ՀԱՄՇԵՆ ԵՎ ՀԱՄՇԵՆԻ ՅԱՅԼԱՆԵՐ 4 ՕՐ
Դրախտային Համշենի անհաշվելի հրաշալիքներից ընտրել ենք Ձեզ համար ամենահեքիաթայիններն ու ամենակախարդականները։ Գնում ենք բացահայտելու Համշեն աշխարհի սաղարթախիտ անտառները, խենթացնող ջրվեժները, տպավորիչ լեռները, արագահոս գետերը, կանաչի ամենաշքեղ երանգները։ Բացառիկ այս ուղևորության ընթացքում ոչ միայն կտեսնենք Համշենի հիմնական տեսարժան վայրերը, ինչպիսիք են Մանջունայի և Բալահովտի ջրվեժները, Զիլ ամրոցը, համշենյան կամուրջներն ու տնակները, այլ նաև կայցելենք չորս անսահման տպավորիչ յայլա (բարձրադիր ամառանոց)՝ ամպերի ծովերով հայտնի Հյուսեր, կանաչի ամենագեղեցիկ երանգներով պարուրված Փոքութ, խորհրդավոր Սալ և համշենաշունչ Այդեր յայլաներ։ Բացի այդ, այս օրերին կգիշերենք Սև ծովի ափին։ Գեղեցկագույն ուղևորություն՝ զուգորդված շքեղ բնությամբ և պատմական հարուստ ժառանգությամբ։
Ծրագիր
Դրախտի դարպասներ
Սև լիճ (Շավշատ)
Տբետի վանք
Շավշատի բերդ
Բորչկայի գավառակ
Ճոխ Ճորոխ
Անցնելով Բավրայով և Ջավախքով՝ մուտք կգործենք լեռնային Արդահան: Մեր առաջին կանգառը կլինի Դրախտի դարպասներում, որտեղից կվայելենք Շավշատի անտառների և Պոնտական լեռների շունչ կտրող տեսարանները։ Նախ ճամփա կբռնենք դեպի Շավշատի գեղատեսիլ անտառների հրաշալիքներից Սև լիճը, որը չի կարող անտարբեր թողնել ոչ ոքի: Սև լճից հետո Շավշատում կայցելենք Բագրատունիների կառուցած վեհաշուք տաճարներից Տբետը, ապա կտեսնենք նաև տեղի հայտնի բերդը՝ կառուցված Բագրատունիների կողմից, ինչպես և բերդի բարձունքից կվայելենք շրջակայքի հրաշագեղ բնությունը: Մեզ է սպասում նաև այդքան սիրված Ճոխ Ճորոխ դիտակետը․ վայր, որտեղից բացվում է ամենագեղեցիկ տեսարաններից մեկը։ Գիշերակացն էլ Սև ծովի ափին է։
Ֆուրթունա գետի կիրճ
Չամլիհամշենի ջրվեժ
Այդերի Ամպիկ ջրվեժ (թեթև քայլարշավ)
Այդեր յայլա
Հյուսեր յայլա
Առավոտյան Սև ծովի հրաշալի տեսարանին նախաճաշելուց հետո կուղևորվենք դեպի Ֆուրթունա գետի կիրճ, կտեսնենք Չամլիհամշենի չքնաղ ջրվեժը, գեղեցիկ ու ոչ բարդ քայլարշավով կհասնենք անսահման գեղեցիկ Ամպիկ ջրվեժին և կուղևորվենք Այդեր՝ վայելելու համշենյան ուտեստները, ապա նաև բացահայտելու այս ֆենոմենալ վայրը։ Այդերից հետո կուղևորվենք անչափ տպավորիչ Հյուսերի յայլա, որտեղ հաճախ է հանդիպում ամպերի ծովը, որը, հուսանք, կվայելենք միասին, ինչպես նաև կվայելենք գեղեցկագույն տեսարաններով ճոճանակները։
Սալ յայլա
Փոքութ յայլա
Չինչիվայի կամուրջ
Զիլ ամրոց
Բալահովտի ջրվեժ
Մեր դրախտային ուղևորության հերթական օրը մեզ են սպասում երկու հեքիաթային յայլաներ՝ Սալը և Փոքութը, որոնցից դժվար է լինելու բաժանվել։ Այստեղ կանաչի բոլոր երանգներն են տեսանելի, իսկ համշենյան փայտաշեն տներն ուղղակի կախարդանքի կվերածեն մեր տեսարանները։ Բնության այս հրաշալիքները լիարժեք վայելելուց հետո կուղևորվենք տեսնելու Չինչիվայի հայտնի կամուրջը, կբացահայտենք Զիլ ամրոցը, որը կարծես հեքիաթից լինի, ինչպես նաև կվայելենք Բալահովտի հզոր ջրվեժը, որը խենթացնող է։ Կատարյալ օր։
Զույգ կամուրջներ
Մանջունայի ջրվեժ (քայլարշավ)
Արդահան. Կուր (Քուռ) գետ և Արդահանի բերդ
Համշենյան Զույգ կամուրջները մեզ են սպասում։ Թավ անտառների գրկում թաքնված իրարից անբաժան Զույգ կամուրջները բացահայտելուց հետո ժամանակն է քայլել դեպի Մանջունայի անչափ տպավորիչ ջրվեժ, որին հասնելու համար անտառային աննկարագրելի գեղեցիկ քայլարշավ կունենանք։ Այնուհետև, ճանապարհ կբռնենք քաջաց քաղաք Արդահան, որտեղ կտեսնենք տեղի պատմական բերդն ու Կուր գետը։ Եվ միայն այս ամենից հետո կարելի է մտածել վերադարձի մասին։