
ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ՄԱՍԻՍ ԲԱՐՁՐԱՆԱԼ ՊԱՏՐԱՍՏՎՈՂՆԵՐԻՆ
Ճիշտ տրամադրվածություն, ճիշտ հանդերձանք, ճիշտ պատրաստություն. ահա այն երեք հիմնական գործոնները, որոնք կօգնեն Ձեզ հասնելու Բիբլիական լեռան՝ Արարատի (մենք սիրում ենք Մասիս տարբերակը*) գագաթ։
Ասել, թե Մասիսը վերելքի համար խիստ բարդ լեռ է, լեռան գագաթ հասնելու համար պետք է արհեստավարժ լեռնագնաց լինել կամ ունենալ ամբողջովին ալպինիստական հանդերձանք, այդպես չԷ։ Այնուամենայնիվ 5000 մետրից ավել բարձրություն ունեցող գագաթը, անշուշտ, պահանջում է ճիշտ մոտեցում, որոշակի պատրաստվածություն և լուրջ տրամադրվածություն:
ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈւԹՅՈւՆ
Ակտիվ ֆիզիկական վարժություններ, ինչպիսիք են վազքը, հեծանիվը, մարզասրահ այցելությունները, կարող են օգնել ոչ միայն շնչառությունը լավացնելուն, այլ նաև օգտակար են մկանները պատրաստելու և ավելորդ քաշից ազատվելու տեսանկյունից։ Առանձնակի օգտակար է պարբերաբար մեծաքանակ աստիճաններ բարձրանալու վարժությունները։ Այս ամենը կարող եք սկսել հենց այս պահից։ Չէ՛, դեռ չէ՛, նախ այս հոդվածը մինչև վերջ ընթերցեք, իսկ հետո արդեն անցեք մարզումների ) Իհարկե, ֆիզիկական պատրաստությանը պետք է հավելել լեռնամագլցումներն ու քայլարշավները։ Առաջին փուլում կարելի է փորձել առավել հեշտ ու ցածր լեռներ բարձրանալ, օրինակ, Հատիս, Արմաղան, Գութանասար, Արտանիշ, Արագածի Հարավային գագաթ և նմանատիպ այլ բարձրունքներ։ Երկրորդ փուլում նախընտրելի է բարձրանալ ավելի բարդ ու ավելի բարձր գագաթներ, ինչպիսիք են Աժդահակը, Խուստուփը և առավելապես Արագածի Հյուսիսային գագաթը, իսկ եթե Ձեր վերելքն ուղեկցվի լեռան վրա գիշերակացով, ապա ակլիմատիզացիայի (կլիմայավարժում) առումով այն ավելի արդյունավետ կլինի և հետագայում զգալի կհեշտացնի Մասիսի վերելքը։ Ընդ որում, երկրորդ փուլը նախընտրելի է կյանքի կոչել Մասիսի վերելքից 3-4 շաբաթ առաջ։ Ի դեպ, Համշեն տուրում մենք տարատիպ վերելքներ կազմակերպում ենք։ Այս ամենին, իհարկե, կարող ենք գումարել նաև ճիշտ սննդակարգը։ Արդյունքում, Դուք ոչ միայն ավելի պատրաստ կլինեք Արարատի գագաթ հասնելու համար, այլ նաև այդ ամենը լուրջ խթան կլինի անցնելու առողջ ապրելակերպի կամ էլ եղածն ավելի խորացնելու, եթե արդեն իսկ զբաղվում եք այդ հարցով: Եթե ծխում եք, ահա Ձեզ ևս մեկ հիանալի պատճառ՝ ծխելուց հրաժարվելու համար ) Չենք մոռանում նաև բուժզննում անցնել՝ հասկանալու, թե որքանով է մեր օրգանիզմը պատրաստ ֆիզիկական ծանրաբեռնվածության և բարձրությունների վրա օդի ճնշմանը։
ՏՐԱՄԱԴՐՎԱԾՈւԹՅՈւՆ
Իհարկե, Մասիս բարձրանալու մասին մտածելն արդեն իսկ մոտիվացիայի մեծագույն չափաբաժին է ապահովում։ Ուղղակի մի պահ կանգ առեք ու նայեք Մասիսին, ապա պատկերացրեք Ձեզ՝ լեռան գագաթին։ Փշաքաղեցնո՞ղ է, չէ՞։ Մասիսը ոչ միայն խիստ խորհրդանշական և շքեղ լեռ է, այլ 5000 մետրից ավել բարձրություն ունեցող գագաթ, որն ամենաբարձրն է ամբողջ Հայկական լեռնաշխարհում և աշխարհում առաջատարն է հարաբերական բարձրությամբ։ Դե, ի՛ գործ )
ՀԱՆԴԵՐՁԱՆՔ
Ճիշտ հանդերձանքը կրկնակի հեշտացնում է Մասիսի վերելքը․ այս կարևոր մտքին դեռ կվերադառնանք։ Իսկ հիմա փուլավորենք Մասիսի վերելքը․ այն կարելի է բաժանել երկու հիմնական փուլի։ Առաջին փուլի կամ մինչ երկրորդ ճամբար (4200 մետր) հասնելու համար պետք է [պայմանական] ամառային հանդերձանք, որը Ձեզ կպաշտպանի հիմնականում արևից և չի խոչընդոտի հարմար վերելքին։ Երկրորդ փուլում Ձեզ պետք է [պայմանական] ձմեռային հանդերձանք։ Իսկ հիմա անցնենք նրան, թե երկու փուլերի համար մեզ էլ ի՞նչ է պետք։ Առաջնային իրերի թվում են ճիշտ կոշիկները, որոնք պետք է ոչ միայն հարմար, այլ նաև փորձված լինեն: Ամենևին պետք չէ պրոֆեսիոնալ ալպինիստական կոշիկ, սակայն լեռնային պայմանների համար նախատեսված երկարաճիտ ջրակայուն կոշիկ ունենալը պարտադիր պայման է (խոսքը, մասնավորապես, 4200-ից վերև բարձրության համար է)։ Խորհուրդ չենք տալիս նոր գնված կոշիկով անմիջապես բարձրանալ Մասիսը, նախընտրելի է կոշիկներն օգտագործել այլ արշավների/մագլցումների համար, որ առավել սովոր և հարմար լինի, ուստի կոշիկի մասին պետք է կանխավ մտածել։ Նման կոշիկները հիմնականում պետք են վերջին բարդ հատվածի համար, այնինչ մինչ երկրորդ ճամբար հնարավոր է հասնել նաև սովորական արշավային կոշիկներով։ Որակյալ արևային ակնոց, որը կպաշտպանի արևից և ձյան վրա լույսի արտացոլումից, նախընտրելի է հենց լեռների համար նախատեսված ակնոցները (Արարատի համար նախընտրելի է 3-րդ աստիճանի պաշտպանության)։ Անհրաժեշտ իրերից է գլխին ամրացվող լավ որակի լապտերիկը, քանի որ գագաթին հասնելու վերջին փուլը սկսվում է գիշերը։ Տաք գլխարկն ու ձեռնոցները, թերմո ներքնաշորերը, թերմո գուլպաները (նաև պահեստային գուլպաները), ջրակայուն տաբատը, հարմար, տաք ու թեթև վերարկուն նույնպես պարտադիր են։ Ընդ որում, կարևոր է հասկանալ, որ Մասիսը բարձրանալու ընթացքում ժամային առումով ավելի շատ Դուք պաշտպանվելու եք արևից, այլ ոչ ցրտից, հետևաբար մարմնի բաց մասերը պետք է հնարավորին փակ լինեն, Ձեզ հետ ունենաք նաև ավելի թեթև հագուստ (նաև բաֆ, դիմակ, գլխարկ), արևապաշտպան քսուքներ։ Արշավային փայտերը նույնպես անչափ կարևոր են։ Հարմար ու թեթև ուսապարկը նույնպես կարևոր է։ Եվ իհարկե, հարմար ու տաք քնապարկ: Վրանների մասին մտածել պետք չէ, մեր ճամբարներում արդեն իսկ ամրացված վրաններ կան, ինչպես նաև ճամբարներում մեզ սպասում են տաք կերակուրները, ջուրն ու համեղ թեյը։ Իսկ այդ թեյից Դուք կարող եք խմել նաև Մասիսի գագաթին, եթե Ձեզ հետ ունենաք թերմոս։ Ի դեպ, Ձեր հիմնական իրերն այսպես թե այնպես մինչ երկու հիմնական ճամբարներ բարձրացնելու են մեր ձիերը, ուստի վերելքին պետք է լինելու թեթև ուսապարկ (նախընտրելի է մինչ 25 լիտր), որում կլինեն թերմոսով տաք թեյ, կալորիական սնունդ՝ քաղցրավենիք (օրինակ, այդքան համեղ Sneakers-ը կամ արդեն նաև տեղական Պատրիոտները), կատվիկները (որոնք ևս մենք ենք տրամադրում), այլ անհրաժեշտ իրեր։
ԱՄՓՈՓԵ՞ՆՔ
Այսպիսով, տեսնում ենք, որ դրական տրամադրվածությունը, լավ պատրաստությունը և ճիշտ ընտրված հանդերձանքը Ձեզ թույլ կտան տեսնել Արագածը, Արարատյան դաշտը, Երևանը, Բայազետն ու Մակուն Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր կետից։ Դե ինչ, կազմակերպման հարցում էլ ձեզ կօգնեն #երազանքիրականացնողները, այսինքն՝ մենք՝ Համշեն տուրը: Նշենք, որ մեր ընկերությունն հանդերձանքի (և ոչ միայն) հարցում տրամադրում է մանրակրկիտ տեղեկություն, ինչպես և առաջարկում է հատուկ զեղչեր՝ մասնագիտացած խանութներից հանդերձանք ձեռք բերելու համար։ Ընդ որում, Մասիսի համար հանդերձանքի մի մասը կարելի է ուղղակի վարձակալել, իսկ գնված ապրանքները կարելի է հետագայում օգտագործել նաև արշավների ու մագլցումների համար: Չենք մոռանում նաև, որ Համշեն տուրը տարվա ընթացքում մշտապես կազմակերպում է բազմաթիվ քայլարշավներ և վերելքներ Հայաստանի տարածքում։
* Իսկ թե ինչո՞ւ ենք նախընտրում Մասիսն Արարատի փոխարեն, կասենք մեր վերելքի ժամանակ)
Ի դեպ, Համշեն տուրում խմբին ուղեկցում են Արևմտյան Հայաստան ուղղության գործում մասնագիտացած թուրքագետ հայախոս գիդեր, որոնք Ձեզ կօգնեն թուրքերենի թարգմանության և տեղանքի մասին մասնագիտական և արժեքավոր տեղեկություններ ստանալու առաջնային հարցերում: Դե ինչ, այսքանից հետո Ձեզ մնում է ծանոթանալ Մասիս բարձրանալու մատչելի ու հարուստ ծրագրով Համշեն տուրի առաջարկին և սկսել պատրաստվել: Արդեն առանց ժամանակ կորցնելու )
Leave comment