ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ 10 ՕՐ

ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ 10 ՕՐ

Հագեցած և յուրահատուկ տասնօրյա այս ուղևորության ընթացքում տեսնելու եք Արևմտյան Հայաստանի կարևորագույն քաղաքները, բերդերը, վանքերն ու այլ կոթողները, այդ թվում՝ Նեմրութը, Վանը, Անին, Կարսը, Դերսիմը, Երզնկան, Էրզրումը, Դերջանը, Խարբերդը, Մալաթիան, Տիգրանակերտը, Դիարբեքիրը, Տայքը, Բինգյոլը, Բիթլիսը, Բայազեդը, Արածանի, Արաքս, Եփրատ, Տիգրիս գետերը, անցնելու եք Մասիսի լանջերով, Սասունով, Սարիղամիշով, Իգդիրով, նավարկելու եք Եփրատով, դեպի Վանի Կտուց և Աղթամար կղզիներ… Այցի ընթացքում կարող եք լողալ Վանա ծովում, համտեսել Վանա տառեխ, բարձրանալ մի շարք բերդեր և ոչ միայն այսքանը։ Տուրը նախատեսված է Արևմտյան Հայաստանը հնարավորինս լավ բացահայտել ցանկացողներին…

Մեկնում՝ 

07:00 | Մարզահամերգային համալիրի դիմաց

Արժեքը՝
240000 դրամ
Ներառում է՝

4 / 3+ աստղանի բարձրակարգ հյուրանոց (Մուշ՝ Դիյար Փարիզ, Միր Սարայ, Դափ, Սիվերեք՝ Չելեբի, Դատվան՝ Քարդելեն, Երզնկա՝ Մեսութ, Խարբերդ` Իլբեյ/ Շիրին, Վան՝ Թահթ Փալաս, Բերկրի՝ Ռոյալ, Կարս՝ Սիմեր)

նոր մեքենաներ (Mercedes Sprinter/ Volkswagen Crafter միկրոավտոբուս, մինչև 18 տեղ)

2 անգամյա որակյալ սնունդ բոլոր օրերին (ընտրովի ճաշացանկ)

պրոֆեսիոնալ գիդ (հայտնի հայ թուրքագետներ) (ամեն խումբը՝ իր առանձին գիդով)

բոլոր տեսարժան վայրերի մուտքի տոմսերը

Վանում և Եփրատում նավարկության վճարը:

Չի ներառում՝

ՀՀ քաղաքացիների համար Թուրքիայի մուտքի վիզան 15.000 դրամ է, այն պատրաստում է մեր ընկերությունը: Վիզան տոմսի գնի մեջ ներառված չէ:

Մանրամասն Ծրագիր

ՕՐ 1 | ՀՐԱՇԱԼԻ ԱՆԻՆ Ու ՀԶՈՐ ԿԱՐՍԸ

Մեկնում՝ Երևան-Գյումրի-Ախալքալաք-Կարծախ [Վրաստան]

– Ծովակն Հյուսիսոյ (Չըլդըր) լիճ,

ճաշ Կարսում

– Կարս. Կարուց բերդ, Վարդանի կամուրջ, Սբ. Առաքելոց եկեղեցի, Չարենցի տուն,

– Անի. Մայր Տաճար, Սուրբ Փրկիչ, Աբուղամրենց, Տիգրան Հոնենց, Գագկաշեն եկեղեցիներ, պարիսպներ, այլ կոթողներ,

ընթրիք Կարսում գիշերակաց՝ Կարս:

