ՀԱՄՇԵՆ, ՏՐԱՊԻԶՈՆ, ՍԵՎ ԾՈՎ 4 ՕՐ
Պատկերացնենք մի այնպիսի այց, որի ժամանակ կարելի է տեսնել դրախտային Համշենը, հեքիաթային Տրապիզոնը, յուրահատուկ Արդահանը, չքնաղ Շավշատը, ինչպես նաև ժամանակ անցկացնել Սև ծովի ափին։ Ձեզ համար պատրաստել ենք նման մի հրաշալի այց․ մեր քառօրյա գեղեցիկ ծրագրով կտեսնեք Համշենի տարբեր հրաշալիքներ, այդ թվում՝ Զիլ ամրոցն ու Այդերը, Մանջունայի և Բալահովտի ջրվեժները, գեղեցիկ կամուրջները, թավ անտառները, կվայելեք Շավշատի կանաչի երանգներն ու պատմական կոթողները, իսկ Տրապիզոնում էլ կծանոթանաք տեղի հայկական ու հունական հարուստ և արժեքավոր ժառանգությանը, այդ թվում՝ Սումելայի անկրկնելի վանքին։ Մեր հետաքրքիր այցի երրորդ օրվա ավարտին կունենաք նաև ազատ ժամանակ Սև ծովի ափին՝ վայելելու օրվա ոսկե ժամն ու չքնաղ մայրամուտը, իսկ ցանկացողները կարող են նաև լողալ ծովում։ Գեղեցիկ ու հետաքրքիր ծրագիր, որը միանշանակ անչափ տպավորելու է Ձեզ։ Մեր հարուստ փորձն ու նվիրումը Ձեր քառօրյա այցը կդարձնեն իրապես հիշարժան, բովանդակալից և անսահման գեղեցիկ։
Ծրագիր
Սև լիճ (Շավշատ)
Տբետի վանք
Շավշատի բերդ
Ճոխ Ճորոխ
Անցնելով Բավրայի անցակետով և Ջավախքով՝ մուտք կգործենք լեռնային Արդահան: Մեր առաջին կանգառը կանաչի աշխարհ Շավշատի սրտում է՝ աննման Սև լճի ափին, որը պատրաստ է խենթացնելու իր այցելուներին։ Կայցելենք նաև Բագրատունիների կառուցած վեհաշուք տաճարներից Տբետը, որն անչափ տպավորելու է բոլորին։ Գեղատեսիլ Շավշատում կտեսնենք նաև տեղի հայտնի բերդը՝ կառուցված Բագրատունիների կողմից, ինչպես և բերդի բարձունքից կվայելենք հրաշագեղ բնությունը: Մեզ է սպասում նաև այդքան սիրված Ճոխ Ճորոխ դիտակետը, որտեղից կտեսնենք Հայոց լեռնաշխարհի չորս կարևորագույն գետերից Ճորոխի շունչ կտրող տեսարանն ու բարձրադիր Արդվին քաղաքը, ապա Բորչկա գավառակով կհասնենք Սև ծովի ափ, որտեղ էլ համշենյան Խոփա / Հոպա քաղաքում մեր գիշերակացն է։
Զույգ կամուրջներ
Մանջունայի ջրվեժ (քայլարշավ)
Ֆուրթունա գետի կիրճ և Չամլիհամշեն
Զիլ ամրոց
Բալահովտի ջրվեժ
Այդեր. ազատ ժամանակ
Առավոտյան Սև ծովի համայնապատկերով նախաճաշից հետո կուղևորվենք՝ բացահայտելու Համշեն աշխարհի հրաշալիքները: Կայցելենք Զույգ կամուրջներ, որոնք վայելելուց հետո կքայլենք սաղարթախիտ անտառներում թաքնված Մանջունայի հզոր ջրվեժ: Այնուհետև, մուտք կգործենք Ֆուրթունա գետի կիրճ, որը տպավորությունների նոր չափաբաժին կապահովի: Կտեսնենք համշենյան հրաշալի կամուրջները, կբարձրանանք թավ անտառներում, ժայռերի վրա վեր խոյացող ամրակուռ Զիլ ամրոցը, որն աշխարհի ամենատպավորիչ բերդերից է: Քիչ հեռվում Բալահովտի շառաչուն ջրվեժն է, որն առանձնանում է իր հզորությամբ, ջրի շիթերն անգամ տասնյակ մետրներ այն կողմ են հասնում, իսկ ջրվեժի ձայնը լսելի է լինում բավական հեռվից: Բալահովտի ջրվեժից հետո կայցելենք Այդերի հայտնի յայլան (ամառային բնակատեղին), որը զբոսաշրջային կենտրոն է՝ իր գեղատեսիլ անտառներով, գահավիժող ջրվեժներով, յուրահատուկ ճարտարապետությամբ, համշենյան տարազներով, տեղանքին բնորոշ հետաքրքիր երաժշտությամբ: Այստեղ մենք կհամտեսենք համշենյան կերակրատեսակներ, ինչպես և կվայելենք համշենյան լեգենդար թեյը, որից հետո ազատ ժամանակ կունենանք Այդերում:
Տրապիզոնի Սբ Սոֆիայի տաճար
Տրապիզոնի Սբ Ամենափրկիչ վանք
Սումելա վանք
ազատ ժամանակ Սև ծովի ափին
Երրորդ օրն ամբողջությամբ նվիրված է Տրապիզոնին, հույներով և հայերով բնակեցված երբեմնի ծաղկուն ու հարուստ պատմությամբ գեղեցիկ այս քաղաքին ու շրջակայքին: Այսօր էլ դեռ կարելի է գտնել հայկական ու հունական հարուստ հետքերը Տրապիզոնում և նրա շրջակայքում: Տրապիզոնում է նաև աշխարհահռչակ Սումելա վանքը՝ կառուցված ժայռերի վրա՝ շունչ կտրող տեսարաններով: Տրապիզոնում կտեսնենք հայկական Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, որտեղ պահպանվել են տպավորիչ և գեղեցկագույն որմնանկարներ, որոնցով կարելի է ժամեր շարունակ հիանալ: Կտեսնենք նաև Սուրբ Սոֆիայի տաճարը՝ հունական հնամենի եկեղեցին Տրապիզոնի սրտում: Պատմությամբ ներծծված օրվանից հետո կվերադառնանք Հոպա, որտեղի լողափում էլ կունենանք ազատ ժամանակ․ ցանկացողները կարող են լողալ կամ հիանալ գեղեցիկ տեսարաններով ու գեղեցիկ մայրամուտով։
Դոլիսխանայի եկեղեցի
Դժոխքի ձոր (թեթև քայլարշավ)
Արդահան. Կուր (Քուռ) գետ և Արդահանի բերդ
Վերադարձի օրն անգամ հարուստ է և գեղեցիկ։ Մեզ է սպասում Դոլիսխանայի եկեղեցին, որի տեղադրությունն ու հետաքրքիր ճարտարապետությունը հրաշալի են։ Այնուհետև, թեթև ու գեղեցիկ քայլարշավ կունենանք Դժոխքի ձորում, որը միանշանակ կտպավորի մեզ։ Նախատեսված է նաև դադար Արդահանի հզոր բերդն ու Քուր գետը տեսնելու համար, որոնք մեր այցն էլ ավելի հագեցած ու հետաքրքիր կդարձնեն։ Եվ միայն այս ամենը տեսնելուց հետո կարող ենք մտածել վերադարձի մասին։