ԼԱԼԵՇ, ԷՐԲԻԼ, ԴՈՀՈՒԿ, ԱՄԵԴԻԵ, ՌԵՎԱՆԴՈՒԶ, ՄՈՒԾԱԾԻՐ + ՎԱՆ, ԿԱՐՍ, ԱԼԱՇԿԵՐՏ, ՍՂԵՐԴ
Նոր ու բացառիկ բացահայտումների, շքեղ բնության և հնամենի պատմության, արևելյան ջերմության և հյուրընկալության հետքերով գնում ենք Իրաք՝ միջագետքյան լեգենդար քաղաքակրթությունների օրորոց։ Մեր խոշորացույցի տակ կլինեն Իրաքի հյուսիսի հայկական, ասորական, եզդիական, քրդական, արաբական հրաշալիքները, որոնք միանշանակ զարմացնելու ու հիացնելու են ձեզ։ Մեր տպավորիչ այցի ընթացքում կլինենք իր գեղեցկագույն կիրճերով ու ջրվեժներով առանձնացող Ռևանդուզում, եզդիական գլխավոր սրբավայր Լալեշում, Զախո, Էրբիլ և Դոհուկ քաղաքներում, որտեղ կան հայկական գործող եկեղեցիներ, Ամեդիա պատմական քաղաքում, հայտնի Շանիդար քարանձավում, Զապ գետի հովտում, մի շարք այլ հրաշալի վայրերում։ Այս ամենին գումարենք նաև Արևմտյան Հայաստանի մի շարք հրաշալիքները՝ Արաքսը, Տիգրիսը, Ալաշկերտը, Սղերդը, Կարսը, Վանի ափերը, որոնք տեսնելու ենք դեպի Իրաք ճանապարհին, և ամենն էլ ավելի տպավորիչ կլինի։ Անվտանգ ու հետաքրքիր, բացառիկ ու տարբերվող ուղևորություն է մեզ սպասվում՝ լի բազում բացահայտումներով և յուրահատուկ կոլորիտով։
Այն վայրերն ու տարածքները, ուր այցելելու ենք Իրաքում, անվտանգ են և ապահով։ Տեղացի փորձառու գիդի ու Համշեն տուրի պրոֆեսիոնալ գիդի հետ ուղեկցությունը կդառնա հավելյալ առավելություն այս ֆանտաստիկ երթուղու համար։
Ծրագիր
Ծովակն Հյուսիսո լիճ
Արաքս գետ
Ալաշկերտի դաշտեր
Վանա լճի արևմտյան ափեր
Եվ այսպես ճանապարհ ենք ընկնում դեպի Իրաքի հյուսիս, իսկ մեր ճանապարհն անցնում է Արևմտյան Հայաստանով, որտեղ մի քանի տպավորիչ ու պատմական վայրեր են մեզ սպասում։ Կանցնենք Ծովակն Հյուսիսո լճի ափերով, կտեսնենք Մայր Արաքսը, կանցնենք Ալաշկերտի դաշտերով, ինչպես նաև Սիփանի գեղեցիկ տեսարանով կհասնենք Վանա լճի ափեր, որտեղով էլ կմեկնենք վաստակած հանգստի։
Ջիզրե․ Ջուդի-Արարատի տեսարան
Տիգրիս գետ
անցում Թուրքիայից Իրաք
Զախո․ Դալալ կամուրջ և հայկական եկեղեցի
Յուրահատուկ պահերից առաջ նաև յուրահատուկ տեսարաններն են մեզ սպասում։ Նախ կհասնենք թուրք-իրաքյան սահման, որտեղից հրաշալի տեսարան է բացվում Ջուդի-Արարատ լեռան ուղղությամբ, որը ևս համարում են այն լեռը, որտեղ Նոյն է իջել։ Շուտով կանցնենք Միջագետի խոշորագույն գետերից Տիգրիսն ու նաև կհատենք սահմանը։ Իրաքում մեր առաջին կանգառը կլինի Զախո քաղաքում, որտեղ կտեսնենք տեղի պատմական կամուրջն ու նոր կառուցվող հայկական եկեղեցին։ Գիշերակացը Դոհուկ քաղաքում է։
Ամեդիե․ քաղաքային զբոսանք
Մեծ Զապ գետի կիրճ
Շանիդար քարանձավ
Ռևանդուզ․ Ռևանդուզի կիրճեր, ջրվեժներ, Մուծածիրի ենթադրյալ վայր