Ճանապարհ ընկնելով Երևանից և անցնելով Բավրայի անցակետով՝ մուտք ենք գործում Ջավախք, որտեղից էլ, հատելով թուրք-վրացական սահմանը, անցնում ենք չնաշխարհիկ Ծովակն լճի ափերով՝ ուղի բռնելով դեպի հայոց թագավորների բերդաքաղաքը՝ Կարս: Առանձնահատուկ է ուղևորությունը դեպի Կարս, որտեղ մեզ հայկական պատմության և՛ փառավոր, և՛ տխուր էջերն են սպասում: Պատրա՞ստ եք Կարուց բերդի գրոհին: Ուրեմն՝ առա՜ջ: Հենց այստեղ ձեր առջև բացվում է երբեմնի հայկական հրաշք քաղաքի համայնապատկերը, որտեղ իր ուրույն տեղն ունի տառապյալ, բայց հզոր Առաքելոց եկեղեցին՝ փառահեղ, ազդու կոթող՝ իր յուրահատուկ ճակատագրով և բազում-բազում պատմություններով: Իսկ Կարսում ինչպե՞ս կարելի է չանցնել Վարդանի կամրջով, ինչպե՞ս չգնալ այն տունը, որտեղ ապրել է Եղիշե Չարենցը: Տեղն է վերհիշել «Երկիր Նաիրին» և զգալ նրա ամեն տողը հայկական պատմական հետքը չկորցրած այս քաղաքում, որտեղ հինավուրց շենքերի ճակատներից դեռ չեն հասցրել ջնջել հայերեն տառերը: Կարսից հետո մեր հաջորդ կանգառը հրաշալի Անին է: Հազար ու մեկ եկեղեցիների քաղաքում մեզ հիանալի շրջագայություն է սպասվում՝ պատմության խորխորատներում քարացած ինքնին մի պատմություն դարձած փառապանծ քաղաքն ուղղակի չի կարող անտարբեր թողնել, չի կարող չհուզել: Բոլորին է պարուրում իրարամերժ զգացմունքները՝ հպարտություն և ցավ, կիսավեր, հիասքանչ եկեղեցիներ, շքեղ շինություններ, նախկին փառքի լուռ վկայություն: Տեսնել Անին ու ապրել: Այո՛, ապրե՛լ..

ՕՐ 2 | ՉՔՆԱՂ ՏԱՅՔ Ու ՓԱՌԱՎՈՐ ԿԱՐԻՆ

նախաճաշ հյուրանոցում

– Բանակի տաճար,

– Թորթումի ջրվեժ և Թորթումի լիճ,

– Օշկվանք,

– Խախու վանք,

ճաշ Էրզրումում

– Կարին (Էրզրում)․ Սանասարյան վարժարան, Սուրբ Աստվածածին եկեղեցի, Կարնո բերդ,

գիշերակաց՝ Էրզրում:

Մեր ճամփորդության երկրորդ օրը մեր առաջ իր դռներն է բացում չքնաղ ու աննման Տայք աշխարհը՝ հոյակերտ վանքերով ու բնության հրաշալիքներով։ Թորթումի ջրվեժի զովությունն ու Թորթումի լճի աննկարագրելի պատկերները վայելելուց հետո մեզ սպասում է Տայքի թագուհին՝ Օշկվանքը․․․ Հայ-քաղքեդոնականների գլուխգործոցը շարունակում է զարմացնել, հիացնել ու իր մոտ կանչել ուխտավորներին։ Սակայն այսքանով չենք ավարտում Տայք աշխարհի բացահայտումը․ Խախուի վանք կամ Սուրբ Մարիամ Աստվածածին․․․Տայքի գլխավոր եկեղեցիներից մեկն իր լուռ ու ազդեցիկ դիրքով ու դեռ չխոնարհված։ Այստեղից մեր ճանապարհը շարունակվում է դեպի հզոր Կարին։ Այո, մերօրյա Էրզրումը դեռ պահել է հայկական հետքը՝ Կարնո բերդը, Սուրբ Աստվածածին եկեղեցին, Սանասարյան վարժարանը, որոնցից յուրաքանչյուրն իր ուշագրավ պատմությունն ունի․․․ Հակասական ու փոթորքոտ զգացումներն ու մտքերը ամփոփել էրզրումյան հով երեկոյում․․․

ՕՐ 3 | ՀՆԱԳՈՒՅՆ ՀԵՏՔԵՐՈՎ

նախաճաշ հյուրանոցում

– Դերջան. Ապրանից վանք և հսկա խաչքարեր,

– Երզնկայի բազմահարկ ջրվեժ,

ճաշ Երզնկայում

– Անի Կամախ,

գիշերակաց՝ Երզնկա:

Նախնյաց հավատալիքների, ավանդույթների ու թողած մշակութային հզոր ժառանգության հնագույն հետքերով ճամփորդության այս օրը հիրավի յուրահատուկ է։ Նախ կտեսնենք Հայոց աշխարհի ամենահետաքրքիր ու գեղեցիկ սրբավայրերից մեկը՝ Դերջանի Ապրանից վանքն ու հսկա խաչքարերը շուրջ 6 մետր բարձրությամբ, որոնք, մինչ օրս պահպաված լինելով, եզակի ու անչափ կարևոր երևույթ են ամբողջ պատմական Հայաստանի տարածքում։ Առաջանալով դեպի հրաշալի Երզնկա՝ նախ կանգառ կկատարենք Երզնկայի գեղատեսիլ եռահարկ ջրվեժի մոտ։ Երզնկա․․․ Ասել է թե բազմաշերտ գույներ, հրաշք տեսարաններ ու փառավոր անցյալ․․․ Ահա այդ անցյալի հետքերից ևս մեկը․ Անի Կամախ։ Կամախի նշանավոր բերդը դարերի խորքից շատ հետաքրքիր ու իմաստալից պատմություններ է պահել մեզ համար, փորձենք գտնել ու լսել դրանք ․․․

ՕՐ 4 | ԱՌԵՂԾՎԱԾԱՅԻՆ ԴԵՐՍԻՄԸ

նախաճաշ հյուրանոցում

– Դերսիմի շրջան և Դերսիմ քաղաք,

– Մնձուր գետի կիրճ և Անահիտի աղբյուրներ,

– Խոզաթի Սուրբ Կարապետ հայկական եկեղեցի,

– Նավարկություն Եփրատի վրա և Բերդակ բերդ,

– Խարբերդ. Խարբերդի բերդ և հին քաղաք,

ընթրիք Խարբերդում գիշերակաց՝ Խարբերդ:

Ասում են՝ առեղծվածների, կյանքի ու ազատության քաղաք է Դերսիմը։ Գուցե պատահական չէ, որ հենց այստեղ մեզ պիտի բախտ վիճակվի այցելել Անահիտի աղբյուրներ․ Հայոց փառավոր դիցուհու, մարդկանց սնուցող ու ապրեցնող, մայրության ու ռազմի հովանավոր աստվածուհու անունը կրող աղբյուրները Դերսիմի մայր գետ Մնձուրի կիրճում վայելելուց հետո մեզ է սպասում Դերսիմի ևս մեկ թաքնված գանձ՝ Սուրբ Կարապետի վանքը Խոզաթում։ Նույնիսկ ավերակ ու անտեսված՝ վանքի պատերը դեռ հուշում են երբեմնի փառահեղ տեսքի ու կարևոր նշանակության մասին։ Իսկ առջևում Եփրատն է՝ իր աննման փիրուզով ու մեղմ զեփյուռով, և ահա՝ Բերդակն է՝ Փոքր Հայքի անառիկ բերդակը։ Հագեցած ու զգացմունքային պահերով լի այս օրվա վերջում մեզ է սպասում պատմական Խարբերդը՝ լուռ ու վեհ, զուսպ ու շքեղ։

OՐ 5 | ԴԵՊԻ ԱՍՏՎԱԾՆԵՐԸ

նախաճաշ հյուրանոցում

– Արաբկիր․ հայկական թաղ,

– Մալաթիա. Սուրբ Երրորդություն եկեղեցի և հայկական թաղ,

ճաշ Մալաթիայում կամ Ադըյամանում

– Նեմրութ․ Հին Աստվածների սրբավայր,

– Եփրատ գետ,

գիշերակաց՝ Սիվերեք:

