ՉԱԽԱԼԱԲԵՐԴ

Չախալաբերդը, որը պատմության էջերից մեզ հայտնի է Բազաբերդ անունով, միջնադարյան հայկական բերդաշինության ամենատպավորիչ և լավ պահպանված օրինակներից է։ Բազաբերդը հայ-վրացական սահմանի անմիջական հարևանությամբ է, ՀՀ-ի Լոռի մարզի Ջիլիզա գյուղին հարակից անտառապատ բլրի վրա, Լալվար լեռան ստորոտին, պատմականորեն Մեծ Հայքի Գուգարք աշխարհի Տաշիր-Ձորափոր գավառում։ Բերդը շրջապատված է մոտ 10-12 մ բարձրությամբ և մոտ 2-3 մ հաստությամբ պարսպով: 977 թվականին Աշոտ Երրորդ Բագրատունու մահից հետո բերդը ժառանգում է Բագրատունիների Կյուրիկյան ճյուղի հիմնադիր Գուրգենը, այնուհետև այն անցնում է Զաքարյաններին: Միջնադարյան պատմիչների վկայություններում նշվում է, որ բերդը կառուցել է Հայկ Նահապետի թոռ Բազը, և այս ավանդությամբ էլ ստուգաբանվում է Բազաբերդ անվանումը: Բերդի շրջակայքի անտառներում կարելի է գտնել խոնարհված մատուռներ և խաչքարեր, բերդի մոտակայքում տարածվել է Բազակերտ (Բազկերտ) բնակավայրը։ Չախալաբերդի ու Ջիլիզայի շրջակայքում նաև հին գյուղատեղիներ կան, այդ թվում՝ Աղեգին, Վերին Վելադը, Կարմիրգեղցին։ Ջիլիզա գյուղում գտնվող միջնադարյան եկեղեցուն էլ տեղացիները Սուրբ Սարգիս կամ Սուրբ Աստվածածին են կոչում։ Անչափ տպավորիչ է Ալավերդիի հարևանությամբ Մադան գյուղից դեպի Ջիլիզա կուսական անտառներով անցնող ճանապարհը։

Սահմանային շերտում լինելու պատճառով Չախալաբերդը հասանելի է միայն հատուկ թույլտվության դեպքում։ Համշեն տուրը կազմակերպում է այցելություններ Չախալաբերդ։