Այն, ինչ սպասվում է այսօր, տպավորությունների, զգացողությունների, տեսարանների և պատմության ամենաիսկական հրավառություն է։ Մեզ է սպասում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում գտնվող Ամեդիա պատմական քաղաքը՝ իր բազմաշերտ մշակույթով, սինագոգով, բերդի գեղեցիկ դարպասով, ատրուշանով և այլ հրաշալիքներով։ Այնուհետև մեզ է սպասում Հայկական լեռնաշխարհից սկիզբ առնող Զապ գետը, որի կիրճն ուղղակի գլխապտույտ գեղեցիկ է, ինչն էլ միասին վայելելու ենք։ Հաջորդիվ Շանիդար քարանձավն է, որը համարում են մարդկային պատմության սիրո առաջին դրսևորման վայրը, ինչն էլ միասին կհասկանանք։ Եվ իհարկե՝ Ռևանդուզ։ Աշխարհի ամենագեղեցիկ բնությամբ վայրերից մեկը՝ խորը ու հսկա կիրճեր, անհամար ջրվեժներ, շունչ կտրող տեսարաններ։ Ռևանդուզը ֆանտաստիկ է։ Կհամոզվենք։
Էրբիլի բերդ և քաղաքային զբոսանք
Էրբիլի Անկավա քրիստոնեական թաղամաս
Էրբիլի Սբ Խաչ հայկական եկեղեցի
Դոհուկ․ Հալամատա ժայռաքանդակ (քայլարշավ, ըստ իրավիճակի)
Դոհուկ․ Սբ Ներսես Շնորհալի հայկական եկեղեցի
Իրաքյան բացահայտումները շարունակվում են։ Սկսում ենք Միջագետի հնագույն քաղաքներից մեկի՝ Էրբիլի բացահայտմամբ՝ տեսնելով տեղի հզոր բերդը, շրջելով քաղաքում, ծանոթանալով տեղի կոլորիտին։ Կայցելենք նաև նորակառույց ու անչափ գեղեցիկ հայկական Սբ Խաչ եկեղեցին, ինչպես նաև կպտտվենք Անկավա քրիստոնեական թաղամասում, որտեղ շատ են նաև ասորական եկեղեցիները։ Էրբիլին հրաժեշտ տալով՝ կմեկնենք Դոհուկ, որտեղ մեզ է սպասում ևս մեկ նորակառույց ու տպավորիչ հայկական եկեղեցի՝ Սբ Ներսես Շնորհալի եկեղեցին։ Ըստ օրվա ժամանակացույցի՝ կարող ենք քայլել նաև Հալամատայի ասորական ժայռաքանդակները տեսնելու, որոնք ոչ միայն հազարամյակների պատմություն ունեն, այլ նաև բավական տպավորիչ են։
Լալեշ
անցում Իրաքից Թուրքիա
Սղերդ․ Բոթանի կիրճ
Սասունի հարավով անցում
Բիթլիսով անցում
Մեր այս հրաշալի օրը կսկսենք մեր այցի կարևորագույն նպատակակետերից Լալեշով, որը եզդիական գլխավոր սրբավայրն է աշխարհում։ Յուրահատուկ ու պատմական այս վայրը միանշանակ անչափ տպավորելու է։ Շուտով կսկսենք Իրաքից Թուրքիա անցումը, սակայն դեպի մեր գիշերակաց տանող ճանապարհին էլ տպավորիչ հրաշալիքներ են մեզ սպասում։ Անցնելով Տիգրիս գետի վրայով և Նոյան տապանի հետ ասոցացվող ու Միջագետի բարձր գագաթներից Ջուդի-Արարատ լեռան տեսարանը վայելելով՝ կմեկնենք Սղերդ, որտեղ մեզ է սպասում ևս մեկ գերտպավորիչ կիրճ՝ Բոթանի կիրճը, որից հետո կամ կգիշերենք Սղերդում, կամ Դատվանում՝ տեսնելով նաև պատմական Բաղեշը (Բիթլիսը)։
Վանա լճի արևմտյան ափեր
Սարիղամիշի անտառներ
Կարս․ Սբ Առաքելոց եկեղեցու, Կարսի բերդի և Վարդանի կամրջի տեսարան
Վերադարձին ևս տպավորիչ վայրեր են մեզ ուղեկցելու։ Վանա լճի արևմտյան ափերով կհասնենք Ալաշկերտի դաշտեր, ապա Սարիղամիշի մշտադալար անտառներով կշարունակենք ճանապարհը Կարս բերդաքաղաք, որտեղ կտեսնենք Սբ Առաքելոց եկեղեցու, Կարսի բերդի և Վարդանի կամրջի տեսարանները, կճաշենք, որից հետո էլ յուրահատուկ տպավորություններով կվերադառնանք Երևան։