Աշնանային Լոռի. Թումանյանական աշխարհի գույներն ու գաղտնիքները
Այս կիրակի հրավիրում ենք միասին ուղևորվելու Լոռվա հեքիաթային աշխարհ՝ վայելելու աշնանային վառ երանգներն ու բացահայտելու Թումանյանի ծննդավայր Դսեղի անզուգական անկյունները։ Մեզ սպասվում է ջերմ հիշողություններով, գեղեցիկ տեսարաններով ու վառ տպավորություններով լի անմոռանալի քայլարշավային օր։ Մեր ճանապարհորդությունը կսկսենք Դսեղ գյուղից, որտեղից կիջնենք հոյակերտ Դեբեդի կիրճ՝ տեսնելու հայկական ճարտարապետության անզուգական գոհարներից մեկը՝ Քառասնից Մանկանց վանքը։ Զմայլվելով Դեբեդի կիրճի ժայռային շերտավորումներով ու աշնանային անտառի գույներով՝ քայլարշավը կշարունակենք դեպի Մարցի ձորում թաքնված Բարձրաքաշի Սուրբ Գրիգոր վանական համալիր։ Ճանապարհին կբացահայտենք նաև հռչակավոր «Սիրուն խաչ» խաչքարը, որն իր բացառիկ ու նրբահյուս քանդակազարդման շնորհիվ է տեղացիներից ստացել այդ պարտավորեցնող անվանումը։ Օրվա ընթացքում կտեսնենք Մարտիրոս Սարյանի հանրահայտ «Քարինջ գյուղի կոլտնտեսությունը Թումանյանի լեռներում» (1952թ.) կտավի իրական համայնապատկերը, որը տարիներ շարունակ զարդարում էր նախկին 5000 դրամանոց թղթադրամները։ Իսկ մեր հագեցած ու տպավորիչ օրը կամփոփենք Դսեղի Ծովեր լճակի խաղաղ ու հեքիաթային ափին՝ լիցքաթափվելով աշնանային բնության ջերմ անդորրի մեջ։
Քայլարշավի ընդհանուր երկարությունը 12 կմ, հարաբերական բարձրությունը՝ 500 մետր։
Առաջիկա մեկնումներ՝
01.11
Մեկնում՝ 07:30,
ժամանում՝ 21:30,
հասցե՝ Թումանյան 8
Գինը՝ 9000 դրամ


