ՍԲ ԹԱԴԵ, ՍԲ ՍՏԵՓԱՆՈՍ ՎԱՆՔԵՐ, ԾՈՐԾՈՐ, ԽՈՅ, ՍԱԼՄԱՍՏ, ՈւՐՄԻԱ, ՔԱՆԴՈՎԱՆ, ԹԱՎՐԻԶ
Մեզ հետ այցելեք Պարսկահայք և քառօրյա հրաշալի ուղևորության ընթացքում ծանոթացեք Իրանում հայկական մշակութային գլուխգործոցներին, այդ թվում՝ տեսեք հռչակավոր Սբ Ստեփանոս Նախավկայի և Սուրբ Թադեի վանքերը, Ծործորի եկեղեցին, քարանձավային Քանդովանը և Արևելքի գոհարներից Թավրիզը, հայկական շնչով Խոյը, Մակուն, Ջուղան և Սալմաստը, զարմանահրաշ Ուրմիա (Կապուտան) լիճը, Մայր Արաքսը, Տղմուտ գետն ու Ավարայրի դաշտը, Մասիսը «մյուս» կողմից: Բացի Պարսկահայքի և արևելյան Վասպուրականի հայկական հարուստ պատմական ժառանգությունը, կտեսնեք նաև բնության գլուխգործոցներ, ինչպես և այդ տարածքների այլ կարևոր տեսարժան վայրեր:
Ծրագիր
Արաքսի հովտի տեսարանը Մեղրիից
անցում Մեղրիից Իրան
Ավերակ ջաղաց ջրվեժ
Հին Ջուղա. Հովվի եկեղեցի և Խոջա Նազարի քարավանատուն
Սբ Ստեփանոս Նախավկայի վանք
Արաքսի գետափ և Նախիջևանի համայնապատկեր
ազատ երեկո Մակու քաղաքում
Մեր հրաշալի ուղևորությունը կսկսենք Մեղրիից, որտեղ տպավորիչ դիտակետից կվայելենք Արաքսի հովտի հայտնի տեսարանը։ Ապա կհատենք հայ-իրանական սահմանն Արաքս գետի վրա: Մեր հրաշալի ուղևորության հաջորդ կանգառը կլինի բնության գլուխգործոց Ավերակ ջաղաց ջրվեժը, որը թարմություն կհաղորդի մեզ ու առավել կտրամադրի հիանալի ճամփորդությանը: Այնուհետև կուղևորվենք Հին Ջուղա, որտեղ Արաքսի ափին կբացահայտենք հայկական եկեղեցաշինության յուրօրինակ նմուշ Հովվի մատուռը, ինչպես և երբեմնի վաճառաշահ Ջուղայի խոշոր քարավանատներից մեկը, որը կառուցել է հայ վաճառական Խոջա Նազարը: Պահն է ոչ միայն հայկական, այլ նաև համաշխարհային ճարտարապետության գլուխգործոց Սուրբ Ստեփանոս Նախավկայի վանք այցելության: Սուրբ Ստեփանոսի վանքը հիանալի պահպանված տպավորիչ կառույց է, որը նաև ՅՈւՆԵՍԿՕ-ի պատմական ժառանգության ցուցակում է: Մենք կբացահայտենք բացառիկ քանդակներով զարդարված գործող այս եկեղեցին ու նրան կից հետաքրքրագույն այլ կառույցներ: Այս անկրկնելի ու ֆանտաստիկ վայրից հետո մեր ուղին Արաքսի ափերով կշարունակվի Մակու, իսկ ճանապարհին մենք կտեսնենք սահմանից այն կողմ Նախիջևանը: Ընթրիքն ու գիշերակացը Մակու քաղաքում են՝ Մասիսի ու Սիսի ստորոտին։
Արարատ լեռը «մյուս» կողմից և Մակու քաղաքի համայնապատկեր
Ծործորի եկեղեցի
Ավարայրի դաշտի ենթադրյալ վայրն ու Տղմուտ գետ
Սբ Թադեի վանք
Խոյ. Սբ Սարգիս եկեղեցի
Սալմաստ․ Փայաջուկ՝ Րաֆֆու ծննդավայր
Սալմաստ․ Մինասի ժայռաքանդակ
ազատ երեկո Ուրմիա քաղաքում