Մեր ճամփորդության արդեն 5-րդ օրը հենց սկզբից կնշանավորվի ևս մեկ բացառիկ երթուղով․ պատմական Արաբկիր, հին հայկական թաղամաս, վայր, որը գուցե հազվադեպ է հանդիպում զբոսաշրջային ծրագրերում, սակայն որը երազում են տեսնել բազմաթիվ, հարյուրավոր մարդիկ։ Հայաթափ, բայց նախկինի պես մեզ սպասող Արաբկիրն իր նեղլիկ փողոցներով ու հայկական տներով ․․․ Բայց դեռ առջևում է Մալաթիան՝ անուշահամ ծիրանի ու անմահական մեղրի երկիրը, Հրանտ Դինքի ծննդավայրը։ Մալաթիայի Սուրբ Երրորդություն եկեղեցի այցից հետո մոտենում է օրվա կուլմինացիոն պահը․ այո, Նեմրութն իր տիեզերական սրբավայրով։ Ձեր կյանքի ամենատպավորիչ ուխտագնացություննեից մեկի դարձի ճամփան կրկին ուղեկցում է հրաշագեղ Եփրատը՝ մեզ հասցնելով մինչև Ուրֆայի Սիվերեք։

OՐ 6 | ՀՆԱՄԵՆԻ ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏՆ Ու ԼԵՌՆԵՐԸ ԲԻՆԳՅՈԼԻ

նախաճաշ հյուրանոցում

– Դիարբեքիր (Տիգրանակերտ)․ պարիսպներ, Սուրբ Սարգիս և Սուրբ Կիրակոս եկեղեցիներ, Տիգրիս գետ և Տասնակյա կամուրջ,

– Բյուրակնի (Բինգյոլի) լեռներ,

– Մշո Սուրբ Կարապետ վանք,

ճաշ Մուշում

– Ազատ երեկո Մուշում,

գիշերակաց՝ Մուշ:

Փոքր Հայքն ու Կոմմագենե երկիրը բացահայտելուց հետո հերթը Աղձնիք աշխարհինն է․ հենց այսօր մեր առաջ իր հյուրընկալ դռներն է բացում Դիարբեքիր-Տիգրանակերտը։ Տիգրիսի ափին թռված հնագույն քաղաքի տեսարանը նրա անառիկ պարիսպներից վայելելու ճիշտ ժամանակն է։ Սակայն այստեղ մեզ էլի սպասողներ կան․ Սուրբ Սարգիս և Սուրբ Կիրակոս․․․ Հուզիչ ու մտածելու տեղիք տվող անթիվ պատմություններ, ճակատագրեր ու անսասան հավատ․ այսպես միայն շատ կարճ հնարավոր է նկարագրել այս տաճարներն այսօր։ Եվ ահա երազային ճամփան․․․ ճամփան Բինգյոլի։ Քույրի՛կ, ասա, ո՞րն է ճամփան Բինգյոլի․․․ Տպավորիչ ու գեղատեսիլ են լեռները Բյուրակնի, որտեղից սկիզբ է առնում Մայր Արաքսը։ Եվ ահա մոտ է նա՝ բոլոր ուխտատեղիների թագուհին՝ սուլթանը։ Մշո սուլթան Սուրբ Կարապետ․․․ Մուշ և Սուրբ Կարապետ բառերն իրարից առանձին գրելն անգամ բարդ է։ Սուրբ Կարապետի ավերակների մոտ մեր ուխտը կատարելուց հետո մեզ է սպասում երեկոյան Մուշը՝ իր դրական ու դեռ տեղ-տեղ հայկական մթնոլորտով։

