Պատմական Բագարանի պատմությունը հասնում է Ք․Ա․ 3-րդ դար, երբ Երվանդ Չորրորդ արքան Ախուրյան և Արաքս գետերի միախառնման վայրին մոտ՝ Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Երվանդունիք/Արշարունիք գավառում կառուցեց Երվանդաշատ մայրաքաղաքն ու Երվանդակերտ դաստակերտը, իսկ ավելի հյուսիս՝ Ախուրյան գետի ափերին հիմնեց երկրի հոգևոր կենտրոն Բագարանը։ Բագարանը կարևոր դեր ունեցավ ոչ միայն նախաքրիստոնեական շրջանում, այլ 9-րդ դարի վերջում դարձավ նորաստեղծ Բագրատունյաց Հայաստանի առաջին մայրաքաղաքը։
Ներկայում պատմական Բագարանի տարածքը բաժանված է ՀՀ-ի և Թուրքիայի միջև, քանի որ քաղաքի միջով անցնող Ախուրյանը մեր օրերում երկու երկրների սահմանաբաժան գետն է։ Պատմական Բագարանի տարածքի զգալի մասը կենտրոնացած էր Ախուրյանի աջափնյակում, այսինքն՝ այժմ այն Թուրքիայի տարածքում է (Կարսի մարզի Քիլիթթաշը գյուղը, որտեղ տների մեծ մասը կառուցված են պատմական քաղաքի քարերով)։ Այս հատվածում՝ բլրի վրա է նաև ժողովրդի շրջանում Գևորգ Մարզպետունու գերեզման անունով հայտնի եկեղեցին, որը 19-րդ դարում կառուցված բազիլիկ է։ Այստեղ կարելի է տեսնել նաև Բագարանի բերդի մնացորդները, սակայն այս հատվածում կառուցված Սբ Թեոդորոս և Սբ Գևորգ վաղմիջնադարյան եկեղեցիները չեն հասել մեր օրեր։
Իսկ արդեն Ախուրյան գետի ձախ ափին կառուցված Շուշանավանքը ՀՀ-ի տարածքում է։ Այն թվագրվում է 10-րդ դարով, հայտնի է նաև Սուրբ Շուշանիկ եկեղեցի անվամբ։ Շուշանավանքից մեր օրեր են հասել շրջանաձև հիմքով բազմախորան գմբեթավոր եկեղեցին, որը կառուցվել է տուֆով և նրան կից գավիթը։ Եկեղեցին կառուցված է Ախուրյանի ձախ ափին վեր խոյացող հսկա ժայռի վրա, որի շարունակությունն էլ կարծես այն լինի։ Սբ Շուշանիկ եկեղեցին հարուստ է արձանագրություններով։ Միևնույն ժամանակ, եկեղեցու պատերը զգալի վնասվել են հայերեն, ռուսերեն, թուրքերեն փորագրություններով, իսկ Թուրքիայի ուղղությամբ նայող ճակատին կարելի է տեսնել կրակոցների բազմաթիվ հետքեր։ 2023 թվականի դրությամբ՝ ՀՀ կառավարությունը նախատեսում է եկեղեցու հիմնանորոգումը։ Քանի որ Սբ Շուշանիկ եկեղեցին անմիջապես սահմանին է և գտնվում է սահմանային շերտում, ապա այնտեղ կարելի է հասնել միայն հատուկ թույլտվության պարագայում։ Համշեն տուրը կարողանում է ստանալ համապատասխան թույլտվությունն ու ուղեկցել իր խմբերին այնտեղ։