ՀԱՄՇԵՆ, ՏՐԱՊԻԶՈՆ, ՏԱՅՔ, ԷՐԶՐՈՒՄ 5 ՕՐ

ՀԱՄՇԵՆ, ՏՐԱՊԻԶՈՆ, ՏԱՅՔ, ԷՐԶՐՈՒՄ 5 ՕՐ

Հագեցած պատմական տուր, հրաշալի ու շքեղ բնություն, անկրկնելի ու հիշարժան օրեր: Այս խոսքերը մեր հնգօրյա ուղևորության մասին են դեպի Հայոց դրախտ՝ Համշեն, հրաշալի Տրապիզոն, խորհրդավոր Տայք, յուրահատուկ Գուգարք, տպավորիչ Էրզրում։ Համշենը բնության հրաշալիքներից է, միևնույն ժամանակ հարուստ մեծաթիվ պատմական կոթողներով: Բաց մի՛ թողեք ոչ միայն վայելելու հեքիաթային բնությունն ու տեղի պատմությունը, այլ նաև հնարավորությունը ծանոթանալու համշենյան ավանդույթներին և կենցաղին, խոհանոցին, հրաշալի տարազներին: Բացի այդ, տուրի ընթացքում կայցելենք Տրապիզոնի, Կղարջքի, Գուգարքի, Կարնո և Տայոց աշխարհների բազում հրաշալիքներ՝ բացահայտելու հայկական և հունական գլուխգործոցները:

Առաջիկա մեկնումներ՝ Դեռ նախատեսված չէ
Մեկնում՝ 05:00, ժամանում՝ 23:55, հասցե՝ Թումանյան 8
Գինը՝ 139000 դրամ
Ներառում է`
3+ աստղանի հյուրանոց (երկտեղանի և երեքտեղանի համարներ)
բարձրակարգ տրանսպորտը (Mercedes Sprinter/VW)
2 անգամյա որակյալ սնունդ (ընտրովի ճաշացանկ)
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը (հայ թուրքագետներ)
տեսարժան վայրերի մուտքի տոմսերը (բացի Սումելայիս)
Չի ներառում`
Թուրքիայի մուտքի վիզան՝ ՀՀ քաղաքացիների համար 15 000 դրամ, այն պատրաստում է մեր ընկերությունը
Սումելա վանական համալիրի մուտքավճարը՝ մոտ 9500 դրամ:

Ծրագիր

ՕՐ 1 | ԴՐԱԽՏԻ ԴԱՐՊԱՍՆԵՐԸ
Մեկնում՝ Երևան-Գյումրի-Ախալքալաք-Արդահան

Սև լիճ (Շավշատ)
Տբետի վանք
Շավշատի բերդ
Դոլիսխանայի եկեղեցի
Ճոխ Ճորոխ

ընթրիք Հոպայում
գիշերակաց՝ Հոպա կամ Արհավի

Անցնելով Բավրայի անցակետով և Ջավախքով՝ մուտք կգործենք լեռնային Արդահան: Նախ, կուղևորվենք դեպի Շավշատի հրաշալիքներից Սև լիճը, որը չի կարող անտարբեր թողնել ոչ ոքի: Այնուհետև կուղևորվենք Բագրատունիների կառուցած վեհաշուք տաճարներից Տբետ։ Գեղատեսիլ Շավշատում կտեսնենք նաև տեղի հայտնի բերդը՝ կառուցված Բագրատունիների կողմից, ինչպես և բերդի բարձունքից կկարողանանք վայելել շրջակայքի հրաշագեղ բնությունը: Մեր ճանապարհը կշարունակվի դեպի Արդվին՝ ճանապարհին մտնելով Դոլիսխանայի միջնադարյան եկեղեցի: Ճանապարհին կտեսնենք Հայոց լեռնաշխարհի չորս կարևորագույն գետերից Ճորոխը (սիրված Ճոխ Ճորոխ դիտակետը), բարձրադիր Արդվին քաղաքը, ապա Բորչկա գավառակի միջով կհասնենք Սև ծովի ափ, որտեղ էլ գեղատեսիլ Հոպա քաղաքն է:

ՕՐ 2 | ԴՐԱԽՏՈՒՄ
նախաճաշ հյուրանոցում

Զույգ կամուրջներ
Մանջունայի ջրվեժ (քայլարշավ)
Ֆուրթունա գետի կիրճ, Չամլըհամշեն
Զիլ ամրոց
Բալահովտի ջրվեժ

ճաշ՝ Համշենի ուտեստներ և թեյախմություն

Այդեր. ազատ ժամանակ

գիշերակաց՝ Հոպա կամ Արհավի

Առավոտյան Սև ծովի համայնապատկերով նախաճաշից հետո կուղևորվենք Համշեն աշխարհի հրաշալիքների բացահայտման հետքերով: Կայցելենք աննկարագրելի գեղեցիկ Զույգ կամուրջներ, որից հետո կքայլենք սաղարթախիտ անտառներում թաքնված Մանջունայի հրաշագեղ ջրվեժ: Այնուհետև, մուտք կգործենք Ֆուրթունա գետի կիրճ, որը տպավորությունների նոր չափաբաժին կապահովի: Կտեսնենք համշենյան հրաշալի կամուրջները, կբարձրանանք թավ անտառներում, ժայռերի վրա վեր խոյացող ամրակուռ Զիլ ամրոցը, որը աշխարհի ամենատպավորիչ բերդերից է: Քիչ հեռվում Բալահովտի շառաչուն ջրվեժն է, որն առանձնանում է իր հզորությամբ: Բալահովտի ջրվեժից հետո կայցելենք Այդերի հայտնի յայլան (բնակատեղին), որը զբոսաշրջային կենտրոն է՝ իր գեղատեսիլ անտառներով, գահավիժող ջրվեժներով, յուրահատուկ ճարտարապետությամբ, համշենյան տարազներով, տեղանքին բնորոշ հետաքրքիր երաժշտությամբ: Այստեղ մենք կհամտեսենք համշենյան կերակրատեսակները, ինչպես և Համշենի սրտում կվայելենք համշենյան լեգենդար թեյը, ապա կունենանք ազատ ժամանակ Այդերում։