OՐ 7 | ՔԱՂՑՐ ՄՈՒՇ ԵՎ ՀՆԱՄԵՆԻ ԲԻԹԼԻՍ

նախաճաշ հյուրանոցում

– Մուշ․ հին հայկական թաղամաս, Սուրբ Մարինե, հայկական տներ,

– Մշո դաշտ. Սուլուխի կամուրջ և Արածանի գետ,

– Բաղեշ (Բիթլիս). բերդ, Փոռ գյուղի խաչքարեր և Սուրբ Անանիա եկեղեցի,

ճաշ Դատվանում

– Նեմրութ Վանի. Վանա լճի համայնապատկեր,

– Խլաթ․ Քարանձավային քաղաք *,

– Վանա լճի ափ (լողալու հնարավորությամբ),

գիշերակաց՝ Դատվան:

Մուշ, անուշ Մուշ, Տարոնի սիրտ․․․ Մեր ուղևորության 7-րդ օրը սկսում ենք Մուշի հին հայկական թաղամասից, որտեղ Սուրբ Մարինեն ու վերջին հայկական հետքերը դեռ հուշում են տեղի անցյալի մասին, որը ներկայից շատ տարբեր էր․․․Իհարկե, ինչպես կարելի է լքել Մուշն առանց Մշո դաշտը վայելելու ու Սուլուխի կամուրջը տեսնելու․․․Արածանին ու ուխտատեղի դարձած Սուլուխը, որտեղ իր վերջին կռիվն է տվել ֆիդայապետ Գևորգ Չավուշը։ Սակայն սա դեռ վերջը չէ․ առջևում Սարոյանական Բաղեշն է (Բիթլիսը) իր նեղլիկ փողոցներով ու անառիկ բերդով, իսկ քիչ հեռու նշանավոր Փոռ գյուղը իր 7-րդ դարի Սուրբ Անանիա վանքով ու խաչքարներով։ Եվ ահա վերջապես․․․ Վերջապես երևում է նա․․․ Վանա ծովը․․․ Անհավատալի, անգերազանցելի ու աներևակայելի գեղեցկություն, որը երբևէ չի համեմատվելու կյանքում տեսած որևէ տեսարանի հետ։ Սակայն մենք դեռ չենք տեսել Վանա լճի ամենատպավորիչ տեսարանը Նեմրութ Սարակնի բարձրությունից։ Վանը կարծես ափի մեջ։ Գործող հրաբխի բարձունքից մեզ է ողջունում Վանի երբեմնի խոշոր նավահանգիստերից Դատվանը, իսկ գործողհրաբխի խառնարանային լճերը տեսնելուց հետո շուտով կերևա և Խլաթը․․․ Երբեմնի փառավոր ու պանծալի քաղաքը, Աղբյուր Սերոբի հայրենիքը։ Վանա լճին ափին ազատ ժամանակն իսկական հարմար առիթ է օրվա հուզումնալից պահերը մտքում ամփոփելու․․․

ՕՐ 8 | ՎԱՆԱ ԵՐԱԶ

նախաճաշ հյուրանոցում

– Աղթամար կղզի (Սուրբ Խաչ եկեղեցի, Վանա լճում լողալ),

ճաշ. Վանա տառեխ՝ Վանա լճի ափին

– Հայկաբերդ և Մենուայի ջրանցք,

– Վարագավանք,

գիշերակաց՝ Վան:

Եվ ահա ժամն է ուղևորվելու հրաշագեղ Աղթամար կղզի, որտեղ հեռվից իր ողջ շքեղությունն է ցուցադրում Սուրբ Խաչ հոյակերտ եկեղեցին, որի տեղադրությունն ու մանրաքանդակներն ապշեցնող են, ցնցող: Վանա լճում լողալը շատերի երազանքն է, բայց մեզ հետ այն իրականություն է դառնում: Վանում լողալուց հետո իսկը ժամանակն է վայելելու լեգենդար վանա տառեխը՝ հայկական մեղեդիների ներքո Վանա լճի ափին: Հեքիաթայի՞ն է: Իհարկե, սակայն հեքիաթը դեռ չի ավարտվել..․ Հայկաբերդ։ Վայր, որտեղից սկիզբ է առել ամեն ոք ու ամեն ինչ։ Որտեղ, ըստ մեր առասպելի, տեղի է ունեցել Հայկի և Բելի կռիվը։ Կտեսնենք նաև Մենուայի (հայտնի նաև Շամիրամի անունով) լեգենդար ջրանցքը։ Դեռ առջևում է Վասպուրականի հոգևոր կենտրոն Վարագավանքը՝ Վարագ լեռան լանջերին։ Խրիմյան Հայրիկի նստվայարը դեռ մեծ սպասումով է դիմավորում իր ամեն հայ ուխտավորին։

