Քեֆի բերդ / #չտեսնված

Վանի հյուսիս-արևմտյան ափերին գտնվող գեղեցիկ Արծկեի գանձերի մեջ առանձնահատուկ տեղ ունի Քեֆի / Անհավատի / Խալդիի բերդը՝ ուրարտական կարևոր այս ժառանգությունը։ Թեև բերդի ընդհանուր տարածված անունն է Քեֆի ամրոց, սակայն ուշ ժամանակներում այն կոչել են նաև Անհավատի բերդ, թերևս հասկանալով, որ իրենց ծանոթ կրոնների կառույց չէ։ Կառուցել է Ռուսա Երկրորդը Ք․Ա․ 7-րդ դարում, կոչել են Խալդիի քաղաք։ Կարելի է ասել, որ մենք գործ ունենք ոչ միայն դասական իմաստով բերդի, այլ բերդաքաղաքի հետ, որտեղ տեսնում ենք ոչ միայն բերդապարիսպներ, տաճար, այլ նաև այլ կառույցներ։ Թեև Քեֆը մոտ է Արծկեին, բայց շուրջ 200 մետր բարձր է Վանի ջրերից, ունի բավական դժվարահասանելի տեղադրություն, սակայն երբ կարողանում ես հասնել բերդի տարածք, ապա սպասվում է անիրական գեղեցկության խտացում։ Նախ, տեսարանները՝ մի կողմից Արծկեն և Վանա ծովը, մյուս կողմում՝ Սիփան լեռը, մի կողմում էլ Սքանչելագործ վանքը։ Ցնցող տեսարաններին գումարում ենք նաև տեղում գտնվողը։ Սուսի տիպի տաճար, որի քարերի մշակումը տպավորություն է թողում, թե հենց այդ պահին է ժամանակակից ամենալուրջ սարքը մեծ խնամքով կտրել քարը։ Իրապես, քարի մշակման այս մակարդակով Քեֆը ոչ միայն ուրարտական, այլ համաշխարհային պատմական ժառանգության բացառիկ օրինակ է։ 

#Չտեսնված շարքով պատմում ենք հայկական (նաև տարածաշրջանային) ժառանգության քիչ հայտնի, բայց անչափ արժեքավոր կոթողների, ինչպես նաև բնության մասին, ինչը Գևորգ Պետրոսյանի ու Համշեն տուրի՝ 10-ից ավելի տարիների պրպտումների արդյունքն են։