Ուզբեկստանն այլևս մեր հիմնական ուղղություններից է։ Այս երկիրը կարողանում է տպավորել, այն էլ՝ տպավորել հիմնովին․ հարուստ պատմությունից մինչև շքեղ ճարտարապետություն, համեղագույն խոհանոցից մինչև զբոսաշրջային բարձր մշակույթ և, իհարկե, իր մարդկանցով՝ իրապես հյուրընկալ, իրապես ժպտերես, իրապես ջերմ։
Մեր ութօրյա հեքիաթային ճամփորդությունն ուզբեկական ճոխ ու տարբերվող աշխարհում անվերջ բացահայտումների և անկեղծ զարմանքի մի ամբողջ շղթա էր։ Սա նաև հնարավորություն էր՝ փոխելու կարծիքները, կոտրելու նախատրամադրվածությունը, քարուքանդ անելու կարծրատիպերը։ Ութ օրում Ուզբեկստանը մեզ լիովին համոզեց, որ ֆանտաստիկ ճամփորդության ուղղություն է։
Մենք կարողացանք խորասուզվել իսկական Արևելքի աշխարհում, զգալ հարուստ պատմության շունչը, որը պահպանվել է ոչ միայն հոյակերտ ճարտարապետական կոթողներում, այլև մարդկանց առօրյայում ու կենցաղում։
Տաշքենդը գերարագ զարգացող, հրաշալի ենթակառուցվածքներով, անցյալը չմոռացող, բայց մեծ ու ժամանակակից քաղաքի բոլոր կանոններով ապրող մայրաքաղաք է։ Այստեղ այցելեցինք պատմական շուկան, ազգային կենցաղի թանգարանը, քայլեցինք հսկայական հրապարակներով, համտեսեցինք հանրահայտ փլավը, որն ամեն օր պատրաստվում է մի քանի հազար մարդու համար։
Իսկական արևելյան հեքիաթ է Սամարղանդը՝ պատմական Ռեգիստան հրապարակից մինչև Աֆրասիյաբի հնամենի քաղաք։ Այստեղ գույները, տեսարանները, պատմություններն ուղղակի խենթացնող էին։ Ամեն քայլափոխի՝ նոր հիացմունք, ամեն անկյունում՝ պատմության մի նոր շերտ։
Բուխարան մեզ տեղափոխեց Մետաքսի ճանապարհի ժամանակներ։ Հսկայական պատմական կենտրոնն իր քարավանատներով, մզկիթներով, մեդրեսեներով, նեղլիկ փողոցներով ու բուտիկ հյուրանոցներով մի առանձին հեքիաթ էր, որտեղ ժամանակը կարծես կանգ էր առել։
Իսկ Խիվան բոլորովին նոր տպավորություններ էր պատրաստել։ Այստեղ պարզապես չես այցելում պատմական քաղաք․ այստեղ ապրում ես պատմական քաղաքի ներսում՝ բառի ամենաիսկական իմաստով։ Քայլում ես դարավոր պարիսպների ու պատմական շինությունների միջով, և թվում է՝ հայտնվել ես մի քանի հարյուր տարի առաջ։
Առանձին պետք է ընդգծել նաև ճամփորդության հարմարավետությունը։ Արագընթաց գնացքների առկայությունը թույլ է տալիս զգալի ժամանակ խնայել տեղափոխումների հաշվին։ Ուրախալի է նաև Երևան–Տաշքենդ–Երևան ուղիղ թռիչքների հնարավորությունը, իսկ Հայաստանի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի ռեժիմն Ուզբեկստանը դարձնում է առավել հասանելի և անխնդիր ուղղություն։
Հատուկ ուշադրության են արժանի նաև Ուզբեկստանում անվտանգության և ապահովության զգացողությունը, մարդկանց հյուրընկալությունն ու զբոսաշրջիկների հանդեպ ջերմ վերաբերմունքը։ Իսկ ռուսերենի լայն տարածվածությունն ուղևորությունն էլ ավելի հարմարավետ է դարձնում։
Ինչպես արդեն նախաբանում նշել ենք, Ուզբեկստանը դարձնելու ենք Համշեն տուրի առաջնային ուղղություններից մեկը։ Եվ դրա համար ունենք բոլոր հիմքերը։ Այս երկիրն իսկապես ունակ է պարգևելու ամենագեղեցիկ, ամենավառ ու գլխապտույտ դրական տպավորություններն անգամ ամենաքմահաճ ճանապարհորդներին։
Այնպես որ՝ սպասում ենք, սիրով սպասում։
Ուզբեկստանը Ձեզ զարմացնելու է, հիացնելու է, տպավորելու է։
Վերադառնալու եք սիրով։ Մեծ սիրով։