Մեր ճամփորդության երկրորդ օրը խոստանում է բացահայտումների ու զգացողությունների հսկա չափաբաժին: Ժամանակն է գնալ Ծործորի հրաշագեղ եկեղեցին, որի ճանապարհից էլ բացվում է տիեզերական տեսարան դեպի Սիսն ու Մասիսը՝ «հակառակ կողմից», այն էլ՝ Մակուի համայնապատկերով: Բիբլիական Արարատի տեսարանը վայելելուց հետո կայցելենք Ծործորի եկեղեցի, որը ՅՈւՆԵՍԿՕ-ի պատմական ժառանգության ցանկից է: Սբ Թադեի վանքը կարևորագույն սրբավայր է, միևնույն ժամանակ, ճարտարապետական փառահեղ կոթող: Եկեղեցու բազմադարյա պատմությունը, կառույցն իր ճոխ ու աննման քանդակներով ուղղակի ստիպում են քարանալ ու փորձել որսալ ամեն կտորը: Սբ Թադեի վանքից դեպի Խոյ քաղաք ու Խոյի Սուրբ Սարգիս եկեղեցի մենք կանցնենք այն տարածքով, որը մասնագետները համարում են Ավարայրի դաշտը: Խոյում ճաշելուց հետո կմեկնենք Սալմաստ, ուր կայցելենք Փայաջուկ գյուղ․ Փայաջուկում է ծնվել հայ մեծանուն գրող Րաֆֆին և որտեղ դեռ կարելի է գտնել նրա հայրական տան վայրը: Սալմաստին մոտ կտեսնենք Սասանյանների ժայռաքանդակը ներկայիս Մինաս գյուղի մոտ, ուր հիշատակվում են հայերն ու Հայաստանը, որով այն փաստացի դառնում է այս տարածքների «հայկականության անձնագիրը»: Հրաշալի ու հագեցած օրվանից հետո ժամանակն է հանգստի Ուրմիա քաղաքում:
Ուրմիա (Կապուտան) լիճ
Քանդովան քարանձավային քաղաք
Թավրիզի Սբ Մարիամ Աստվածածին եկեղեցի
Թավրիզի պատմական շուկա. ազատ ժամանակ
Օրը սկսում ենք Հայկական բարձրավանդակի երեք խոշոր լճերից Կապուտանով (Ուրմիա լիճ): Կապուտան-Ուրմիան անչափ տպավորիչ է և աչքի է ընկնում խիստ յուրօրինակ տեսարաններով, որոնց նմանն այլ վայրերում չեք գտնի։ Պատմական այս պահից հետո կշարունակենք մեր ուղին դեպի Թավրիզ, որտեղի ճանապարհը անցնում է Ուրմիա լճի կենտրոնով կառուցված կամրջի վրայով: Թավրիզին մոտ կայցելենք Քանդովան, որը հետաքրքրագույն ու հնագույն քարանձավային բնակավայր է, ուր մարդիկ ապրում են անգամ մեր օրերում, այն էլ՝ մի քանի հարյուր տարեկան քարանձավային տներում: Հաջորդ կանգառը Թավրիզ քաղաքն է, որն Արևելքի իսկական արտացոլումն է: Թավրիզում կայցելենք Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին, որը հնագույնն է Թավրիզի հայկական եկեղեցիների շարքում, իսկ ավելի ուշ կվայելենք մեր ազատ ժամանակն աշխարհի խոշորագույն փակ շուկաներից մեկում՝ Թավրիզի շուկայում, որն արևելյան բազարի դասական մարմնավորումներից է՝ առանձնանալով իր կոլորիտով և կառուցվածքով։
Թավրիզի կամար
Թավրիզի Կապույտ մզկիթ
Մեր ուղևորության վերջին օրը ևս հագեցած ու հետաքրքիր է: Կտեսնենք Թավրիզի խորհրդանիշ Թավրիզի (Ալիշահի) կամարն ու բազմադարյա Կապույտ մզկիթը, որը ևս Թավրիզի այցեքարտերից է: Ավարտելով թավրիզյան պտույտը՝ կվերադառնանք Երևան՝ մեզ հետ բերելով հրաշալի հուշեր, անկրկնելի զգացողություններ և վառ տպավորություններ։