ԿԻԼԻԿԻԱՅԻ ԲԵՐԴԵՐԸ 8 ՕՐ

ԿԻԼԻԿԻԱՅԻ 20 ԲԵՐԴԵՐ, ՍԻՍ, ԼԵՎՈՆԿԼԱ, ՎԱՀԿԱ, ԱՆԱՄՈՒՌ, ԱՅԱՍ, ՊԱՅԱՍ, ԱՆԱՐԶԱԲԱ, ՀՌՈՄԿԼԱ, ԱՅՆԹԱՓ

Կիլիկիայի լեգենդար բերդերն են մեզ կանչում։ Գերբացառիկ այս ուղևորությանը կտեսնենք մեր պատմության ամենահզոր բերդերից շատերը, կայցելենք Կիլիկիայի ամենանշանավոր վայրերը, կքայլենք պատմական արահետներով, կվայելենք նմանը չունեցող տեսարաններ, կտեսնենք մեծարժեք պատմական կոթողներ։ Միացեք այս եզակի ուղևորությանը, որը հավակնում է դառնալ Ձեր կյանքի ամենայուրահատուկներից ու ամենահետաքրքիրներից։ Ուղևորություն, որը Ձեզ կտեղափոխի Տունն Կիլիկիո՝ վայելելու հայկական միջնադարն իր ամենաշքեղ գույներով։ 

Առաջիկա մեկնումներ՝ Դեռ նախատեսված չէ
Մեկնում՝ 05:00, ժամանում՝ 23:55, հասցե՝ Թումանյան 8
Գինը՝ 229000 դրամ
Ներառում է`
3* և 4* հարմարավետ հյուրանոց (երկտեղանի համարներ)
բարձրակարգ տրանսպորտը (Mercedes Sprinter/VW)
2 անգամյա որակյալ սնունդ (ընտրովի ճաշացանկ)
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը (հայ թուրքագետներ)
բոլոր տեսարժան վայրերի մուտքի տոմսերը
Միջերկրական ծովում նավարկության վճարը
Չի ներառում`
Թուրքիայի մուտքի վիզան՝ ՀՀ քաղաքացիների համար 15 000 դրամ, այն պատրաստում է մեր ընկերությունը

Ծրագիր

ՕՐ 1 | ՃԱՄՓԱՆ ԷՐԳՐԻ
մեկնում՝ Երևան-Գյումրի-Ախալքալաք-Կարծախ [Վրաստան]

Ծովակն Հյուսիսո լիճ
Սարիղամիշի անտառներ

ընթրիք Մուշում
գիշերակաց՝ Մուշ

Մինչ կհասնենք Կիլիկիա, ճանապարհին էլ մեզ համար շատ հետաքրքիր ու արժեքավոր վայրեր կան, որոնք այցելելու ենք։ Նախ, դադար կվերցնենք Ծովակն Հյուսիսո լճի ափին, որից հետո կշարունակենք մեր գեղեցիկ ու պատմական ճանապարհը։ Շուտով անցնելու ենք Սարիղամիշի մշտադալար անտառներով, Բասենով ու Խնուսով մեր ճանապարհը կշարունակենք դեպի անուշ Մուշ, որտեղ էլ մեր գիշերակացն է։

ՕՐ 2 | ԵՓՐԱՏԻՆ ՀՅՈՒՐ
նախաճաշ հյուրանոցում

Սասունի Խուլփ
Հռոմկլա բերդ և նավարկություն Եփրատ գետով

ընթրիք Այնթափում
գիշերակաց՝ Այնթափ

Մուշից կսկսենք մեր երթը, որը կանցնի հերոսական Սասունի Խուլփի շրջանով, ապա Դիարբեքիրով, ապա ուղի կբռնենք դեպի Այնթափ, իսկ ճանապարհին մեզ է սպասում անկրկնելի դադար՝ նավարկելու Եփրատով ու տեսնելու լեգենդար Հռոմկլան։ Հռոմկլան ոչ միայն որպես պաշտպանական կառույց էր հայտնի, այլ նաև եղել է կաթողիկոսանիստ, որտեղ Ներսես Շնորհալու շիրիմն է ամփոփված։ Տպավորիչ օր է սպասվում։

ՕՐ 3 | ԾՈՑԸ ՀԱՅՈՑ
նախաճաշ հյուրանոցում

Բագրաս (Բուղրաս) բերդ
Պայաս ամրոց
Այասի ցամաքային բերդ
Այասի ծովային բերդ
Լևոնկլա բերդ

ընթրիք Ադանայում
գիշերակաց՝ Ադանա

Եվ ահա սկսվում է հզորազոր բերդերի շքերթը։ Կսկսենք Բագրասի բերդից, որն անչափ կտպավորի ցանկացած այցելուի։ Հաջորդիվ Պայասն է մեզ սպասում՝ իր ամրակուռ պարիսպներով։ Հայոց ծոցի մյուս կողմում է Այասն իր ծովային ու ցամաքային բերդերով, որոնք նույնպես սպասում են իրենց բացահայտողներին։ Այասի ցամաքային բերդից կնավարկենք Այասի ծովային բերդի մոտ, ինչը շատ տպավորիչ փորձ է։ Եվ ահա, Կիլիկիայի ամենահզոր ու ամենաշքեղ կառույցներից Լևոնկլան է, որը ոչ միայն անչափ տպավորում է իր տեսքով, այլ իր բարձրաբերձ աշտարակներից բացվող տեսարանով ուղղակի գերում է։ Կիլիկիան ինչպես որ է։

