Համշեն տուրը շարունակում է ճախրել Հայկական լեռնաշխարհում՝ պատմական ժառանգությունից խորհրդանշական լեռներ։ Եվ այս անգամ մեզ համար շա՜տ կարևոր և առանձնահատուկ վերելքներ էին՝ դեպի #Սիփան և #Նեմրութ։ Տարիներ շարունակ հազարավոր մեր հայրենակիցների ցույց էինք տվել և տալիս Վանա լճի հետ Սիփան լեռան չքնաղագույն տեսարանը, իսկ այս անգամ հերթն էր արդեն Սիփանից վայելելու Վանը։ Սիփանի վերելքը հեշտ չի լինում, ինչը մենք էլ տեսանք մեր փորձառու լեռնագնացների թիմով, սակայն այն զգացողությունները և ցանկությունը, որ կային Սիփանի վերելքի դեպքում, մեզ առավել քան օգնեցին, և մեր ամբողջ կազմով հասանք Հայկական լեռնաշխարհի 5 ամենաբարձր գագաթներից մեկը՝ 4058 մետր բարձրությամբ աննման Սիփան։ Զգացողություն, որը նման չունի, տեսարաններ, որոնք շունչ են կտրում, անվերջ գոռալու ցանկություն։ Լեռը մեզ դիմավորեց հրաշալի եղանակով՝ մեզ հետ կիսելով Վանա լճի ճոխ տեսարանները՝ Կտուց և Լիմ կղզիներով, ինչպես նաև մեզ հետ կիսելով Հայկական լեռնաշխարհի խոշոր լճերից Նազիկի տեսարանը։ Հասցրեցինք տեսնել Վանա լճի և՛ անմոռաց արևածագը, և՛ անկրկնելի մայրամուտը։ Սիփանի գագաթ հասնելու համար հաղթահարեցինք շուրջ 1700 մետր հարաբերական բարձրություն և անցանք ընդհանուր շուրջ 16 կմ։ Բազմաշերտ, հետաքրքիր, տպավորիչ էր Սիփանը, ուր դեռ շատ ենք վերադառնալու։
Եվ սա դեռ ամենը չէր։ Համշեն տուրում սիրում ենք համադրել պատմությունն ու լեռնագնացությունը, ուստի նավարկեցինք նաև Վանի Աղթամար կղզի՝ տեսնելու հայկական ճարտարապետության գլուխգործոցներից Սբ Խաչ եկեղեցին, փոքրիկ վերելք ունեցանք Աղթամար կղզու ամենաբարձր կետ՝ Բարձր քար, ինչպես նաև ժամանակ ունեցանք լողալու Վանա լճում։ Տեսանք նաև Բերկրիի հրաշալի ջրվեժը, Մայր Արաքսը, Ծովակն Հյուսիսո լիճը, անցանք Մասիսի լանջերով, այցելեցինք Կողբի տպավորիչ աղահանքեր և շատ այլ վայրեր։
Իհարկե, առանձին պետք է պատմել մեր այս այցի ընթացքում Նեմրութի վերելքի մասին։ Նեմրութ-Սարակնը կամ Վանի Նեմրութը 2940 մետր բարձրությամբ լեռ է, որի խառնարանն իսկական դրախտ է՝ հարուստ բուսականությամբ և խառնարանային լճերով, այդ թվում Նեմրութի խառնարանում է գտնվում Հայկական լեռնաշխարհում ամենախոշոր կրատերային լիճը։ Նեմրութի գագաթ տանող գեղեցիկ արահետից բացվում են տեսարաններ, որոնք տիեզերական են՝ մի կողմում Վանա լիճը, մյուս կողմում՝ Նեմրութի բազմագույն խառնարանային լճերը։ Իսկ մայրամուտի գույների հետ այս ամենն անիրական է թվում։ Կհավաստեն բոլոր նրանք, որոնց բախտ է վիճակվել ապրել այդ պահը։
Դեպի Սիփան և Նեմրութ, դեպի Վան մեր այս խենթացնող ուղևորությունը դեռ երկար կհիշենք, քանի որ այն ֆանտաստիկ էր՝ այցելվող վայրերից ու տեսարաններից մինչ այն հրաշալի մարդիկ, որոնք միացել էին մեզ։
Մենք շարունակելու ենք Հայկական լեռնաշխարհի 5 ամենաբարձր գագաթներ ծրագիրը, որոնցից Մասիս-Արարատը, Արագածը, Սիփանն արդեն արել ենք և անպայման կրկնելու ենք, իսկ առաջիկայում նախատեսում են բարձրանալ նաև Ջիլո և Սաբալան։
Մենք չենք դադարելու բացահայտել Արևմտյան Հայաստանը՝ կիրճերից գագաթներ, եկեղեցիներից բերդեր, գետեր, լճեր, ամեն անկյունը։