Խուճապի վանքը հայկական միջնադարյան ճարտարապետության ամենատպավորիչ օրինակներից է՝ առանձնանալով իր արտաքին նրբագեղ, բայց և միևնույն ժամանակ ճոխ հարդարմամբ։ Խուճապի վանքի գլխավոր եկեղեցին կառուցվել է 13-րդ դարում, երբ Հայաստանում հաստատված էր Զաքարյանների իշխանությունն ու տարածվում էր քաղկեդոնականությունը։ Խուճապի վանքը, որը պատմական Գուգարքի Բողնոփոր գավառում է, այժմ հայ-վրացական սահմանի անմիջական հարևանությամբ է, ՀՀ Լոռվա մարզում, առավել մոտ է Լոռվա Պրիվոլնոե և Ջիլիզա գյուղերին, Լալվար լեռան հյուսիսահայաց ստորոտում է։
Վանքի գլխավոր եկեղեցին գմբեթավոր դահլիճ է, արտաքին հարդարումը՝ ֆելզիտ տեսակի քարով, ներսի հատվածում օգտագործված է նաև թրծված աղյուս։ Եկեղեցու բարավորների արձանագրությունները քերված են, ուստի հնարավոր չէ հստակ պարզել եկեղեցու օծման անունը։ Տարածքում կան նաև 9-10-րդ դարով թվագրվող եկեղեցու ավերակներ։ Խուճապից ոչ հեռու Խորակերտի առաքելադավան վանքն է, որը, սակայն, արդեն Վրաստանի ներկայիս սահմաններում է։ Հետարքրքական է, որ մինչև 1930-ական թվականները տարածքում հաստատված են եղել ռուս միանձնուհիներ, որոնք զբաղվել են նաև վանքի խնամքով։ Խորհրդային իշխանությունների կողմից մենաստանը փակելուց հետո միանձնուհիների մի մասը տեղափոխվել է մոտակայքի հայաբնակ Աղքյորփի գյուղ (ներկայում Վրաստանի Մարնեուլի շրջանում է գյուղը)։
Լինելով սահմանային շերտում՝ Խուճապի վանք հնարավոր է հասնել միայն հատուկ թույլտվության դեպքում։ Ընդ որում, ճանապարհի մի մասն անցնում է կուսական անտառների միջով։ Համշեն տուրը կազմակերպում է այցելություններ Խուճապի վանք։