ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ՄԱՍԻՍ ԲԱՐՁՐԱՆԱԼ ՊԱՏՐԱՍՏՎՈՂՆԵՐԻՆ

Ճիշտ տրամադրվածություն, ճիշտ նախապատրաստություն, ճիշտ հանդերձանք. ահա այն հիմնական երեք գործոնները, որոնք կօգնեն Ձեզ հասնելու Բիբլիական լեռան՝ Արարատի (մենք սիրում ենք Մասիս տարբերակը*) գագաթ։

Մասիսը վերելքի համար խիստ գերբարդ լեռ չէ, լեռան գագաթ հասնելու համար պետք չէ արհեստավարժ լեռնագնաց լինել կամ ունենալ պրոֆեսիոնալ ալպինիստական հանդերձանք, այնուամենայնիվ, 5000 մետրից ավել բարձրություն ունեցող գագաթը պահանջում է ճիշտ մոտեցում, հստակ պատրաստվածություն,  լուրջ տրամադրվածություն, համապատասխան հանդերձանք։

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈւԹՅՈւՆ

Ակտիվ ֆիզիկական վարժություններ, ինչպիսիք են վազքը, հեծանիվը, մարզասրահ այցելությունները, կարող են օգնել ոչ միայն շնչառությունը լավացնելուն, այլ նաև օգտակար են մկանները պատրաստելու տեսանկյունից։ Առանձնակի օգտակար է պարբերաբար մեծաքանակ աստիճաններ բարձրանալու վարժությունները։ Այս ամենը կարող եք սկսել հենց այս պահից։ Չէ՛, դեռ չէ՛, նախ այս հոդվածը մինչև վերջ ընթերցեք, իսկ հետո արդեն անցեք մարզումների ) Իհարկե, ֆիզիկական պատրաստությանը պետք է հավելել շարունակական և ինտենսիվ մասնակցությունը վերելքներին ու քայլարշավներին, քանի որ աշխարհի ամենաուժեղ մկաններն անգամ բարձր լեռներում անզոր են առանց կլիմայավարժեցման։ 

Լեռնագնացության առաջին փուլում կարելի է փորձել համեմատաբար ավելի հասանելի ու ցածր լեռներ բարձրանալ, օրինակ, Հատիս, Արմաղան, Գութանասար, Արտանիշ, Արտենի, Տեսիլք, Ապակեքար, Արա լեռ և նմանատիպ այլ գագաթներ (վերը նշված լեռները մեծապես խորհուրդ է տրվում բարձրանալ նաև ձմեռային սեզոնին)։ 

Լեռնագնացության երկրորդ փուլում նախընտրելի է բարձրանալ ավելի բարդ ու ավելի բարձր գագաթներ, ինչպիսիք են Աժդահակը, Սպիտակասարը, Ալուկը, Արամազդը, Խուստուփը, Լալվարը, Թեժ լեռը, Արագածի գագաթները (վնասվածքի ռիսկի տեսանկյունից Մասիսից առաջ խորհուրդ կտանք խուսափել Արագածի Հյուսիսային գագաթից)։ Եվ եթե Ձեր վերելքն ուղեկցվի լեռան վրա վրանային գիշերակացով, ապա ակլիմատիզացիայի (կլիմայավարժեցում) առումով այն ավելի արդյունավետ կլինի և հետագայում զգալի կթեթևացնի Մասիսի վերելքը։ Ընդ որում, երկրորդ փուլը նախընտրելի է կյանքի կոչել Մասիսի վերելքից արդեն 2-3 ամիս առաջ։ Ի դեպ, Համշեն տուրում մենք տարատիպ վերելքներ կազմակերպում ենք, որի ընթացքում ոչ միայն կբարելավեք Ձեր լեռնային պատրաստությունն ու փորձը, այլ կծանոթանաք մեր լեռնային ուղեկցորդներին, ինչպես նաև բոլոր այն մասնակիցներին, որոնք նույնպես պատրաստվում են բարձրանալ Մասիսի գագաթ կամ արդեն իսկ հասցրել են անել դա, ինչը փորձի փոխանակման հիանալի տարբերակ է։ 

Այս ամենին, իհարկե, կարող ենք գումարել նաև ճիշտ սննդակարգը։ Արդյունքում, Դուք ոչ միայն ավելի պատրաստ կլինեք Մասիսի գագաթ հասնելու համար, այլ նաև այդ ամենը լուրջ խթան կլինի անցնելու առողջ ապրելակերպի կամ էլ եղածն ավելի խորացնելու, եթե արդեն իսկ զբաղվում եք այդ հարցով: Եթե ծխում եք, ահա Ձեզ ևս մեկ հիանալի պատճառ՝ ծխելուց հրաժարվելու համար ) 

