Անհասանելի թվացող ևս մեկ ուղղություն արդեն իսկ իրականություն է․ Համշեն տուրի խումբն այցելեց Իրաք՝ բացահայտելու հնագույն քաղաքակրթությունների ժառանգությունը և վայելելու շքեղագույն բնությունն ու տեղական յուրահատուկ կոլորիտը։ Ասել է, որ Իրաքը հետաքրքիր է և տարբերվող, քիչ է։ Մեր բացառիկ այցի կենտրոնում Իրաքի հյուսիսն էր՝ Դոհուկից Ռևանդուզ, Էրբիլից Ամեդիե ու շատ այլ հետաքրքիր վայրեր, որտեղ տեսնում ենք հայկական, ասորական, եզդիական, քրդական հետքեր ու ներկայություն։ Մեզ սպասվում էին 6 հրաշալի օր ու հիշողություններ ամբողջ կյանքի համար։ Չնայած առկա կանխակալ մտայնությանն Իրաքում անվտանգության հետ կապված` մեր այցն անցավ կատարյալ հանգիստ ու ապահով և թույլ տվեց մեզ ամբողջությամբ վայելել մշակույթը, պատմությունը, բնությունը, որով էլ առանձնանում է միջագետքյան ֆենոմեն Իրաքը։
Ֆանտաստիկ այս այցի կարևորագույն կետերից էր եզդիների գլխավոր սրբավայր Լալեշը։ Այս յուրօրինակ ու արժեքավոր սրբավայրն Իրաքի ինքնավար Քրդստանի շրջանի Դոհուկի տարածքում է։ Պատմության խորքից մեզ հասած այս սրբավայր կարելի է այցելել միայն ոտաբոբիկ, ինչը հետաքրքիր փորձառություն էր մեր խմբակիցների համար։ Մենք էլ միախառնվել էինք ազգային տարազներով հարյուրավոր եզդիների, որոնք ուխտի էին եկել Լալեշ։ Հյուրընկալ այս մարդկանց շրջապատում հնամենի այս սրբավայրն էլ ավելի տպավորիչ էր։
Եվս մեկ կարևոր նպատակ էր տեսնել Ռևանդուզը։ Շատերն են հենց այս վայրում տեղադրում ուրարտական գլխավոր տաճարը՝ Մուսասիր/Մուծածիրը, ինչը բնության այս շքեղ անկյունը նաև պատմական անգին գանձի էր վերածում։ Ռևանդուզը բացառիկ գեղեցկություն ունի՝ ծավալային կիրճեր, բազմաթիվ ջրվեժներ, շրջապատող լեռներ, շունչ կտրող տեսարաններ։ Մեր հաջողակ խումբը կարողացավ տեսնել Ռևանդուզի գարնանային գույները, ինչպես նաև վայելել Ռևանդուզի կիրճերը Ջիլոյի (Կորդվաց) լեռների փշաքաղեցնող տեսարաններով։ Ի դեպ, Ռևանդուզը շատերը համարում են Հայկական լեռնաշխարհի հարավային սահմանագիծը։
Ամեդիեն դեռ հեռվից էր կանչում․ ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակի անդամ, մի քանի կրոնների կենտրոն, ժայռային տեղադրությամբ քաղաք, որը շնչում է պատմությամբ։ Մենք էլ գնացինք այս հրաշքը մանրամասն բացահայտելու․ Էզեկիելի գերեզմանից սինագոգ, եկեղեցիներից պատմական մզկիթներ, զրադաշտական տաճարներից այլ կոթողներ։ Անչափ տպավորիչ էր։
Էրբիլը, որն արագ զարգացող և հարուստ քաղաք է, Իրաքյան Քրդստանի կենտրոնն է, որը դիմավորում է իր այցելուին ինչպես հարուստ պատմությամբ, այնպես էլ նոր Դուբայ դառնալու նպատակով։ Էրբիլի քրիստոնեական Անկավա թաղամասում է վերջերս կառուցված Սբ Խաչ հայկական եկեղեցին, ուր այցելելը հետաքրքիր զգացություններ էր փոխանցում։ Երեկոյան մեզ էր սպասում Էրբիլի կենտրոնում գտնվող ու հազարամյակների պատմությամբ բերդը, որի մատույցներում կարելի էր գտնել արևելյան կոլորիտը՝ հետաքրքիր կերակրատեսակները և աշխույժ առևտուրը։
Դոհուկում էլ նորակառույց հայկական եկեղեցի ունենք՝ Սբ Ներսես Շնորհալի, որը կառուցվել էր քրդական կառավարության կողմից և հանձնվել տեղի հայ համայնքին։ Շատ ջերմ ու հարազատ միջավայր՝ Դոհուկի սրտում։
Առանձին պետք է հիշատակենք մեր այցը պատմական հարուստ անցյալով Շանիդարի քարանձավ, որը համարվում է ծիսական հուղարկավորության ամենահին վկայությամբ վայրը, որտեղ գտել էին նեանդերթալցիների գերեզման՝ ծաղկային զարդարմամբ։ Այս վայրը միջնադարում ծառայել էր որպես ասորական եկեղեցի։ Այստեղ ևս բնությունն առանձնակի շքեղ էր ստեղծագործել։
Առանձնակի տպավորիչ էր անցումը Տիգրիս գետի վրայով, որտեղ հենց իրաք-թուրքական սահմանի հարևանությամբ է Ջուդի-Արարատ լեռը, որի հետ կապում են Նոյան տապանի աստվածաշնչյան դրվագը։
Այսպիսով, անցնելով Տիգրիսը, իսկ ճանապարհին այցելելով Վասպուրականի հրաշալիքներ՝ Վան, Խոշաբի բերդ, Սբ Բարդուղիմեոս վանք, Սբ Էջմիածին եկեղեցի, ինչպես նաև Կարս, Ալաշկերտ, Սղերդ` մեր ուղևորությունն էլ ավելի հագեցած ու հետաքրքիր դարձրեցինք։