ԼԻԿԻԱԿԱՆ ԱՐԱՀԵՏ․ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՍ

ԼԻԿԻԱԿԱՆ ԱՐԱՀԵՏ․ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՍ

Աշխարհի ամենահայտնի երկարատև քայլարշավային երթուղիներից մեկը՝ Լիկիական արահետը, մեզ է կանչում՝ խոստանալով գլխապտույտ տեսարաններ, վառ զգացողություններ և նմանը չունեցող ճանապարհորդություն։

Լիկիական քաղաքակրթության հետքերով անցնող հնագույն ճանապարհներ, Միջերկրական ծովի կապույտ ծովածոցեր, լեռնային գյուղեր, անտառապատ ու քարքարոտ արահետներ, հնավայրեր, համեղ խոհանոց և ինքնատիպ գիշերակացներ․ այս ամենը միավորվելու է մեր յոթօրյա հագեցած ուղևորության ընթացքում։

Այս ծրագրով անցնելու ենք Լիկիական արահետի կենտրոնական հատվածի ամենագեղեցիկ ճանապարհներից մեկը՝ Քալքանից մինչև Դեմրե։ Հինգ քայլարշավային օրերի ընթացքում հաղթահարելու ենք ավելի քան 100 կմ՝ բացահայտելով ոչ միայն տարածաշրջանի բացառիկ բնությունը, այլև նրա բազմաշերտ պատմությունն ու մշակութային ժառանգությունը։

Ծրագրում ունենալու ենք նաև Միջերկրական ծովում լողալու հնարավորություն, նավակով զբոսանք, պատմական հուշարձանների այցելություններ և հանգիստ՝ ծովափնյա գողտրիկ բնակավայրերում։ Սա պարզապես քայլարշավ չէ, այլ արկածային ճանապարհորդություն, որը կարող է դառնալ ամբողջ կյանքի ամենահիշարժան փորձառություններից մեկը։

Ծրագիրը հագեցած է և նախատեսված է լավ ֆիզիկական պատրաստվածություն ու երկար քայլարշավների փորձ ունեցող մասնակիցների համար։

ՕՐ 1

Երևանից Ստամբուլով կմեկնենք Դալաման, որտեղից կուղևորվենք Միջերկրական ծովի ափին գտնվող գեղեցիկ Քալքան քաղաք։

Քալքանում նախաճաշելուց և փոքր-ինչ հանգստանալուց հետո կսկսենք մեր առաջին քայլարշավը։ Ծովափից աստիճանաբար բարձրացող արահետով կուղևորվենք դեպի Բեզիրգանի բարձրադիր հարթավայր։ Առաջին իսկ օրը կվայելենք Միջերկրականի տեսարանները, լեռնային բնապատկերներն ու Լիկիական արահետի յուրահատուկ մթնոլորտը։

Քայլարշավի երկարությունը՝ մոտ 11 կմ։

Գիշերակաց և ընթրիք՝ Բեզիրգանում։

ՕՐ 2

Նախաճաշից հետո կշարունակենք մեր ճանապարհը Բեզիրգանից դեպի Սարըբելեն և Գյոքչեորեն։

Այս օրը քայլելու ենք հիմնականում բարձրադիր և անտառապատ արահետներով՝ անցնելով լեռնային գյուղերի, սոճու անտառների, բաց հարթավայրերի ու արտասովոր ժայռային գոյացությունների միջով։ Ճանապարհին պարբերաբար բացվելու են շրջակա լեռնաշղթաների ու հեռվում նշմարվող Միջերկրական ծովի գեղեցիկ տեսարանները։

Օրվա ավարտին կհասնենք խաղաղ ու մեկուսի Գյոքչեորեն գյուղ։

Քայլարշավի երկարությունը՝ մոտ 17 կմ։

Գիշերակաց և ընթրիք՝ Գյոքչեորենում։

ՕՐ 3

Նախաճաշից հետո սկսելու ենք ծրագրի ամենաերկար և ֆիզիկապես ամենապահանջկոտ քայլարշավային օրը։

Գյոքչեորենից ճանապարհը մեզ կտանի դեպի Հաջըօղլանի շրջակայք, ապա՝ հին Լիկիայի կարևոր բնակավայրերից Փելոսի ավերակներ։ Բարձրադիր վայրում գտնվող հնավայրում կտեսնենք լիկիական դամբարաններ և հնագույն կառույցների մնացորդներ՝ միաժամանակ վայելելով շրջակա լեռների լայն համայնապատկերը։

Փելոսից կշարունակենք մեր երկար վայրէջքը դեպի Միջերկրականի ափին գտնվող Քաշ քաղաք։ Ծանր, բայց բացառիկ տպավորիչ օրվա ավարտը կնշենք Քաշի գեղեցիկ ու աշխույժ միջավայրում։

