ՊԱՐՍԿԱՀԱՅՔ․ ՀԱՏՈՒԿ ԾՐԱԳԻՐ 5 ՕՐ

ՍԲ ԹԱԴԵ, ՍԲ ՍՏԵՓԱՆՈՍ ՎԱՆՔԵՐ, ԾՈՐԾՈՐ, ԽՈՅ, ՍԱԼՄԱՍՏ, ՈւՐՄԻԱ, ՋՈՒՂԱ, ՔԱՆԴՈՎԱՆ, ԹԱՎՐԻԶ

Մեզ հետ այցելեք Պարսկահայք և հնգօրյա հրաշալի ուղևորության ընթացքում ծանոթացեք Իրանում հայկական մշակութային գլուխգործոցներին, այդ թվում՝ տեսեք հռչակավոր Սբ Ստեփանոս Նախավկայի, Սբ Թադեի, Ծործորի վանքերը, քարանձավային Քանդովանը և Արևելքի գոհարներից Թավրիզը, հայկական շնչով Խոյը, Մակուն, Ջուղան և Սալմաստը, զարմանահրաշ Ուրմիա (Կապուտան) լիճը, Մայր Արաքսը, Տղմուտ գետն ու Ավարայրի դաշտը, Մասիսը «մյուս» կողմից, Րաֆֆու ծննդավայրը, Թավրիզի հայոց առաջնորդարանը, մի շարք տպավորիչ ուրարտական բերդեր: Բացի Հեր, Զարևանդ, Արտազ գավառների, Ատրպատականի հայկական հարուստ պատմական ժառանգությունը, կտեսնեք նաև բնության գլուխգործոցներ, ինչպես և տեղի այլ կարևոր տեսարժան վայրեր:

Առաջիկա մեկնումներ՝ 28.09 - 02.10
Մեկնում՝ 00:00, ժամանում՝ 23:30, հասցե՝ Թումանյան 8
Գինը՝ 129000 դրամ
Ներառում է`
բարձրակարգ ավտոբուսը
3 և 4 աստղանի հյուրանոցները (երկտեղանի և երեքտեղանի համարներ),
սնունդը (օր 1` ընթրիք, մյուս օրերին՝ նախաճաշ + ճաշ կամ ընթրիք)
հայ գիդի ծառայությունը
բոլոր տեսարժան վայրերի մուտքի տոմսերը
Չի ներառում`
Իրանի մուտքի ապահովագրությունը (մոտ 1500 դրամ):

Ծրագիր

ՕՐ 1
մեկնում Երևանից Մեղրի

Արաքսի հովտի տեսարանը Մեղրիից
առավոտյան՝ անցում Մեղրիից Իրան
Կորդաշտի բերդ
Կորդաշտի պատմական բաղնիք
Ավերակ ջաղաց ջրվեժ
Հին Ջուղա. Հովվի եկեղեցի և Խոջա Նազարի քարավանատուն
Սբ Ստեփանոս Նախավկայի վանք
Արաքսի գետափ և Նախիջևանի համայնապատկեր

ընթրիք Մակու քաղաքում
գիշերակաց՝ Մակու

Մեր հրաշալի ուղևորությունը կսկսենք Մեղրիից, որտեղ տպավորիչ դիտակետից կվայելենք Արաքսի հովտի հայտնի տեսարանը, ինչպես նաև կնախաճաշենք։ Ապա կհատենք հայ-իրանական սահմանն Արաքս գետի վրա: Առաջին մեր այցը կլինի անցակետից ոչ հեռու Կորդաշտ, որտեղ կտեսնենք տեղի հզոր բերդն ու պատմական բաղնիքները։ Հաջորդ կանգառը կլինի բնության գլուխգործոց Ավերակ ջաղաց ջրվեժը, որը թարմություն կհաղորդի մեզ ու առավել կտրամադրի հիանալի ճամփորդությանը: Այնուհետև կուղևորվենք Հին Ջուղա, որտեղ Արաքսի ափին կբացահայտենք հայկական եկեղեցաշինության յուրօրինակ նմուշ Հովվի մատուռը, ինչպես և երբեմնի վաճառաշահ Ջուղայի խոշոր քարավանատներից մեկը, որը կառուցել է հայ վաճառական Խոջա Նազարը: Պահն է ոչ միայն հայկական, այլ նաև համաշխարհային ճարտարապետության գլուխգործոց Սբ Ստեփանոս Նախավկայի վանք այցելության: Սբ Ստեփանոսի վանքը հիանալի պահպանված տպավորիչ կառույց է, որը նաև ՅՈւՆԵՍԿՕ-ի պատմական ժառանգության ցուցակում է: Մենք կբացահայտենք բացառիկ քանդակներով զարդարված այս եկեղեցին: Մեր ուղին Արաքսի ափերով կշարունակվի Մակու, իսկ ճանապարհին մենք կտեսնենք սահմանից այն կողմ Նախիջևանը: Ընթրիքն ու գիշերակացը Մակու քաղաքում են՝ Մասիսի ու Սիսի ստորոտին։

