ՉԱԽԱԼԱԲԵՐԴ ԵՎ ՋԻԼԻԶԱ. ՋԻՊ ՏՈւՐ
Խնայելով ժամանակն ու էներգիան՝ մեր հրաշալի ուղևորության շրջանակներում ամենագնացով կարող եք տեսնել հերթական տպավորիչ բերդը՝ Չախալաբերդը (Բազաբերդը), որը մոտ է Լոռիի ծայր հյուսիսում գտնվող Ջիլիզա բնակավայրին։ Մեր այցի ընթացքում ոչ միայն անտառային հրաշք քայլարշավով կհասնենք Չախալաբերդ, այլ նաև կվայելենք յուրօրինակ Ջիլիզան ու Մադանը՝ իրենց կոլորիտով և գեղեցիկ տեսարաններով։ Բացի Ջիլիզայից, կվայելենք հյուսիսային Լոռիի կուսական անտառները, ուր մեր ճանապարհը կարող են անգամ եղնիկներ կտրել։ Կանցնենք նախկինում հունաբնակ Մադան գյուղով՝ այցելելով տեղի հունական եկեղեցին, ապա Լալվարի լանջերով կհասնենք գողտրիկ Ջիլիզա գյուղ։ Այստեղ կտեսնենք միջնադարյան եկեղեցու ավերակները և քայլարշավով կհասնենք միջնադարյան Գուգարքի հզոր Բազաբերդ կամ նույն ինքը՝ անտառներում բազմած Չախալաբերդ, որն առավել լավ պահպանված ու խիստ տպավորիչ հայոց բերդերից է։ Քանի որ Ջիլիզան անմիջապես հայ-վրացական սահմանին է, ապա այս ուղևորության համար պետք է հատուկ թույլտվություն, ինչն էլ ենթադրում է նախապես գրանցում այս հրաշք ուղևորությանը։ Նշենք, որ դեպի Չախալաբերդ նախատեսվում է շուրջ 1 կմ ոչ բարդ քայլարշավ, քանի որ այդ հատվածը միայն ոտքի արահետ է։