Քայլարշավի երկարությունը՝ մոտ 30 կմ։

Գիշերակաց և ընթրիք՝ Քաշում։

ՕՐ 4

Նախաճաշից հետո Քաշից ոտքով կուղևորվենք դեպի Լիմանաղզը։ Սա Լիկիական արահետի կենտրոնական հատվածի ամենագեղեցիկ, բայց նաև բավական պահանջկոտ երթուղիներից է։

Արահետն անցնում է անմիջապես Միջերկրականի ժայռոտ ափերով՝ բացելով կապույտ ծովածոցերի, մեկուսի լողափերի և կղզիների շքեղ տեսարաններ։ Կանցնենք Լիմանաղզը, Ուֆաքդերե և Ուզումլու ծովածոցերով, կհանդիպենք հնագույն ջրամբարների ու լիկիական ժայռափոր դամբարանների։

Օրվա վերջում ծովափից կբարձրանանք դեպի Բողազջըք գյուղ։

Քայլարշավի երկարությունը՝ մոտ 21 կմ։

Գիշերակաց և ընթրիք՝ Բողազջըքում։

ՕՐ 5

Նախաճաշից հետո Բողազջըքից կշարժվենք դեպի հին Լիկիայի նշանավոր քաղաքներից Ապերլայ։

Քայլելու ենք խաղաղ ու համեմատաբար թեթև արահետով՝ աստիճանաբար մոտենալով Կեկովայի ծովածոցերին։ Ապերլայում կտեսնենք հնագույն քաղաքի պարիսպների, կառույցների, դամբարանների և մասամբ ջրի տակ մնացած ավերակների հետքերը։

Այնուհետև նավակով կշրջենք Կեկովայի գեղատեսիլ ծովածոցերով՝ ծովից բացահայտելով տարածաշրջանի բնությունն ու ջրի տակ պահպանված պատմական ժառանգությունը։ Նավակով կհասնենք Ուչաղըզ ձկնորսական գյուղ։

Քայլարշավի երկարությունը՝ մոտ 8 կմ։

Գիշերակաց և ընթրիք՝ Ուչաղըզում։

ՕՐ 6

Նախաճաշից հետո Ուչաղըզից կուղևորվենք դեպի Քալեքյոյ՝ հին Սիմենա քաղաք։ Այստեղ Լիկիայի պատմությունը բառացիորեն միաձուլվում է Միջերկրական ծովին․ ափին և ջրի մեջ կտեսնենք հնագույն կառույցների ու դամբարանների մնացորդներ, իսկ գյուղի վերևում վեր է խոյանում Սիմենայի ամրոցը։

Քալեքյոյից կշարունակենք քայլարշավը դեպի Քափաքլը և Չայաղզը՝ անցնելով ծովափնյա արահետներով, ձիթենիների այգիների, փոքրիկ ծովածոցերի և պատմական մնացորդների կողքով։

Չայաղզը հասնելուց հետո կտեղափոխվենք Դեմրե։

Քայլարշավի երկարությունը՝ մոտ 17 կմ։

Գիշերակաց և ընթրիք՝ Դեմրեում։

ՕՐ 7

Նախաճաշից հետո Դեմրեում կունենանք ազատ ժամանակ։ Կկարողանանք հանգստանալ, զբոսնել քաղաքում և, եղանակային բարենպաստ պայմանների դեպքում, լողալ Միջերկրական ծովում։

Այնուհետև կուղևորվենք Անթալիայի օդանավակայան և Ստամբուլով կմեկնենք Երևան։

 

Գինը՝ 850 եվրոյին համարժեք դրամ, որը ներառում է՝

  • գիշերակացները՝ երկտեղանի և երեքտեղանի համարներում,

  • տեղացի զբոսավարի ծառայությունը,

  • Համշեն տուրի ուղեկցորդի ծառայությունը,

  • ծրագրով նախատեսված ներքին բոլոր տեղափոխությունները,

  • ուղեբեռի տեղափոխումը գիշերակացի մի վայրից մյուսը,

  • ծրագրով նախատեսված նախաճաշերն ու ընթրիքները,

  • ծրագրով նախատեսված բոլոր մուտքավճարները։

Արժեքը չի ներառում՝

  • Երևան–Ստամբուլ–Դալաման և Անթալիա–Ստամբուլ–Երևան ավիատոմսերը՝ միասին մոտ 200 եվրո։ Արժեքը կարող է փոփոխվել՝ կախված ամրագրման պահից,

  • Թուրքիայի վիզան, 17․000 դրամ է, մենք պատրաստում ենք։

Առաջիկա մեկնումներ՝ Դեռ նախատեսված չէ
Մեկնում՝ 08:00, ժամանում՝ 23:55, հասցե՝ Զվարթնոց օդանավակայան
Գինը՝ 850 եվրոյին համարժեք դրամ

Գրանցում

Գինը՝ 850 եվրոյին համարժեք դրամ