ԿԻԼԻԿԻԱ, ԿԱՊԱԴՈՎԿԻԱ, ՆԵՄՐՈւԹ, ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏ, ԷՐԶՐՈՒՄ ԵՎ ԱՎԵԼԻՆ
Պատմամշակութային ուղևորությունը համադրեք ծովափնյա հանգստի հետ. վայելե՛ք Կիլիկյան Հայաստանը, բացահայտե՛ք Արևմտյան Հայաստանը, այցելե՛ք տպավորիչ Նեմրութ և խորհրդավոր Կապադովկիա, հանգստացեք Միջերկրական ծովի ափին: Այցի ընթացքում տեսնելու ենք Նեմրութը, Մուշը, Կարսը, Ադանան, Տիգրանակերտ-Դիարբեքիրը, Կեսարիան, Սեբաստիան, Արածանի, Արաքս, Եփրատ, Տիգրիս գետերը, մի շարք լեգենդար բերդեր, հնամենի եկեղեցիներ, պատմական վայրեր։ Միջերկրական ծովի ափին հանգիստը հայկական Կիլիկիայի փառահեղ Կոռիկոս բերդի անմիջական հարևանությամբ ոսկե մանրավազով լողափում է: Ծովափնյա հանգստին հատկացված է շուրջ 4 օր, որի ընթացքում ցանկության դեպքում կարող են լինել հետաքրքրագույն էքսկուրսիաներ դեպի Կիլիկյան Հայաստանի մի շարք պատմական վայրեր:
Առավելություններ՝
- Կոռիկոսի ափի ամենաբարձրակարգ Կիլիկիա (Kilikya) հյուրանոցը (4*)
- 3 անգամ սնունդը և միջանկյալ հյուրասիրությունը ներառված են ծովափի հյուրանոցում
- հյուրանոցն առաջին գծում է իր առանձին լողափով՝ Կոռիկոսի ծովային բերդի դիմաց
- Կիլիկիայում պատմական էքսկուրսիաների հնարավորություն
Ծրագիր
Ծովակն Հյուսիսո լիճ
Սարիղամիշի անտառներ
Մուշ. Սբ Մարինե եկեղեցի, Մշո դաշտ, Սուլուխի կամուրջ, Արածանի գետ
Ճանապարհ ընկնելով Երևանից և անցնելով Բավրայով՝ մուտք ենք գործում Ջավախք աշխարհ, որտեղից էլ անցնում ենք չնաշխարհիկ Ծովակն Հյուսիսո (Չըլդըր) լճի ափերով՝ ուղի բռնելով դեպի Մուշ։ Կանցնենք բազում պատմություններով հայտնի Սարիղամիշի մշտադալար ու սաղարթախիտ անտառներով։ Անցնելով պատմական Բասենով ու Խնուսով՝ հասնում ենք Մշո դաշտ ու Արածանի (Արևելյան Եփրատ) գետի ափերը, որտեղ իր ուրույն պատմական դերով և ճարտարապետական հիասքանչ հորինվածքով մեզ է դիմավորում Սուլուխի կամուրջը, այն վայրը, որտեղ Գևորգ Չավուշն է իր վերջին կռիվը տվել: Մեզ է սպասվում այցելությունը Մշո երբեմնի շքեղության լուռ վկաներից Սուրբ Մարինե եկեղեցի, որը լուռ հսկում է իր շրջապատում մնացած վերջին հայկական տները։ Գիշերակացը Մուշում է։
Սասունի Խուլփի շրջան
Դիարբեքիր-Տիգրանակերտ․ Սբ Կիրակոս եկեղեցի և Բերդապարիսպներ
Եփրատ գետ
Նեմրութ
Մուշում նախաճաշելուց հետո անցնելով Սասունի լեգենդար Խուլփ շրջանով՝ կհասնենք Տիգրանակերտ-Դիարբեքիր, որտեղ կայցելենք տեղի գործող Սբ Կիրակոս հայկական եկեղեցին, ինչպես նաև կտեսնենք քաղաքի պատմական բերդապարիսպները: Շարունակելով բացահայտումներով լի ճանապարհը՝ կհասնենք Եփրատ գետին, որը Միջագետքը սնուցող և հայկական քաղաքակրթության կարևոր գետերից է: Օրվա գլխավոր, սպասված կանգառը խորհրդավոր, կախարդող, անկրկնելի Նեմրութն է՝ Հին աստվածների սրբավայրը, որը հազարամյակների խորքից գերում է, կանչում իր մոտ: Հրաշալի է Նեմրութը, բացառիկ, յուրօրինակ, չկրկնվող: Նեմրութի բարձունքից բացվող տեսարանը ստիպում է վերապրել անցյալի փառքն ու խորհրդավորությունը։
Լևոնկլա (տեսարանը բերդի ստորոտից)
հանգիստ Միջերկրականի ծովափին. Կոռիկոս, Կիլիկիա
