Կարմիր վանքը, որին սիրում ենք կոչել մի պատառ Անի ՀՀ-ում, Շիրակի մարզի Հայկաձոր գյուղում է։ Հայկաձորի Կարմիր վանքը Ախուրյանի ձախափնյակին է, գետից մոտ հարյուր մետր հեռավորության վրա, կիրճի եզրին, Անիից մոտ 5-6 կմ, Հոռոմոսից մոտ 1-2 կմ հեռավորության վրա։
Կարմիր վանքի (հայտնի նաև Ղոշավանք, որը Հոռոմոսի ոչ հայկական անվանումներից է) կանգուն և գլխավոր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցվել է 10-րդ դարի վերջում, երբ ծաղկում էր Բագրատունյաց Հայաստանն Անի կենտրոնով։ Կառուցել է Հոռոմոսի վանահայր Սարգիս եպիսկոպոսը, ճարտարապետն է Սամեհանը։ Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին գմբեթավոր դահլիճ է, կառուցված կարմիր տուֆով (որտեղից էլ գալիս է վանքի տարածված անվանումը), հարավահայաց ճակատին առկա է բագրատունյաց զինանշանը։
Եկեղեցին, չնայած վտանգավոր ճեղքերին, կանգուն է։ Այն տարիներ շարունակ զրկված է եղել իր պատմական մեծարժեք խաչից, որը վերջին տարիներին տեղափոխվել է Գյումրի և տեղադրվել Յոթ վերք եկեղեցու բակում։ Այժմ խաչի կրկնօրինակը տեղադրված է եկեղեցու վրա։
Կարմիր վանքը ՀՀ-ի տարածքում է, սակայն խորհրդային տարիներին մնացել է սահմանային փշալարերից այն կողմ։ Այս ամենի հետևանքով այժմ արգելված է ազատ մուտքը վանքի տարածք, սակայն համապատասխան թույլտվության դեպքում հնարավոր է լինում այցելել վանք։ Սահմանային փշալարերից այն կողմ է նաև Հին Հայկաձորը, որը խորհրդային տարիներին Թուրքիայի հետ սահմանի նոր ինժեներական կառուցվածքի պատճառով տեղափոխվել է ավելի արևելք։ Վանքի մոտ, բնակատեղիից բացի, տարածվել է նաև միջնադարյան գերեզմանատուն։
Համշեն տուրը կազմակերպում է այցելություն Կարմիր վանք՝ ներս մտնելու հնարավորությամբ։