ԱՐԹԻԿԻ ՀՐԱՇԱԼԻՔՆԵՐԸ՝ ՊԵՄԶԱՇԵՆ, ԼԵՌՆԱԿԵՐՏ, ՀԱՌԻՃ, ԼՄԲԱՏ
Թեև զբոսաշրջային երթուղիներում հաճախ չեք հանդիպի Շիրակի մարզի Արթիկի շրջակայքում գտնվող վանքերն ու եկեղեցիները ներառող ուղևորություններ, սակայն, առանց չափազանցնելու, այստեղ կարելի է գտնել պատմական և ճարտարապետական բացառիկ նշանակություն ունեցող մեծարժեք ու տպավորիչ կոթողներ։ Մեր հայրենիքի այս անկյունն իրապես կարող է զարմացնել և ներկայանալ որպես տարբերվող ու յուրահատուկ պատմական տարածք։ Այստեղ ոչ միայն տուֆից կերտել են հրաշալի և գեղեցիկ կառույցներ, այլ նաև դրանք մեր օրեր հասած մեր հնագույն ժառանգություններից են՝ առանձնանալով իրենց ինքնատիպությամբ և առանձնահատկություններով։ Մեր այցը կսկսենք Հառիճավանքի հոյակերտ վանքով, որին կհաջորդի Արթիկն իր վաղմիջնադարյան Սբ Գևորգ և Սբ Աստվածածին արժեքավոր եկեղեցիներով, իսկ Լմբատավանքն իր անգին ու աննման որմնանկարներով Ձեզ ուղղակի կգերի։ Պեմզաշեն գյուղում, որը գերհարուստ է պատմական կոթողներով, կսկսենք մեր տպավորիչ այցը Պեմզաշենի եռախորան եկեղեցով, ապա կշարունակենք դեպի տեղի Մակարավանք, գողտրիկ ձորակում կառուցված Աստվածածին անապատ, որից հետո կգնանք վաղքրիստոնեական շրջանի լավ պահպանված կոթողներից Լեռնակերտի Սբ Հովհաննես բազիլիկ եկեղեցին՝ թվագրվող 4-5-րդ դարերով։ Պեմզաշենում, սակայն, մեզ է սպասում նաև անչափ տպավորիչ, յուրահատուկ տեղադրությամբ առանձնացող Առաքելոց վանքը, որը ևս Ձեզ կզարմացնի և կհիացնի։ Օրվա վերջին կանգառը կլինի Սառնաղբյուրի անկրկնելի Հոգեվանքում՝ ամբողջացնելով մեր գեղեցիկ օրը։ Մեր այս այցը կլինի ոչ միայն վերոնշյալ կոթողների՝ որպես հոգևոր և ճարտարապետական հուշարձան ներկայացումը, այլ նաև դրանց պատմական նրբությունների վերհանումը, ինչը մեր բացառիկ այցը կդարձնի առավել հետաքրքիր ու բովանդակալից։