ԼԱԼՎԱՐԻ ՅՈԹ ՀՐԱՇԱԼԻՔՆԵՐԸ

Լալվարը Հայաստանի գեղեցկագույն լեռներից է։ Անտառապատ լանջեր, ընդգծված ուրվագիծ, յուրահատուկ քարատեսակներ, տեսանելիություն հեռվից։ Լալվարի հմայքը, սակայն, անցնում է այս ամենից էլ անդին․ այս լեռան ստորոտին ստեղծվել են բազմաթիվ տպավորիչ ու արժեքավոր կոթողներ, և այդ չքնաղ ժառանգությունից մենք ընտրել ենք թվով յոթը, որոնց էլ կկոչենք Լալվարի յոթ հրաշալիքները։ Եվ որո՞նք ենք նրանք, որո՞նք ենք այդ հրաշալիքները։ Մեզ համար հրաշալի յոթնյակն այս տեքսն ունի՝ Խորակերտ, Խուճապ, Սեդվի, Չախալաբերդ, Բգավոր, Խոժոռնի, Մադան։ 

Խորակերտ
Խորակերտը 13-րդ դարով թվագրվող վանք է Լալվարի հյուսիսային անտառապատ լանջին։ Խորակերտի Սբ Աստվածածին եկեղեցու գմբեթը հայկական ճարտարապետության եզակի օրինակ է․ թմբուկը կազմված է թվով 30 սյուներից։ Խորակերտը, մոտ լինելով հայ-վրացական սահմանին, ներկայում Վրաստանի սահմաններում է։ Հասանելի է միայն հատուկ թույլտվությամբ։

Խուճապ
Խուճապի վանքը ևս 13-րդ դարով է թվագրվում։ Ուղիղ գծով այն Խորակերտից հեռու է մոտ 3 կմ և կրկին հայ-վրացական սահմանի անմիջական հարևանությամբ է, սակայն այս դեպքում արդեն ՀՀ-ի տարածքում է։ Խուճապի վանքն առանձնանում է իր արտաքին հարուստ ու գեղեցիկ հարդարանքով։ Հասանելի է միայն հատուկ թույլտվությամբ։

Չախալաբերդ
Միջնադարյան այս հզոր բերդը Խուճապի ու Խորակերտի հարևանն է և բազմել է Լալվարի հյուսիսային ստորոտին։ Այն լավ պահպանված միջնադարյան բերդերից է, որի շուրջ ժամանակին տարածվել է Բազկերտ քաղաքը։ Բերդի պատմական անունը Բազաբերդ է, բայց ժողովրդի շրջանում առավել հայտնի է Չախալաբերդ անունով։ Կրկին հայ-վրացական սահմանին մոտ է, ՀՀ-ի տարածքում է։ Հասանելի է միայն հատուկ թույլտվությամբ։

Սեդվի
Սեդվիի վանքն ու վանքից ոչ հեռու բերդաշտարակը Լոռվա մարզի Ակորի և Կաճաճկուտ գյուղերի միջև գտնվող անտառապատ վայրում են։ Սեդվիի վանքի Սբ Նշան եկեղեցին 13-րդ դարի կառույց է։ Ժամանակակիցն է նաև Սեդվու բերդը, որի բազմահարկ աշտարակը հասել է մեր օրեր։ Այս երկուսն էլ հասանելի են ինչպես փոքր մեքենայով, այնպես էլ գեղեցիկ քայլարշավով։

Բգավոր
Բգավոր եկեղեցին ևս իր յուրահատուկ արտաքին ու ներքին լուծումներով միջնադարյան եկեղեցաշինության ամենահետաքրքիր օրինակներից է։ Բգավորն ու Սեդվին ուղիղ գծով մոտ 2․5 կմ հեռավորության վրա են՝ Լալվարի հարավային ստորոտին են՝ ՀՀ Լոռու մարզում՝ Կաճաճկուտ և Ակորի գյուղերի միջև։

Խոժոռնի
Խոժոռնիի Սբ Նշան եկեղեցին ևս 13-րդ դարում է կառուցվել։ Այն կրկին մոտ է հայ-վրացական սահմանին, ներկայում Վրաստանի տարածքում է, Խոժոռնի հայաբնակ գյուղի մոտակայքում։ Եկեղեցու շուրջ բոլորը կան մատուռներ և խաչքարեր։ Հասանելի է միայն հատուկ թույլտվությամբ։

Մադան
Մադանն առանձնանում է իր գեղեցիկ տեղադրությամբ, կոլորիտային տներով և հունական եկեղեցով։ Այստեղ զգալի է պոնտական շունչը։ Թեև երբեմնի խոշոր հունաբնակ գյուղը մեծ մասամբ լքված է, սակայն այն իր յուրահատուկ հմայքը չի կորցրել նաև մեր օրերում։

Աշխարհի հրաշալիքների դեպքում միշտ լինում են ութերորդ հրաշալիքի հավակնորդներ, և այդ դեպքում Լալվարն էլ բացառություն չէ։ Ութերորդ հրաշալիքի դերին կարող են հավակնել Ջիլիզա, Կաճաճկուտ գյուղերը, Խոժոռնու բերդը, Կոշաբերդը և ընդհանրապես լեռան անտառապատ հատվածն իր բուսական ու կենդանական հարուստ աշխարհով։

Համշեն տուրում կազմակերպում ենք քայլարշավներ վերը նշված բոլոր ուղղություններով, ինչպես նաև իրականացնում ենք վերելքներ Լալվարի գագաթ։