Ժամն է մեկնելու այդքան սպասված Կիլիկիա։ Կտեսնենք Կիլիկիայի խորհրդանիշերից հզոր Լևոնկլա բերդը։ Վերջինիս տպավորիչ տեսարանը կվայելենք բերդի մատույցներում գտնվող դիտակետից, որից հետո կուղևորվենք Միջերկրական ծովի ափ՝ Կոռիկոս, որտեղ էլ մեզ է սպասում ծովափնյա հագիստը։
հանգիստ Միջերկրականի ծովափին. Կոռիկոս, Կիլիկիա
Կոռիկոսի ծովային բերդ
պատմական էքսկուրսիաների հնարավորություն
Հրաշալի է, երբ Միջերկրական ծովի ոսկեավազ լողափին է անցնում վաստակած հանգիստը, իսկ երբ հենց Ձեր դիմաց Կիլիկյան Հայաստանի հզորագույն բերդերից Կոռիկոսն է, պատկերը կատարյալ է: Այս ընթացքում Դուք ոչ միայն կարող եք Ձեր հանգիստն անցկացնել, լողալ Միջերկրական ծովում, այլ նաև մասնակցել էքսկուրսիաներին դեպի Կիլիկյան Հայաստանի տարբեր հրաշալիքներ: Ի դեպ, մեր ծրագրում ներառված է նաև նավարկությունն ու այցելությունը Կոռիկոսի ծովային բերդ։
առավոտը Միջերկրականի ծովափին
Կապադովկիա (ցանկացողները կարող են այցելել տեղի թանգարաններ, տոմսերը ներառված չեն)
Առավոտյան ցանկացողները կարող են ևս մեկ անգամ լողալ Միջերկրական ծովում, որից հետո արդեն ճամփա կընկնենք դեպի կախարդական Կապադովկիա, որտեղ տեսնելու ենք բնության և մարդու համատեղ գլուխգործոցներ: Կտեսնենք Կապադովկիային բնորոշ սնկաձև ժայռերը, հնամենի ամրոցներ, իսկ ազատ ժամանակը կարող եք օգտագործել այս հրաշալի վայրում զբոսնելու համար: Ցանկացողներն արևածագին կարող են նստել հայտնի օդապարիկները և վայելել Կապադովկիան թռչնի թռիչքի բարձրությունից:
Կեսարիայի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի
Սեբաստիայի Կեռ կամուրջ
Երզնկայի բազմահարկ ջրվեժ (կախված օրվա գրաֆիկից)
Առավոտյան նախաճաշից հետո (օդապարիկ ցանկացողները արևածագին են մեկնում ու նախաճաշին մոտ վերադառնում) մենք ճամփա կընկնենք դեպի Կեսարիա և Երզնկա: Կեսարիայում կտեսնենք հռչակավոր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որը գործող հայկական եկեղեցի է՝ տարբերվող ճարտարապետությամբ: Կեսարիայից հետո կանցնենք Սեբաստիայով, որտեղ կտեսնենք պատմական Կեռ կամուրջը: Սեբաստիայից կուղևորվենք Երզնկա, որտեղ էլ, կտեսնենք Երզնկայի տպավորիչ եռահարկ ջրվեժը:
Կարին (Էրզրում). Հայկական եկեղեցի, Կարնո բերդ, Սանասարյան վարժարան
Բասեն. Արաքս գետ և Հովվի կամուրջ
Կարս. Կարուց բերդ, Վարդանի կամուրջ, Առաքելոց եկեղեցի, Չարենցի տուն
Երզնկայից վերադարձին կանցնենք Կարնո աշխարհով։ Կարինը կամ մերօրյա Էրզրումը պահել է հայկական հետքը՝ Սուրբ Աստվածածին եկեղեցին, Սանասարյան վարժարանը, որոնցից յուրաքանչյուրն իր ուշագրավ պատմությունն ունի: Տպավորիչ են նաև Կարնո բերդի պահպանված հատվածները: Բասենում կանգ կառնենք Մայր Արաքսի ափին, այն վայրում, որտեղ միջնադարյան Հովվի կամուրջն է՝ հրաշալի կառուցվածքով գեղեցիկ այս կամուրջը: Առանձնահատուկ է ուղևորությունը դեպի Կարս, որտեղ մեզ հայկական պատմության և՛ փառավոր, և՛ տխուր էջերն են սպասում: Կարուց բերդը հաղթահարելուց հետո ձեր առջև բացվում է երբեմնի հայկական հրաշք քաղաքի համայնապատկերը, որտեղ իր ուրույն տեղն ունի տառապյալ, բայց հզոր Սբ Առաքելոց եկեղեցին՝ փառահեղ, ազդու կոթող: Իսկ Կարսում ինչպե՞ս կարելի է չանցնել Վարդանի կամրջով, ինչպե՞ս չգնալ այն տունը, որտեղ ենթադրաբար ապրել է Չարենցը: