ԱՂԹԱՄԱՐ, ՎԱՆ, ԿԱՐՍ, ԱՆԻ, ԲԱՅԱԶԵՏ, ԲԵՐԿՐԻ, ՄՈՒՇ*
Արևմտյան Հայաստանն է կանչում, կանչում են մեր արմատները, կարոտը, հայրենիքը։ Մեզ են սպասում չքնաղ Անին, հզոր Կարսը, աննման Վանն ու հիասքանչ Աղթամարը, գեղեցիկ Բերկրին ու շատ-շատ ավելին։ Մեր հրաշալի եռօրյա ուղևորության ընթացքում կնավարկենք Վանա լճով և կտեսնենք Աղթամար կղզին ու Սբ Խաչ եկեղեցին, կանցնենք Մասիս լեռան լանջերով, կզովանանք Բերկրիի ջրվեժի, Ծովակն Հյուսիսո լճի և Արաքս գետի ջրերով, կբացահայտենք Կարս ու Վան քաղաքները, Բայազետի, Կարսի ու Վանի հզոր բերդերը, մի շարք այլ պատմական վայրեր։ Բացի այս ամենը, խմբի ցանկության դեպքում հնարավոր է ուղևորությանը հավելել Մուշը՝ տեսնելու Հին հայկական թաղն ու Սբ Մարինե եկեղեցին, Մշո դաշտը, Արածանի գետը, Սուլուխի կամուրջը, Բասենն ու Սարիղամիշը։ Երեք հիասքանչ օր ու նույնքան հիասքանչ բացահայտումներ՝ Համշեն տուրի յուրահատուկ ու տարբերվող մատուցմամբ։
Ծրագիր
Ծովակն Հյուսիսո լիճ
Անի. Մայր տաճար, Սբ Փրկիչ, Աբուղամրենց, Հոնենց, Գագկաշեն, Առաքելոց եկեղեցիներ, պարիսպներ, այլ կոթողներ
Արաքս գետ
Իգդիրով անցում
Մասիսի լանջերով անցում և տեսարան լեռան մյուս կողմից
Բայազետի բերդ (կախված ժամային գրաֆիկից)
Ճանապարհ ընկնելով Երևանից և անցնելով Բավրայով՝ մուտք ենք գործում Ջավախք աշխարհ։ Մեր առաջին կանգառն է Հայկական լեռնաշխարհի երկրորդ ամենամեծ քաղցրահամ լիճ Ծովակն Հյուսիսոն (Չըլդըրը)։ Ծովակնից հետո ուղի կբռնենք դեպի հրաշագեղ Անի: Հազար ու մեկ եկեղեցիների քաղաքում մեզ հիանալի շրջագայություն է սպասվում՝ պատմության խորխորատներում քարացած, ինքնին մի պատմություն դարձած հոյակերտ քաղաքն ուղղակի չի կարող անտարբեր թողնել, չի կարող չհուզել: Բոլորին են պարուրում իրարամերժ զգացմունքները՝ հպարտություն և ցավ․․․ տեսնել Անին ու… ապրե՛լ, այո՛, ապրե՛լ: Անին լիարժեք վայելելուց հետո հաջորդիվ կանգ կառնենք Մայր Արաքսի ափին՝ գետին մոտենալու հնարավորությամբ: Կանցնենք նաև Մասիս լեռան լանջերով, որը երազանքի է նման և հայտնվելով լեռան մյուս կողմում՝ կտեսնենք Մասիսը «հակառակ» կողմից: Կախված օրվա ժամից՝ հնարավոր է նաև այց Դարոյնքի (Բայազետի) հզոր բերդը։ Տպավորիչ օրը երաշխավորված է։
Բերկրիի ջրվեժ
Մհերի դուռ և Ագռավաքար
Վանա կատուներ
Վան. Վանի բերդ և ուրարտական արքաների դամբարան
Աղթամար կղզի. Սբ Խաչ եկեղեցի, Վանա լճում լողալ
Երկրորդ օրվա մեր առաջին կանգառը Բերկրիի ջրվեժն է՝ տարբերվող և գերող իր տեսարանով: Բնության այս հրաշալիքը շարունակ ձգում է, գերում, սակայն պետք է հետևել Բերկրի գետի արագահոս ջրերին, որոնք շուտով միախառնվելու են Վանա լճին, որի ափերով հասնում ենք Վան քաղաք․ Ագռավաքարն ու Մհերի դուռն են մեզ սպասում, որը գուցե հենց մենք ենք բացելու։ Վանա կատուների բուծարանը յուրահատուկ վայր է, որտեղ ոչ միայն կարելի է տեսնել լեգենդար կատուներին, այլ նաև սիրել աչքերի տարբեր գույն ունեցող այդ չարաճճիներին: Շուտով ժամանակն է հաղթահարելու Վանի երեքհազարամյա բերդը, որտեղից անպատմելի տեսարան է բացվում դեպի Այգեստանն ու Քաղաքամեջը, դեպի Վանա կապուտակ ծովը: Վանի բերդում բացում ենք ուրարտական թագավորների դամբարանը, որը հասու չէ շատերին: Եվ ահա ժամն է նավարկելու դեպի հրաշագեղ Աղթամար կղզի, որտեղ հեռվից իր ամբողջ շքեղությունն է ցուցադրում Սբ Խաչ հոյակերտ եկեղեցին, որի պատմությունը, տեղադրությունն ու քանդակներն ուղղակի ապշեցնող են: Շատերի երազանքն է Վանա լճում լողալը, ինչը մեզ հետ իրական է դառնում: Այս ամենից հետո իսկը ժամանակն է վայելելու լեգենդար վանա տառեխը՝ հենց Վանա լճի ափին: Հեքիաթային, երազային օր։
Մուշ. Հայկական թաղ, Սբ Մարինե եկեղեցի, Արածանի գետ, Սուլուխի կամուրջ և Մշո դաշտ*
Բասեն․ Արաքս գետ և Հովվի կամուրջ*
Սարիղամիշի անտառներ*
* Մուշ, Բասեն և Սարիղամիշ ուղղությունները խմբի համաձայնության դեպքում կարող են ավելանալ ծրագրին հավելավճարով։
Կարս. Կարուց բերդ, Վարդանի կամուրջ, Առաքելոց եկեղեցի, Չարենցի տուն
Խմբի համաձայնության դեպքում՝ երրորդ օրը կարող ենք սկսել Մուշից։ Նախաճաշ Մշո դաշտի սքանչելի լուսաբացի՞ն: Սա ևս իրականություն կարող է դառնալ: Նախաճաշից հետո մեզ է սպասվում այցելությունը Մշո երբեմնի շքեղության լուռ վկաներից Սուրբ Մարինե եկեղեցի, որը լուռ հսկում է իր շրջապատում մնացած վերջին հայկական տները։ Այնուհետ, կտրելով Մշո դաշտը, հասնում ենք Արածանի (Արևելյան Եփրատ) գետին, որտեղ իր ուրույն պատմական դերով և ճարտարապետական հիասքանչ հորինվածքով մեզ է դիմավորում Սուլուխի կամուրջը, այն վայրը, որտեղ Գևորգ Չավուշն է իր վերջին կռիվը տվել: Մշո դաշտից դեպի Բասեն՝ անցնելով Վարդոյով և Խնուսով: Եվ մեր դիմաց կրկին Մայր Արաքսն է, ինչպես նաև խենթանալու աստիճան գեղեցիկ ճարտարապետությամբ Հովվի կամուրջը: Այնուհետև մեր ճանապարհը կանցնի Սարիղամիշի մշտադալար անտառների միջով։ Առանձնահատուկ է ուղևորությունը դեպի Կարս, որտեղ մեզ հայկական պատմության և՛ փառավոր, և՛ տխուր էջերն են սպասում: Կարուց բերդը հաղթահարելուց հետո ձեր առջև բացվում է Կարսի համայնապատկերը, որտեղ իր ուրույն տեղն ունի տառապյալ, բայց հզոր Սբ Առաքելոց եկեղեցին: Իսկ Կարսում ինչպե՞ս կարելի է չանցնել Վարդանի կամրջով, ինչպե՞ս չգնալ այն տունը, որտեղ ենթադրաբար ապրել է Չարենցը: Տեղն է վերհիշել «Երկիր Նաիրին» և զգալ նրա ամեն տողը հայկական պատմական հետքը չկորցրած այս քաղաքում: Կարսից կրկին վերադարձ Երևան՝ անմոռանալի հույզերով և տպավորություններով։