Չենք մոռանում նաև բուժզննում անցնել՝ հասկանալու, թե որքանով է մեր օրգանիզմը պատրաստ ֆիզիկական ծանրաբեռնվածության և բարձրությունների վրա աշխատելուն։

ՏՐԱՄԱԴՐՎԱԾՈւԹՅՈւՆ

Մասիս բարձրանալու մասին մտածելն արդեն իսկ մոտիվացիայի անսահման աղբյուր է, ուստի այստեղ մեզնից հավելումներն ուղղակի ավելորդ կլինեն։ Մասիսի գագաթ = մոտիվացիա։ Ուղղակի մի պահ կանգ առեք ու նայեք Մասիսին, ապա պատկերացրեք Ձեզ լեռան գագաթին։ Փշաքաղեցնո՞ղ է, չէ՞։ Մասիսը ոչ միայն խիստ խորհրդանշական լեռ է, այլ 5000 մետրից ավել բարձրություն ունեցող գագաթ, որն ամենաբարձրն է ամբողջ Հայկական լեռնաշխարհում և աշխարհում առաջատարներից է հարաբերական բարձրությամբ։ Դե, ի՛ գործ )

ՀԱՆԴԵՐՁԱՆՔ

Ճիշտ հանդերձանքը կրկնակի հեշտացնում է Մասիսի վերելքը․ այս կարևոր մտքին դեռ կվերադառնանք։ Իսկ հիմա փուլավորենք Մասիսի վերելքը․ այն կարելի է բաժանել երկու հիմնական փուլի։ 

Առաջին փուլի կամ մինչ երկրորդ ճամբար (4200 մետր) հասնելու համար պետք է [պայմանական] ամառային հանդերձանք, որը Ձեզ կպաշտպանի հիմնականում արևից և չի խոչընդոտի հարմար վերելքին։

Երկրորդ փուլում Ձեզ պետք է [պայմանական] ձմեռային հանդերձանք։ Իսկ հիմա անցնենք նրան, թե երկու փուլերի համար մեզ էլ ի՞նչ է պետք։ Առաջնային իրերի թվում են ճիշտ կոշիկները, որոնք պետք է ոչ միայն հարմար, այլ նաև փորձված լինեն: Լեռնային ջրակայուն արշավային կոշիկ ունենալը պարտադիր պայման է (խոսքը, մասնավորապես, 4200-ից վերև բարձրության համար է)։ Խորհուրդ չենք տալիս նոր գնված կոշիկով անմիջապես բարձրանալ Մասիսը, նախընտրելի է կոշիկներն օգտագործել այլ արշավների ու վերելքների համար, որ առավել սովոր և հարմար լինի, ուստի կոշիկի մասին պետք է կանխավ մտածել։ Նման կոշիկները հիմնականում պետք են վերջին բարդ հատվածի համար, այնինչ մինչ երկրորդ ճամբար հնարավոր է հասնել նաև սովորական արշավային կոշիկներով։ Որակյալ արևային ակնոց, որը կպաշտպանի արևից և ձյան վրա լույսի արտացոլումից, նախընտրելի է հենց լեռների համար նախատեսված ակնոցները (Մասիսի համար նախընտրելի է 3-րդ աստիճանի պաշտպանության)։ Անհրաժեշտ իրերից է գլխին ամրացվող լավ որակի լապտերիկը, քանի որ գագաթին հասնելու վերջին փուլը սկսվում է գիշերը։ Տաք գլխարկն ու արշավային ձմեռային ձեռնոցները, թերմո ներքնաշորերը, ձմեռային թերմո գուլպաները, ջրակայուն ձմեռային տաբատը, ֆլիսե շապիկը, հարմար, տաք ու թեթև վերարկուն նույնպես պարտադիր են։ Արշավային 2 փայտը պարտադիր է, իսկ հարմար ու թեթև ուսապարկը՝ շատ կարևոր։ Եվ իհարկե, անպայման պետք է ունենալ հարմար ու տաք քնապարկ: Վրանների մասին մտածել պետք չէ, մեր ճամբարներում վրաններ կան, ինչպես նաև այնտեղ մեզ սպասում են տաք կերակուրը, ջուրն ու համեղ թեյը։ Իսկ այդ տաք թեյից Դուք կարող եք խմել նաև Մասիսի գագաթին, եթե Ձեզ հետ ունենաք թերմոս։ Ի դեպ, Ձեր հիմնական իրերը մինչ երկու հիմնական ճամբարներ բարձրացնելու են մեր ձիերը, ուստի վերելքին պետք է լինելու թեթև ուսապարկ (նախընտրելի է մինչ 30 լիտր), որում կլինեն թերմոսով տաք թեյ, քաղցրավենիք, կատվիկները (որոնք ևս մենք ենք տրամադրում), այլ անհրաժեշտ իրեր։

