ՎԱՆԻ 4 ԿՂԶԻՆԵՐԸ, ՎԱՆ, ԴԱՏՎԱՆ, ԲԵՐԿՐԻ, ԱՐՃԵՇ, ԱՐԾԿԵ, ԽԼԱԹ, ԱՂԲԱԿ
Իրապես բացառիկ ուղևորություն, որի շրջանակներում, պտտվելով Վանա լճի շուրջ բոլորը, կբացահայտենք Վասպուրականի անգին գանձերից շատերը, կվայելենք շքեղ բնությունն ու ցնցող տեսարանները, գլուխգործոց պատմական կոթողները։ Հրաշալի այս ծրագրով կլինենք Վանա լճի բոլոր 4 կղզիներում, կայցելենք Վարագավանք, Նարեկավանք, Սբ Էջմիածին, Սբ Բարդուղիմեոսի վանքեր, կլինենք լեգենդար Հայոց ձորում, կբարձրանանք Վանի, Խոշաբի բերդեր, Հայկաբերդ, կլինենք Նեմրութի խառնարանում, Բերկրիում, այլ տպավորիչ վայրերում։ Բաց մի թողեք այս բացառիկ հնարավորությունը՝ ճանաչելու մեր պատմական հայրենիքի կարևորագույն հատվածներից մեկի հարուստ պատմությունն ու ամբողջությամբ վայելելու Վանա ծովը։ Այս ուղևորությունը Վան-Վասպուրական շարքի առաջին մասն է։
Ծրագիր
Ծովակն Հյուսիսո լիճ
Մասիսի լանջերով անցում
Դեպի Վան և Վասպուրական աշխարհ մեր անկրկնելի շրջագայությունը կսկսվի Ծովակն Հյուսիսո (Չըլդըր) լճի ափերից, ապա կշարունակվի դեպի Արաքսի ափեր, անցնելով Իգդիրով, կհասնենք Մասիս լեռան ստորոտին և լեռան փեշերով կանցնենք նրա մյուս կողմը՝ Բայազետ, որից հետո էլ, հաղթահարելով Թոնդրակի լեռնանցքը, կթակենք Վասպուրական աշխարհի դռները։
Լիմ կղզի ու Լիմի անապատ (նավարկություն)
Կտուց կղզի ու Կտուցի անապատ (նավարկություն)
Վանի բերդ և ուրարտական արքաների դամբարան
Վանա կատուների բուծարան
Մհերի դուռ
Մեր այցի երկրորդ օրը նվիրված է Վանա լճի չորս կղզիներից երկուսի՝ նշանավոր Լիմի և անկրկնելի Կտուցի բացահայտմանը։ Նախ կնավարկենք դեպի Վանա լճի ամենամեծ կղզի՝ Լիմ, որտեղ Սուրբ Գևորգ խոնարհված եկեղեցին է, ապա կնավարկենք նաև Կտուց կղզի, որտեղ մեզ ժառանգված Սուրբ Հովհաննես-Կարապետ եկեղեցին է։ Կտուցը, թերևս, իր գեղեցկությամբ կարող է մրցել հրաշք Աղթամարի հետ։ Լիմ և Կտուց կղզիներ այցից հետո մենք կհասնենք Վան քաղաք, որտեղ կբարձրանանք Վանի բերդն ու կմտնենք ուրարտական արքայական դամբարանը, այցի կգնանք Վանա կատուներին, կհասնենք Մհերի դռանը։
Վարագավանք
Հայոց ձոր․ Հայկաբերդ և Մենուայի (Շամիրամի) ջրանցք
Խոշաբի բերդ
Սբ Բարդուղիմեոսի վանք
Ձորադիրի Սբ Էջմիածին եկեղեցի
Վանադովկիա
Մեր ճանապարհը կշարունակենք Հայոց ձոր գավառ, ուր կտեսնենք Հայկաբերդը, որտեղ, ըստ մեր առասպելի, տեղի է ունեցել Հայկի և Բելի ճակատամարտը, ասել է, թե այն վայրը, որը կարող ենք համարել հայ ազգի ծագման լեգենդար սկզիբը։ Կտեսնենք նաև Մենուայի (հայտնի նաև Շամիրամի անունով) լեգենդար ջրանցքը, ապա Խոշաբի տպավորիչ ու հզոր բերդը, որը պատրաստ է զարմացնելու։ Այսօր մեզ են սպասում նաև այլ հրաշալի կոթողներ՝ Սուրբ Բարդուղիմեոսի հոյակերտ վանքը, ինչպես և Զորադիրի (Ձորադիրի) Սբ Էջմիածին յուրօրինակ եկեղեցին, որոնք միանշանակ ապշեցնելու են իրենց այցելուներին։ Վստահեցնում ենք՝ սա լինելու է Ձեր կյանքի ամենախորհրդանշական և յուրահատուկ օրերից։
Առտեր կղզի (նավարկություն)
Աղթամար կղզի և Սբ Խաչ եկեղեցի (նավարկություն)
Նարեկավանք
Մեր այցի չորրորդ օրը կսկսենք դեպի Առտեր կղզի նավարկությամբ, որի վրա պահպանվել է հնամենի եկեղեցին, ուր էլ կայցելենք։ Առտերից անմիջապես կնավարկենք դեպի Վանի գլխավոր հրաշալիք՝ Աղթամար կղզի, որտեղ Սբ Խաչ հոյակերտ եկեղեցին է։ Այնուհետև կլինենք այնտեղ, որտեղ Գրիգոր Նարեկացու վանքն էր՝ Նարեկավանքը։ Թեև վանքից միայն մի քանի մասունքներ են մնացել, բայց մենք անպայման այցի կգնանք նրան։ Իսկ երեկոն Դատվանում է՝ Վանա լճի ափերի ամենագեղեցիկ վայրերից մեկում։
Նեմրութ-Սարակն լեռան խառնարանային լճեր
Խլաթ․ Հայկական խաչքարեր, քարանձավային քաղաք, բերդ
Սիփանի լանջերով անցում
Արճեշի Արծվաբերի վանք
Այս օրն էլ անչափ գեղեցիկ է, չէ՞ որ անցնելու ենք Վանա լճի ափերով, ինչպես նաև վայելելու ենք Սիփանի և Վանի Նեմրութի հրաշք տեսարանները։ Վանա լճի ափին գտնվող պատմական Խլաթ, Արծկե և Արճեշ քաղաքներն էլ են մեր ճանապարհին։ Մեքենան մեզ կբարձրացնի Նեմրութ-Սարակնի խառնարան, որտեղից բացվում է Վանա լճի չքնաղագույն տեսարանը։ Խլաթում կտեսնենք պատմական քարանձավային քաղաքն ու հայկական խաչքարերը։ Արճեշում էլ մեզ է սպասում մեր ամենայուրահատուկ եկեղեցիներից Արծվաբերի Սբ Աստվածածինը։ Այս հրաշալիքներն էլ են Ձեզ տպավորելու։
Բերկրիի Սատանայի կամուրջ
Բերկրիի ջրվեժ
Արաքս գետ
Վասպուրականի Աբաղայի գավառում է Բերկրի գետի վրա կառուցված Սատանայի կամուրջը, ուր անպայման կայցելենք։ Թեև իր անվանը, այն դրախտային գեղեցկություն ունի։ Եվ մեր վերջին օրը Վասպուրական աշխարհի հյուրընկալ գրկում կվայելենք Բերկրիի ջրվեժը։ Բերկրիի ջրվեժով զովանալուց հետո միայն կվերադառնանք Երևան՝ ճանապարհին մոտենալով նաև Մայր Արաքսին։