ՀԱՅՈՑ ՄԻՋԱԳԵՏՔ 7 ՕՐ

ՄԱՐԴԻՆ, ՄԻԴՅԱԹ, ՀԱՍԱՆՔԵՅՖ, ԽԱՌԱՆ, ԵԴԵՍԻԱ, ՊՈՐՏԱՍԱՐ, ԴԻԱՐԲԵՔԻՐ, ՍՂԵՐԴ, ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏ

Միջագետքը մարդկության պատմության կարևորագույն տարածքներից է, որտեղ հազարամյակներով կերտվել ու զարգացել են տարբեր քաղաքակրթություններ, կրոններ, ազգեր, մշակույթներ։ Միջագետքը մեր օրերում էլ իր յուրահատկությամբ զարմացնում է և հիացնում, այն լիովին այլ աշխարհ է։ Մեր այս հրաշալի ուղևորության միջոցով կբացահայտենք Հյուսիսային Միջագետքի ամենակարևոր պատմական վայրերն ու բնության ամենագեղեցիկ դրսևորումները՝ առանձին շեշտադրելով նաև հայկական հարուստ ժառանգությունը։ Մեր այս ֆանտաստիկ այցին մեզ են սպասում Միջագետքի և ընդհանրապես Արևելքի ամենակոլորիտային անկյուններից Մարդինն ու Միդյաթը, Հասանքեյֆն ու Դիարբեքիրը, Եդեսիան ու Խառանը, առեղծվածային Պորտասարը, բազմաթիվ հայկական, ասորական եկեղեցիներ։ Բացառիկ այցով կլինենք նաև իրական Տիգրանակերտում, կտեսնենք Սղերդն ու Մուշը և մի շարք այլ հրաշալի վայրեր։ Իրապես բացառիկ ու տարբերվող ուղևորություն, որը տպավորությունների հսկա չափաբաժին է ապահովելու։

Առաջիկա մեկնումներ՝ Դեռ նախատեսված չէ
Մեկնում՝ 05:00, ժամանում՝ 23:55, հասցե՝ Թումանյան 8
Գինը՝ 195000 դրամ
Ներառում է`
3+ աստղանի հյուրանոց (երկտեղանի և երեքտեղանի համարներ)
բարձրակարգ տրանսպորտը (Mercedes Sprinter/VW)
2 անգամյա որակյալ սնունդ (ընտրովի ճաշացանկ)
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը (հայ թուրքագետներ)
բոլոր տեսարժան վայրերի մուտքի տոմսերը
Չի ներառում`
Թուրքիայի մուտքի վիզան՝ ՀՀ քաղաքացիների համար 15 000 դրամ, այն պատրաստում է մեր ընկերությունը

Ծրագիր

ՕՐ 1
մեկնում՝ Երևան-Գյումրի-Ախալքալաք-Կարծախ

Ծովակն Հյուսիսո լիճ
Սարիղամիշի անտառներ
Բասեն․ Արաքս գետ և Հովվի կամուրջ

ընթրիք Մուշում
գիշերակաց՝ Մուշ

Մինչ կթակենք Միջագետքի դռները, մեզ են սպասում այլ պատմական վայրեր ևս։ Ինչպես Արևմտյան Հայաստանում տուրերի մեծ մասի դեպքում, մեր ուղին կսկսենք Ծովակն Հյուսիսո (Չըլդըր) լճի ափերից, ապա անցնելով Սարիղամիշի մշտադալար անտառներով՝ կհասնենք Մայր Արաքի ափերին, որտեղ կտեսնենք Հովվի տպավորիչ կամուրջը։ Երեկոն Մուշում է։

ՕՐ 2
նախաճաշ հյուրանոցում

Արղնիի բերդ
Դիարբեքիր-Տիգրանակերտ. Սբ Կիրակոս և Սբ Սարգիս եկեղեցիներ, Պարիսպներ, Տիգրիս գետ և Տասնակյա կամուրջ, Շուկա

ընթրիք Դիարբեքիրում
գիշերակաց՝ Դիարբեքիր

Միջագետի երկու խոշոր գետերից Տիգրիսի ափին է Արղնին, որտեղ տեղի խիստ տպավորիչ ժայռափոր բերդը կտեսնենք։ Այնուհետև կմեկնենք Դիարբեքիր, որը տեղի հայերը սիրում են կոչել Տիգրանակերտ։ Դիարբեքիրը Միջագետքի դարպասն է, անչափ հարուստ ազգային ու կրոնական շերտերով, լի արևելյան շնչով, որտեղ կբացահայտենք ինչպես հայկական հարուստ ժառանգությունը, այդ թվում՝ Սբ Կիրակոս գործող եկեղեցին և Սբ Սարգիս եկեղեցին, այնպես էլ բազմաթիվ այլ պատմական հետաքրքիր շերտեր։ Կայցելենք նաև Տիգրիսի վրա կառուցված Տասնակյա կամուրջ։ Դիարբեքիրում մանրամասն պտույտից ու յուրահատուկ բացահայտումներից հետո դադար կլինի հենց այս պատմական քաղաքում։