ՕՐ 2
նախաճաշ հյուրանոցում

Մակվի բերդ
Արարատ լեռը «մյուս» կողմից և Մակուի համայնապատկեր
Ծործորի վանք
Սբ Թադեի վանք
Ավարայրի դաշտի ենթադրյալ վայր ու Տղմուտ գետ
Բաստամի Ռուսայի ուրարարտական բերդ
Մահլազանի Սբ Խաչ հայկական եկեղեցի

ընթրիք Խոյ քաղաքում
գիշերակաց՝ Խոյ

Մեր ճամփորդության երկրորդ օրը խոստանում է բացահայտումների ու զգացողությունների հսկա չափաբաժին: Օրը կսկսենք ուրարտական ժամանակներ հասնող Մակվի հզոր բերդից։ Ժամանակն է գնալ Ծործորի վանքի հրաշագեղ Սբ Աստվածածին եկեղեցի, դեպի ուր ճանապարհից էլ բացվում է տիեզերական տեսարան դեպի Սիսն ու Մասիսը՝ «հակառակ կողմից», այն էլ՝ Մակուի համայնապատկերով: Բիբլիական Արարատի տեսարանը վայելելուց հետո կայցելենք Ծործորի եկեղեցի, որը ՅՈւՆԵՍԿՕ-ի պատմական ժառանգության ցանկից է: Սբ Թադեի վանքը կարևորագույն սրբավայր է, միևնույն ժամանակ, ճարտարապետական փառահեղ կոթող: Եկեղեցու բազմադարյա պատմությունը, կառույցն իր ճոխ ու աննման քանդակներով ուղղակի ստիպում են քարանալ ու փորձել որսալ ամեն կտորը: Սբ Թադեի վանքից դեպի Խոյ քաղաք կանցնենք այն տարածքով, որը մասնագետները համարում են Ավարայրի դաշտը: Մեզ է սպասում նաև ուրարտական ամենահզոր բերդերից մեկը՝ Ռուսախինիլին, որը ներկայիս Բաստամ բնակավայրի մոտ է։ Իսկ Մահլազան բնակավայրում իր այցելուին պատրաստ է զարմացնելու տեղի Սբ Խաչ հայկական եկեղեցին։ Գիշերակացը Խոյում է, որն էլ հաջորդ օրը միասին կբացահայտենք։

ՕՐ 3
նախաճաշ հյուրանոցում

Խոյի Սբ Սարգիս հայկական եկեղեցի
Հաֆթվանի Սբ Գևորգ հայկական եկեղեցի
Սալմաստ․ Փայաջուկ՝ Րաֆֆու ծննդավայր և ֆիդայիների գերեզմանատուն
Սալմաստ․ Մինասի ժայռաքանդակ
Ուրմիայի Սբ Ստեփանոս հայկական եկեղեցի
Ուրմիա քաղաքում թեթև պտույտ