ՕՐ 4 | ԿԻԼԻԿԻԱՅԻ ՍՐՏՈՒՄ
նախաճաշ հյուրանոցում

Սիսի բերդ
Սիսի կաթողիկոսություն
Վահկա բերդ
Թումլու բերդ
Անարզաբա․ բերդ և բերդաքաղաք (քայլարշավ)

ընթրիք Ադանայում
գիշերակաց՝ Ադանա

Կիլիկիայի հայկական թագավորության երբեմնի մայրաքաղաքը, Հայոց կաթողիկոսանիստ քաղաքը՝ Սիսն է մեզ սպասում, որը անջնջելի հետք կթողնի իր շքեղագույն տեղադրությամբ և ամրակուռ բերդով։ Սիսը լիարժեք վայելելուց հետո ճանապարհ կընկնենք Լեռնային Կիլիկիայի նշանավոր բերդերից Վահկան բացահայտելու, իսկ նրանից հետո անկրկնելի Անարզաբան է մեզ դիմավորելու՝ անտիկ շրջանից մինչև միջնադար անթիվ գանձեր ամբարելով իր պատերի ներքո։ Մենք ոչ միայն կտեսնենք Անարզաբա քաղաքը, այլ նաև կբարձրանանք համանուն բերդը։ Օրվա ծրագրի ավարտին մեզ է սպասում Թումլու բերդը՝ ևս մեկ անառիկ ամրություն Կիլիկիայում։

ՕՐ 5 | ԾՈՎԱՅԻՆ ԿԻԼԻԿԻԱ
նախաճաշ հյուրանոցում

Անամուռ
Սելևկիայի բերդ
Կոռիկոսի ցամաքային բերդ
Կոռիկոսի ծովային բերդ

Այսօր ծովեզերքի ամրությունների օրն է։ Կսկսենք գերտպավորիչ ու հսկա Անամուռից, որի ատամնավոր բերդապարիսներն անսահման ազդու են։ Ապա կայցելենք Սելևկիայի բերդ, որի բարձունքից կվայելենք շունչ կտրող տեսարաններ, իսկ օրվա մնացած մասը Կոռիկոսի համար է՝ ոչ միայն բացահայտելու, այլ նաև վաստակած հանգիստը վայելելու Միջերկրական ծովի ափին։

ՕՐ 6 | ԼԵՌՆԱՅԻՆ ԿԻԼԻԿԻԱ
նախաճաշ հյուրանոցում

Լամբրոնի բերդ
Գուգլակի բերդ․ Կիլիկիայի դարպասներ (քայլարշավ)
Թիլ Համտուն բերդ

ընթրիք Այնթափում
գիշերակաց՝ Այնթափ

Տավրոսի լեռներում է թառած ևս մեկ լեգենդար բերդ՝ հզոր Լամբրոնը, որը տպավորությունների հերթական խենթ բաժինն է ապահովելու։ Իսկ զորեղ Լամբրոնից հետո մեզ է սպասում ևս մեկ խելահեղ վայր՝ Գուգլակի բարձրաբերձ բերդը, որտեղից չքնաղ տեսարան է բացվում դեպի Կիլիկիայի դարպասներ։ Առավել համարձակները կարող են նկարվել այն ժայռի վրա, որը կախված է այս կիրճի վրա։ Բայց սա ամենը չէ․ Թիլ Համտուն բերդն էլ է մեզ սպասում՝ նորից ու նորից զարմացնելու։

ՕՐ 7 | ՀՐԱԺԵՇՏ
նախաճաշ հյուրանոցում

Այնթափի բերդ
Ուրֆայի (Եդեսիայի) բերդ
Սրբազան ձկների ավազան
Դիարբեքիր-Տիգրանակերտ․ Սբ Կիրակոս եկեղեցի և Բերդապարիսպներ

ընթրիք Մուշում
գիշերակաց՝ Մուշ

Կիլիկիայից վերադարձին էլ մենք հրաշալիքներ ունենք տեսնելու, որոնցից մեկն էլ Այնթափի հզոր բերդն է, որին կհաջորդի Ուրֆայի բերդը։ Երկու տպավորիչ ու հզոր բերդեր, որոնք միանշանակ տպավորելու են և՛ իրենց տեսքով, և՛ պատմությամբ։ Դիարբեքիր-Տիգրանակերտում էլ մեզ է սպասում հայկական գործող Սբ Կիրակոս եկեղեցին, ինչպես նաև այս հնամենի քաղաքի ամուր բերդապարիսպները։ Ասել է, թե պատմության շունչն այսօր էլ է լիարժեք թևածելու։

ՕՐ 8 | ԱՆՈՒՇ ՄՈՒՇԸ
նախաճաշ հյուրանոցում

Մուշ. Հայկական թաղ, Սբ Մարինե եկեղեցի, Արածանի գետ, Սուլուխի կամուրջ և Մշո դաշտ
Բասեն. Հովվի կամուրջ և Արաքս գետ

ճաշ Կարսում
վերադարձ՝ Կարս-Ախալքալաք-Երևան

Օրը կսկսենք Մուշում՝ տեսնելու տեղի հայկական ժառանգությունը, այդ թվում՝ Արածանի գետն ու Սուլուխի կամուրջը, Մուշի հայկական թաղը։ Ճանապարհին կտեսնենք նաև Մայր Արաքսն ու նրա վրա կառուցված անչափ գեղեցիկ Հովվի կամուրջը։ Այս ամենից հետո միայն կվերադառնանք Երևան՝ հիշողությունների հսկա չափաբաժնով։


Գրանցում

Գինը՝ 229000 դրամ