ԻԼԻԿԱՎԱՆՔ, ՇՈՂԱԳԱՎԱՆՔ, ՄԱՍՐՈՒՑ ԱՆԱՊԱՏ, ԾԱԿՔԱՐԻ ԿԱՄՈՒՐՋ, ԾՈՎԱՍԱՐԻ ՎԱՆՔ
Անվերջ բացահայտվող Գեղարքունիքն իրապես անգին գանձ է՝ պատմական հրաշք ժառանգությունից անսահման գեղեցիկ տեսարաններ։ Այս անգամ մեր խոշորացույցի տակ են Գեղամա անհաշվելի գանձերի հերթական հիանալի օրինակները։ Մեր այցին բարձրանալու ենք Իլիկավանք, որը ոչ միայն գերում է իր տեսքով և պատմությամբ, այլ նաև այստեղից բացվող ցնցող տեսարաններով։ Մեզ է սպասում նաև անկրկնելի Շողագավանքը, որը խոնարհված վիճակում անգամ տպավորում է, իսկ նրա մոտ գտնվող խաչքարերն ուղղակի հանրագիտարանն են մեր խաչքարագործության։ Մասրուց անապատը հերթական չքնաղ ու մեծարժեք կոթող է։ Ծովասարի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին իր յուրօրինակությամբ միանշանակ առանձնանում է, ինչն էլ միասին կհաստատենք։ Եվ իհարկե, Ծակքարի բնական քարե կամուրջն էլ հրաշալի հավելում կլինի և բնության հրաշքների թվում իր ուրույն տեղը կզբաղեցնի։ Հագեցած ու տպավորիչ այց, որը բացահայտումների մի ամբողջ տարափ է խոստանում։