ընթրիք Ուրմիա քաղաքում
գիշերակաց՝ Ուրմիա

Խոյում կայցելենք տեղի Սբ Սարգիս միջնադարյան եկեղեցին, որն անչափ տպավորիչ և հսկա կոթող է։ Խոյից (պատմական Հեր) կմեկնենք Սալմաստ (պատմական Զարևանդ)։ Կայցելենք Սալմաստի մոտակայքի Հաֆթվան բնակավայր, որտեղ կտեսնենք Սբ Գևորգ եկեղեցին և նրան կից յուրօրինակ թատրոնը։ Այնուհետև կայցելենք Փայաջուկ գյուղ․ Փայաջուկում է ծնվել հայ մեծանուն գրող Րաֆֆին և որտեղ դեռ կարելի է գտնել նրա հայրական տան վայրը: Փայաջուկում է նաև ֆիդայիների գերեզմանատունը։ Սալմաստին մոտ կտեսնենք Սասանյանների ժայռաքանդակը ներկայիս Մինաս գյուղի մոտ, ուր հիշատակվում են հայերն ու Հայաստանը, որով այն փաստացի դառնում է այս տարածքների «հայկականության անձնագիրը»: Ուրմիայում էլ կտեսնենք տեղի Ստ Ստեփանոս հայկական եկեղեցին, կքայլենք այս քաղաքում և հրաշալի ու հագեցած օրվանից հետո կվայելենք վաստակած հանգիստն Ուրմիայում:

ՕՐ 4
նախաճաշ հյուրանոցում

Ուրմիա (Կապուտան) լիճ
Քանդովան քարանձավային քաղաք
Թավրիզի Կապույտ մզկիթ
Թավրիզի Սբ Աստվածածին հայկական եկեղեցի
Թավրիզի պատմական շուկա. ազատ ժամանակ

ընթրիք Թավրիզում
գիշերակաց՝ Թավրիզ

Օրը սկսում ենք Հայկական բարձրավանդակի երեք խոշոր լճերից Կապուտանով (Ուրմիա լիճ): Կապուտան-Ուրմիան անչափ տպավորիչ է և աչքի է ընկնում խիստ յուրօրինակ տեսարաններով, որոնց նմանն այլ վայրերում չեք գտնի։ Պատմական այս պահից հետո կշարունակենք մեր ուղին դեպի Թավրիզ, որտեղի ճանապարհը անցնում է Ուրմիա լճի կենտրոնով կառուցված կամրջի վրայով: Թավրիզին մոտ կայցելենք Քանդովան, որը հետաքրքրագույն ու հնագույն քարանձավային բնակավայր է, ուր մարդիկ ապրում են անգամ մեր օրերում, այն էլ՝ մի քանի հարյուր տարեկան քարանձավային տներում: Հաջորդ կանգառը Թավրիզ քաղաքն է, որն Արևելքի իսկական արտացոլումն է: Կտեսնենք բազմադարյա Կապույտ մզկիթը, որը ևս Թավրիզի այցեքարտերից է՝ հայտնի իր կամարների շարքով։ Կայցելենք Սբ Մարիամ Աստվածածին եկեղեցին, որը հնագույնն է Թավրիզի հայկական եկեղեցիների շարքում։ Ավելի ուշ կվայելենք մեր ազատ ժամանակն աշխարհի խոշորագույն փակ շուկաներից մեկում՝ Թավրիզի շուկայում, որն արևելյան բազարի մարմնավորում է՝ առանձնանալով իր կոլորիտով և հետաքրքիր կառուցվածքով։

ՕՐ 5
նախաճաշ հյուրանոցում

Թավրիզի կամար
Թավրիզի Սբ Սարգիս եկեղեցի
Թավրիզի Ազգային առաջնորդարան
անցում Իրանից Մեղրի

ընթրիք ՀՀ-ում
վերադարձ Երևան

Մեր ուղևորության վերջին օրը՝ նվիրված Թավրիզին, ևս հագեցած ու հետաքրքիր է: Կտեսնենք քաղաքի խորհրդանիշ Թավրիզի (Ալիշահի) կամարը, որտեղից պարոն Ավագի թաղամասով կայցելենք Ատրպատականի հայոց առաջնորդարան, ապա նաև Սբ Սարգիս հայկական եկեղեցի: Ավարտելով մեր գեղեցիկ ու հետաքրքիր թավրիզյան պտույտը՝ կվերադառնանք Երևան՝ մեզ հետ բերելով հրաշալի հուշեր, անկրկնելի զգացողություններ և վառ տպավորություններ։


Գրանցում

Գինը՝ 129000 դրամ