ՎԵՐԵԼՔ ՋԻԼՈ 2025
Հայկական լեռնաշխարհի գեղեցկագույն անկյուններից Կորդվաց լեռների ամենաբարձր գագաթը՝ դժվարահասանելի ՋԻԼՈՆ է մեզ սպասում։ Երկար տարիներ լեռնագնացության համար ամբողջությամբ փակ լեռը մեզ համար դարձել է հասանելի և կընդունի իր գագաթը հասնել երազողներին։ Ջիլոյի վերելքը խոստանում է լինել անմոռաց ու ֆանտաստիկ։ Բացառիկ այս վերելքին միանալով՝ կարող եք դառնալ հայաստանյան առաջին լեռնագնացներից, որոնք հասել են Ջիլոյի բաղձալի գագաթ։ Ջիլոն միանշանակ կգրավի իսկական լեռնային վերելքի սիրահարներին, քանի որ այն մեր տարածաշրջանի հետաքրքիր ու բարդ վերելքներից է խոստանում։ Ջիլոն (Ջողա) Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր 5 գագաթներից մեկն է՝ 4116 մետր բարձրությամբ, այն մերօրյա Թուրքիայի և Իրաքի սահմանագծին է՝ Թուրքիայի Հաքքարի նահանգում։ Վստահեք այս կարևոր ու պատասխանատու վերելքն Արևմտյան Հայաստանի առաջատար տուրօպերատոր Համշեն տուրին, որը մասնագիտացած է նաև լեռնագնացության ոլորտում։
Ջիլոյի վերելքը բարդ է, պարտադիր է մասնակցի լեռնային փորձը և լիարժեք լեռնային հանդերձանքն ու գույքը։ Ծանր իրերն ու ճամբարային գույքը տեղափոխվելու են կենդանիների միջոցով։ Վրանները տրամադրում է Համշեն տուրը։
Ծրագիր
Ծովակն Հյուսիսո լիճ
Արաքս գետ
անցում Մասիսի լանջերով
Բերկրիի ջրվեժ
Դեպի Ջիլո մեզ տանում են այնքան հարազատ ու կարևոր ճանապարհներ։ Չէ՞ որ տեսնելու ենք Ծովակն Հյուսիսո լիճը, մոտենալու ենք նաև Մայր Արաքսին։ Անցնելու ենք Մասիս լեռան լանջերով և վայելելու ենք լեռան տեսարանը Բայազետի կողմից։ Թարմանալու ենք Բերկրիի չքնաղ ջրվեժի մոտ, որից հետո Վանա լճի ափերով ճանապարհվելու ենք Վան քաղաք, ապա և Յուքսեքովա քաղաք, որտեղ մեր հյուրանոցն է։
Վերելք ճամբար
Վերելք Ջիլոյի գագաթ
Վերադարձ ճամբար
Վերադարձ հյուրանոց
Երկրորդ օրվա առավոտյան, նախաճաշելով հյուրանոցում, մեքենաներով կմոտենանք լեռան ստորոտին, որտեղից արդեն կսկսենք քայլել դեպի վրանային ճամբար, որտեղ կհանգստանանք, կընթրենք ու կգիշերենք։ Հաջորդ օրը վաղ առավոտյան կսկսենք դեպի գագաթ վերելքը, ուր հասնելուց և այն լիարժեք վայելելուց հետո կվերադառնանք ճամբար՝ կազդուրվելու ու գիշերելու։ Հաջորդ օրն առավոտյան կսկսենք իջնել դեպի մեկնարկի կետ, որտեղից մեքենաներով կմեկնենք Յուքսեքովայի մեր հյուրանոց՝ վաստակած հանգստի։
Վերելքի մեկնարկի կետից (ծովի մակարդակից մոտ 2000 մետր) դեպի ճամբար քայլարշավի երկարությունը մոտ 7 կմ է, հարաբերական բարձրությունը՝ մոտ 1000 մետր։ Ճամբարից գագաթ քայլարշավի երկարությունը 5 կմ է, հարաբերական բարձրությունը՝ մոտ 1100 մետր։ Լեռան բարձրությունը 4116 մետր է։
Վանա լճի ափին ազատ ժամանակ
Վերադարձի օրն անգամ խոստանում է տպավորել։ Հրաժեշտ տալով Կորդվաց աշխարհին՝ Վանա լճի ափերով կշարժվենք առաջ, սակայն Ջիլոյի գեղեցկությունն ու հզորությունը վայելածներն արժանի են նաև ազատ ժամ ունենալ Վանա լճի ափերին, ինչն էլ սիրով կկազմակերպենք։ Այնուհետև, կշարժվենք Բայազետ ու Կարս, որտեղ կճաշենք ու կվերադառնանք Երևան։