ՍԱՐԻՂԱՄԻՇ, ԹՐԻՆ, ԶՎԻՆ, ՄԺՆԿԵՐՏ (ՁՄԵՌԱՅԻՆ ՔԱՅԼԱՐՇԱՎՆԵՐ 3 ՕՐ)
Սարիղամիշի մշտադալար անտառներում քայլե՞լ ու հասնել կուսական անտառների սրտում գտնվող անկրկնելի Թրին վանք, կամ էլ տեսնե՞լ միջնադարյան Հայաստանի նշանավոր բերդաքաղաքներից Մժնկերտն իր ժայռափոր ու բրգաձև եկեղեցիներով, տեսնե՞լ Զվին, Քյոռօղլի բերդերը։ Մեր ֆանտաստիկ երթուղին կտա Ձեզ այդ բացառիկ հնարավորությունը։ Մենք կտեսնենք ոչ միայն Սարիղամիշի պատմական հարուստ ժառանգությունը, այլ նաև Ծովակն Հյուսիսո լճի առափնյա գանձերը։ Քայլարշավները համադրված են պատմամշակութային այցերի հետ, ինչը խոստանում է հրաշալի զգացողություններ ապահովել չքնաղագույն այս երեք օրերի ընթացքում։ Յուրահատուկ երթուղի, յուրահատուկ երեք օր։ Երաշխավորված է։
Ծրագիր
Ծովակն Հյուսիսո լիճ
Սարդուրիի վիմափոր արձանագրություն
Սարիղամիշ քաղաքում պտույտ
Եկատերինայի որսորդական տնակ
Ծովակն Հյուսիսո լճի (Չըլդըր) ափերին մեզ է սպասում ուրարտական արքա Սարդուրիի վիմափոր արձանագրությունը, որն էլ միասին կփորձենք վերծանել։ Մեր ճանապարհը կշարունակենք դեպի Կարս և Սարիղամիշ, որտեղ տեսնելու ենք ցարական Ռուսաստանից ժառանգություն մնացած Նիկոլայի որսորդական փայտաշեն տնակը, որը կոչում են Եկատերինայի տնակ։
Քյոռօղլիի բերդ (թեթև քայլարշավ, 3 կմ)
Թրինի վանք (քայլարշավ, 14 կմ)
Ուղևորվում ենք միջնադարյան յուրահատուկ ևս մեկ բերդ տեսնելու, որը մեր օրերում հայտնի է Քյոռօղլի անվամբ։ Թեթև քայլարշավով կհասնենք բերդին, որի իշխող դիրքն ու կառուցվածքը ցնցող են։ Այսօր մեզ է սպասում նաև Սարիղամիշի անտառների սրտում գտնվող լեգենդար Թրինի վանքը, որն ունի նաև տպավորիչ ժայռափոր եկեղեցի։ Մշտադալար անտառներով քայլարշավն ու խիստ տարբերվող այս կոթողն ապահովելու են անջնջելի տպավորություններ մեզ համար։ Իրապես գեղեցիկ ու պատմությամբ հագեցած օր։
Զվին բերդ
Մժնկերտի բերդ և ժայռափոր եկեղեցիներ (քայլարշավ, 6 կմ)
Մեր ուղևորության վերջին օրն էլ է տպավորիչ և հագեցած։ Մեզ է սպասում Զվին բերդը, որը նույնպես խոստանում է զարմացնել բոլորիս։ Զվինի բացահայտումից հետո ճանապարհը կշարունակենք դեպի խորհրդավոր Մժնկերտ, որը միջնադարում ծաղկուն բնակավայր է եղել՝ հայտնի իր քարանձավային տներով ու ժայռափոր բրգաձև եկեղեցիներով։ Մժնկերտում կբացահայտենք տեղի հզոր բերդը, ապա նաև հրաշալի քայլարշավ կունենանք Մժնկերտի կիրճում՝ բացահայտելու ժայռափոր հայկական եկեղեցիները, ինչպես նաև վայելելու աննման գեղեցկությամբ առանձնացող բնությունը։