ՕՐ 3
նախաճաշ հյուրանոցում

Հասանքեյֆ
Միդյաթ
Մոր Գաբրիել վանական համալիր
Դարա անտիկ քաղաք

ընթրիք Մարդինում
գիշերակաց՝ Մարդին

Հասանքեյֆը համարվում է Միջագետքի ամենահետաքրքիր բնակավայրերից, որտեղ կան բազում հայկական և ասորական ժայռափոր եկեղեցիներ։ Թեև վերջին տարիներին քաղաքի մի զգալի մասն անցել է նոր կառուցված ջրամբարի ջրերի տակ, բայց և այնպես Հասանքեյֆը բացահայտելու հնարավորություններ դեռ կան։ Հաջորդիվ Միդյաթն է մեզ սպասում՝ Միջագետի ամենավառ ու կոլորիտային անկյուններից մեկը, որտեղ անչափ տպավորիչ է ասորական շերտը։ Կայցելենք Մոր Գաբրիելի ասորական վանք, որը քրիստոնեական աշխարհի կարևորագույն սրբավայրերից է։ Մեզ է սպասում նաև Դարա անտիկ քաղաքը՝ ևս մեկ հրաշք վայր մեր գեղեցիկ օրվա ընթացքում։ Իսկ երեկոն կախարդական Մարդինում է։

OՐ 4
նախաճաշ հյուրանոցում

Մարդինում պտույտ
Մարդինի Սբ Հովսեփ եկեղեցի
Դերյուզաֆերան ասորական եկեղեցի
Դերիկի Սբ Գևորգ հայկական եկեղեցի

ընթրիք Ուրֆայում
գիշերակաց՝ Ուրֆա

Արևի քաղաք Մարդինը պատրաստ է զարմացնելու և հիացնելու։ Այստեղ գեղեցիկ է ամեն անկյունը, պատմության շունչն ամենուր է։ Մենք էլ եկել ենք հենց գեղեցիկ տեսարանների և պատմության հետևից։ Կայցելենք Մարդինի Սբ Հովսեփ հայկական եկեղեցի, ինչպես նաև Դերյուզաֆերան ասորական եկեղեցի։ Մարդինը մանրակրկիտ բացահայտելուց հետո կմեկնենք Եդեսիա, սակայն ճանապարհին ևս մեկ տպավորիչ դադար ունենք․ Դերիկ բնակավայրի Սբ Գևորգ հայկական եկեղեցին։ Երեկոն Եդեսիա-Ուրֆայում է։

ՕՐ 5
նախաճաշ հյուրանոցում

Եդեսիա (Ուրֆա). Սրբազան ձկների ավազան և Եդեսիայի բերդ
Խառան
Գերմուշի Սբ Աստվածածին եկեղեցի
Պորտասար

ընթրիք Դիարբեքիրում
գիշերակաց՝ Դիարբեքիր

Այսօր պատմության ամենախորքն ենք գնալու։ Օրը կսկսենք Եդեսիայից, որի կենտրոնում կտեսնենք տեղի պատմական բերդը, ինչպես նաև Աբրահամի սրբազան ձկների ավազանը։ Խառանը ոչ միայն հռոմեացիների և պարթևների պատմական ճակատամարտի վայրն է, այլ նաև առանձնանում է տարօրինակ հնամենի տներով։ Գերմուշում կտեսնենք տեղի հայկական Սբ Աստվածածին եկեղեցին, որը նույնպես շատ յուրահատուկ կառույց է։ Եվ ահա պահն է վայելելու անչափ խորհրդավոր ու առեղծվածային Պորտասար հնավայրը, որը մեզ կտեղափոխի պատմության ամենախորքը։ Տպավորիչ օր է։ Միանշանակ։

ՕՐ 6
նախաճաշ հյուրանոցում

Տիգրանակերտ (Տիգրան Մեծի իրական մայրաքաղաքը)
Սղերդ․ Բոթան և Թիլո կիրճեր
Բիթլիսով և Դատվանով անցում

ընթրիք Մուշում
գիշերակաց՝ Մուշ

Այսօր ոչ միայն գեղեցիկ, այլ շատ նշանակալի օր է, քանի որ մեր խումբը կդառնա այն եզակիներից, որն այցելել է Տիգրան Մեծի կառուցած պատմական Տիգրանակերտ մայրաքաղաք։ Երկար ժամանակ մասնագետները փորձում էին տեղորոշել Տիգրանակերտի կառուցման վայրը, որը վերջապես իր հստակ պատասխանը ստացել է։ Մայրաքաղաք Տիգրանակերտ էին համարում Սիլվան-Նփրկերտը, անգամ Դիարբեքիրը, սակայն այն այլ վայրում է, ուր էլ բացառիկ այցով կգնանք։ Հրաշալի այս բացահայտումից հետո ճանապարհ կբռնենք դեպի Սղերդ, որտեղ բնությունն ամենաֆանտաստիկ ձևով է ստեղծագործել։ Այստեղ մեզ երկու գլխապտույտ կիրճ է սպասում՝ Թիլոն և Բոթանը, որտեղից տեսարաններն առանձնակի շքեղ են։ Հրաժեշտ տալով Միջագետքին՝ կվերադառնանք անուշ Մուշ։

ՕՐ 7
նախաճաշ հյուրանոցում

Մուշ․ Սբ Մարինե եկեղեցի և Հայկական թաղ
Արածանի գետ և Սուլուխի կամուրջ
Խնուսով և Վարդոյով անցում

ճաշ Կարսում
վերադարձ Կարս-Ախալքալաք-Գյումրի-Երևան

Վերադարձին ևս ունենք հետաքրքիր դադարներ ու այցեր։ Մուշ քաղաքում կտեսնենք տեղի Հայկական թաղն ու Սբ Մարինե եկեղեցին, որից հետո արդեն Արածանի գետի ափերին կտեսնենք Սուլուխի կամուրջը, որը միշտ պատրաստ է զարմացնելու։ Այնուհետև, անցնելով Խնուսով, Բասենով, Սարիղամիշով և Կարսով՝ կվերադառնանք Երևան՝ մեզ հետ բերելով վառ տպավորություններ կախարդական Միջագետքից։


Գրանցում

Գինը՝ 195000 դրամ