ՕՐ 3 | ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԳՐԿՈՒՄ
նախաճաշ հյուրանոցում

Տրապիզոնի Ամենափրկիչ վանք
Տրապիզոնի Սբ Սոֆիայի տաճար
Սումելա վանք

ճաշ Տրապիզոնում

ազատ երեկո Հոպայում կամ Սև ծովի ափին

գիշերակաց՝ Հոպա կամ Արհավի

Երրորդ օրն ամբողջությամբ նվիրված է Տրապիզոնին, հույներով ու հայերով բնակեցված երբեմնի ծաղկուն ու հարուստ պատմությամբ գեղեցիկ այս քաղաքին ու շրջակայքին: Այսօր էլ դեռ կարելի է գտնել հայկական ու հունական հարուստ հետքերը Տրապիզոնում և նրա շրջակայքում: Տրապիզոնում է նաև աշխարհահռչակ Սումելա վանքը՝ կառուցված ժայռերի վրա՝ շունչ կտրող տեսարաններով: Տրապիզոնում կտեսնենք հայկական Սբ Ամենափրկիչ եկեղեցին, որտեղ պահպանվել են տպավորիչ և գեղեցկագույն որմնանկարներ, որոնցով կարելի է ժամեր շարունակ հիանալ: Կտեսնենք նաև Սուրբ Սոֆիայի տաճարը՝ հունական հնամենի եկեղեցին Տրապիզոնի սրտում: Պատմությամբ ներծծված օրվանից հետո վերադարձ Հոպա, որտեղ դուք կունենաք ազատ ժամանակ:

ՕՐ 4 | ՏԱՅՔԻ ՀՄԱՅՔԸ
նախաճաշ հյուրանոցում

Իշխանաց վանք
Թորթումի ջրվեժ
Օշկվանք
Խախու վանք

ընթրիք Էրզրումում
գիշերակաց՝ Էրզրում

Հոպայից դուրս գալով՝ կտեսնենք Ճորոխի հովիտը բարձունքից և ճամփա կբռնենք դեպի Տայոց աշխարհ: Մեր ճանապարհը կշարունակենք դեպի Իշխանաց վանք՝ լեռներում բազմած ևս մեկ տիեզերական կառույց՝ վեհ ու հիացնող: Օրվա հերթական կանգառը կլինի ջրվեժների թագուհու՝ Թորթումի ջրվեժի մոտ: Նոր լիցքեր ստանալուց հետո մեզ են սպասում Օշկվանքն ու Խախուի վանքը: Ազդեցիկ, գեղեցիկ ու փառահեղ է Օշկվանքը, որը դարերի ընթացքում չի կորցրել իր յուրահատուկ հմայքը՝ հանդիսանալով Տայքի գլուխգործոցներից թերևս գլխավորը: Խախուի վանքում կտեսնենք Գրիգոր Լուսավորչի բարձրաքանդակը՝ ձեռքին հայոց «Գ» տառը: Գիշերակացը պատմական Կարինում է (Էրզրում):

ՕՐ 5 | ՀՐԱԺԵՇՏ
նախաճաշ հյուրանոցում

Էրզրում (Կարին). Սանասարյան վարժարան, Սուրբ Աստվածածին եկեղեցի, Կարնո բերդ
Օլթիի բերդ
Բանակի տաճար

ճաշ Արդահանում

Արդահան. Կուր (Քուռ) գետ, Արդահանի բերդ

վերադարձ՝ Արդահան-Ախալքալաք-Երևան:

Առավոտյան կշրջենք հայոց կարևորագույն քաղաքներից Կարինում (Էրզրումում)՝ այցելելով Կարնո Սանասարյան վարժարանը, որը հայոց կարևոր կրթական օջախներից էր: Էրզրումում կտեսնենք Սուրբ Աստվածածին եկեղեցին, ապա և հզոր քաղաքի բերդապարիսպները: Կարինից հետո մեր ճամփան կշարունակվի դեպի Օլթիի բերդը, որը տարբերվող և հետաքրքիր պաշտպանական կառույց է: Հաջորդ կանգառը զվարթնոցատիպ Բանակի տաճարն է՝ խորհրդավոր ու հզոր այս կառույցը, որը խոնարհված լինելով հանդերձ՝ անտարբեր չի թողնում իր այցելուներին: Մեր վերջին կանգառն Արդահան քաղաքում է, որտեղ պահպանվել է հնամենի բերդը, իսկ քաղաքի միջով անցնում է Քուռ գետը: Այս ամենը վայելելուց հետո ճանապարհը կշարունակենք դեպի Երևան։


Տուրի քարտեզ

Գրանցում

Գինը՝ 139000 դրամ