեր,

գիշերակաց՝ Դատվան:

Առավոտից կսկսենք բացահայտել պատմական հարուստ շերտերով Դիարբեքիրը, որը տեղացի հայերը սիրում են կոչել Տիգրանակերտ: Կտեսնենք քաղաքի լեգենդար պարիսպները, ապա և Տիգրիս գետն ու պատմական Տասներկուակնանի կամուրջը: Եվ մեզ կրկին ճանապարհն է կանչում: Անցնելով Աղձնիքով՝ հասնում ենք ենթադրաբար Տիգրան Մեծի կառուցած Տիգրանակերտ մայրաքաղաքը, որի անցյալի փառքից մեր օրերն են հասել պարիսպների հատվածները: Եվ ահա, մենք անցնում ենք Սասուն շրջանի հյուսիսային հատվածներով…Որքան լեգենդներ կան, որքան հայկականության կա խրոխտ Սասունում։ Հաջորդը լեռնային Բիթլիս (Բաղեշ) քաղաքն է, որտեղ պետք է տեսնենք ամրակուռ ու անառիկ Բիթլիսի բերդը, ինչպես և Փոռ գյուղի հայկական հսկա խաչքարերը, որոնք ուղղակի ապշեցնող են.. Գիշերակացը Վանա լճի անմիջական ափին գտնվող Դատվան գեղեցկագույն քաղաքում է:

OՐ 6 | ՎԱՆԱ ԵՐԱԶ

նախաճաշ հյուրանոցում

– Աղթամար կղզի (Սուրբ Խաչ եկեղեցի, Վանա լճում լողալ),

ճաշ. Վանա տառեխ՝ Վանա լճի ափին

– Վանա կատուների բուծարան,

– Վանի (Տուշպա/Տոսպ) բերդ, Ուրարտական արքաների դամբարան,

– Մհերի դուռ և Ագռավաքար,

– Վարագավանք*,

գիշերակաց՝ Վան կամ Բերկրի:

Եվ ահա ժամն է ուղևորվելու հրաշագեղ Աղթամար կղզի, որտեղ հեռվից իր ողջ շքեղությունն է ցուցադրում Սուրբ Խաչ հոյակերտ եկեղեցին, որի տեղադրությունն ու քանդակներն ապշեցնող են, ցնցող: Վանա լճում լողալը շատերի երազանքն է, բայց մեզ հետ այն շատ իրականություն է դառնում: Վանում լողալուց հետո իսկը ժամանակն է վայելելու լեգենդար վանա տառեխը՝ հայկական մեղեդիների ներքո Վանա լճի ափին: Հեքիաթայի՞ն է: Իհարկե, սակայն հեքիաթը դեռ չի ավարտվել..

Վանա լճի ափով հասնում ենք Վան քաղաք, որտեղ մեզ են սպասում Վանա կատուները, փառահեղ Տուշպա (Տոսպ) ամրոցը, Մհերի դուռը, որը գուցե հենց մենք ենք բացելու: Վանա կատուների բուծարանը յուրահատուկ վայր է, որտեղ ոչ միայն կարելի է տեսնել լեգենդար կատուներին, այլ նաև սիրել աչքերի տարբեր գույներ ունեցող այդ չարաճճիներին: Շուտով ժամանակն է հաղթահարելու հզորագույն Վանա բերդը, որտեղից անիրականի չափ հրաշալի տեսարան է բացվում է դեպի Այգեստանն ու Քաղաքամեջը, դեպի Վանա կապուտակ ծովը: Վանի բերդում բացում ենք ուրարտական հպարտ թագավորների դամբարանը, որը հասու չէ շատերին: Այս ամենից հետո մի՞թե չփորձենք մագլցել Ագռավաքարը՝ հասնելու Մհերի դռանը:

ՕՐ 7 | ԲԻԲԼԻԱԿԱՆ ԼԵՌԸ

նախաճաշ հյուրանոցում

– Բերկրիի ջրվեժ,

– Թոնդրակ լեռ և Լավայի դաշտեր,

– Դարոյնքի (Բայազեդի) բերդ և Իսահակ փաշայի պալատ,

– Մասիսի լանջերով անցում,

– Իգդիր քաղաքով անցում,

– Արաքս գետ, հայ-թուրքական սահման,

ճաշ Կարսում վերադարձ՝ Կարս-Ախալքալաք-Երևան:

Մեր ուղևորության վերջին օրվա առաջին կանգառը Բերկրիի ջրվեժն է՝ տարբերվող և գերող իր տեսարանով: Բնության այս հրաշալիքը շարունակ ձգում է, գերում, իսկ Բերկրի գետի արագահոս ջրերը մի քանի կիլոմետրից միախառնվելու են Վանա լճին: Թոնդրակն անցնելուց հետո մեր առջև Մասիսն է «մյուս» կողմից.. Փշաքաղեցնող տեսարան: Պատմական այս պահից հետո մեր կանգառը Դարոյնքի (Բայազեդի) բերդն է, որն էլ շուտով կհառնի մեր առաջ՝ իր անառիկ տեղադրությամբ, տպավորող կառուցվածքով և բազմաթիվ պատմություններով..

Եվ ահա գալիս է ամեն հայի երազած պահերից մեկը՝ անցումը Մասիսի լանջերով: Շուտով մեր ճանապարհն անցնելու է Իգդիրով, իսկ քիչ անց տեսնելու ենք Հայաստանի Հանրապետությունը մյուս կողմից՝ ձեռքի ափի հեռավորության վրա: Կանգառ Մայր Արաքսի ափին, որը շուտով միախառնվելու է Ախուրյանին.. Ծովակնի ջինջ ջրերն են կանչում, իսկ հաջորդիվ վերադարձի խոստումով հրաժեշտն է:

Գին` 162000 դրամ (առանց վիզայի)
Դուք դեռ տուր չեք ընտրել