ԱՄՓՈՓԵ՞ՆՔ

Այսպիսով, տեսնում ենք, որ դրական տրամադրվածությունը, լավ պատրաստությունը և ճիշտ ընտրված հանդերձանքը Ձեզ թույլ կտան տեսնել Արագածը, Արարատյան դաշտը, Երևանը, Բայազետն ու Մակուն Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր կետից։ Դե ինչ, կազմակերպման հարցում էլ ձեզ կօգնեն #երազանքիրականացնողները, այսինքն՝ մենք՝ Համշեն տուրը: Նշենք, որ գրանցված մասնակիցների համար մեր ընկերությունը հանդերձանքի (և ոչ միայն) հարցում տրամադրում է մանրակրկիտ տեղեկություն, ինչպես և առաջարկում է զեղչեր՝ մասնագիտացած խանութներից հանդերձանք ձեռք բերելու համար։ Ընդ որում, Մասիսի համար հանդերձանքը կարելի է հետագայում ևս օգտագործել: Չենք մոռանում նաև, որ Համշեն տուրը տարվա ընթացքում մշտապես կազմակերպում է բազմաթիվ քայլարշավներ և վերելքներ ՀՀ, Արևմտյան Հայաստանի, Վրաստանի և Իրանի տարածքում։

Ի դեպ, Համշեն տուրում տեղացի ուղեկցորդների հետ մեկտեղ խմբին ուղեկցում են հայ թուրքագետ լեռնային ուղեկցորդներ, որոնք Ձեզ կօգնեն թարգմանության և տեղանքի մասին մասնագիտական ու արժեքավոր տեղեկություններ ստանալու կարևորագույն հարցերում։ Մեր փորձառու և լեզվակիր ուղեկցորդների գործոնն էլ ավելի կազմակերպված և ապահով է դարձնում վերելքը։ Դե ինչ, այսքանից հետո Ձեզ մնում է ծանոթանալ Մասիս բարձրանալու մատչելի ու հետաքրքիր ծրագրով Համշեն տուրի առաջարկին և սկսել պատրաստվել: Արդեն առանց ժամանակ կորցնելու )

* Իսկ թե ինչո՞ւ ենք նախընտրում Մասիսն Արարատի փոխարեն, կասենք մեր վերելքի ժամանակ)

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԱՆԴԵՐՁԱՆՔ ԵՎ ԳՈւՅՔ՝

Լեռնամագլցման կոշիկ,

Տաք արշավային բաճկոն,

Սպորտային կամ թեթև արշավային կոշիկ,

Թերմո գուլպա,

Թերմո ներքնազգեստ,

Ջրապաշտպան ձմեռային տաբատ,

Սպորտային կամ արշավային թեթև տաբատ,

Երկարաթև և կարճաթև շապիկներ,

Ֆլիսից շապիկ,

Ջրից և քամուց պաշտպանող բաճկոն,

Ճակատի լապտերիկ (պահեստային մարտկոցով),

Արևային ակնոց (3-րդ կատեգորիա),

Տաք ձմեռային գլխարկ,

Արևային գլխարկ,

Բաֆ կամ դիմակ,

Տաք արշավային ձեռնոց և ֆլիսից բարակ ձեռնոց,

Արշավային փայտեր,

Քնապարկ (կոմֆորտ ջերմաստիճան՝ -5°)

Ուսապարկ (մինչև 30 լիտր՝ գագաթ բարձրանալու համար),

Ճամփրուկ կամ խոշոր ուսապարկ (մինչև 100 լիտր՝ ընդհանուր իրերի համար),

Արևապաշտպան կրեմ,

Թերմոս,

Անձնական դեղատուփ,

Անձնական հիգիենայի պարագաներ։


Ոչ պարտադիր, սակայն նախընտրելի պարագաներ՝

Դահուկային ակնոցներ (ոչ մուգ ապակիով),

Զանգապան,

Անձրևանոց, 

Փչովի ներքնակ,

Արշավային բարձ,

Վրանային լապտերիկ,

Ինքնատաքացվող ներդիրներ,

Ջրի տարրա,

Իզոտոնիկ հյութեր,

Հողաթափեր,

Powerbank։