ՕՐ 9 | ԿՏՈՒՑԻ ԱՆԹԱՔՈՒՅՑ ՀՄԱՅՔԸ

նախաճաշ հյուրանոցում

– Վանա կատուների բուծարան,

– Վանի (Տուշպա/Տոսպ) բերդ, Ուրարտական արքաների դամբարան,

ճաշ Վանում

– Մհերի դուռ և Ագռավաքար,

– Կտուց կղզի

գիշերակաց՝ Բերկրի:

Դե ինչ, մեր ճամփորդության նախավերջին օրը ժամն է վերջապես բացահայտելու Հայոց առաջին մայրաքաղաքը՝ Վան քաղաքը, որտեղ մեզ են սպասում Վանա կատուները, փառահեղ Տուշպա (Տոսպ) ամրոցը, Մհերի դուռը, որը գուցե հենց մենք ենք բացելու: Ժամանակն է հաղթահարելու հզորագույն Վանա բերդը, որտեղից անպատմելի տեսարան է բացվում դեպի Այգեստանն ու Քաղաքամեջը, դեպի Վանա կապուտակ ծովը։ Դե իհարկե, չմոռանանք թակել Մհերի դուռը՝ Ագռավաքարի մեջ մեկուսացած մեր նախնուն այցի գնալով։ Այնուհետև կնավարկենք Կտուց կղզի, որտեղ համեմատաբար լավ վիճակում գտնվող Սուրբ Հովհաննես-Կարապետ եկեղեցին է։ Կտուցը, թերևս, իր գեղեցկությամբ կարող է անգամ մրցել հրաշք Աղթամարի հետ։ Իսկ այստեղից դեպի Սիփան լեռ բացվող հրաշագեղ տեսարանը մեկընդմիշտ կմխրճվի ձեր սրտում ու հիշողության մեջ։

ՕՐ 10 | ԲԻԲԼԻԱԿԱՆ ԼԵՌԸ

նախաճաշ հյուրանոցում

– Բերկրիի ջրվեժ,

– Թոնդրակ լեռ և Լավայի դաշտեր,

– Դարոյնքի (Բայազեդի) բերդ և Իսահակ փաշայի պալատ,

– Մասիսի լանջեր,

– Իգդիր քաղաքով անցում,

– Արաքս գետ, հայ-թուրքական սահման,

ճաշ Կարսում վերադարձ՝ Կարս-Ախալքալաք-Երևան:

Մեր ճամփորդության վերջին առավոտվա առաջին կանգառը Բերկրիի ջրվեժն է՝ տարբերվող և գերող իր տեսարանով: Բնության այս հրաշալիքը շարունակ ձգում է ու զարմացնում, իսկ Բերկրի գետի արագահոս ջրերը մի քանի կիլոմետրից միախառնվելու են Վանա լճին: Եվ ահա Թոնդրակն ու իր լավային դաշտերն անցնելուց հետո վերջապես մեր առջև նա է՝ Մասիսը «մյուս» կողմից..․ Փշաքաղեցնող տեսարան: Պատմական այս պահից հետո մեր կանգառը Դարոյնքի (Բայազեդի) բերդն է, որն էլ շուտով կհառնի մեր առաջ՝ իր անառիկ տեղադրությամբ, տպավորող կառուցվածքով և բազմաթիվ պատմություններով.. Եվ ահա գալիս է ամեն հայի երազած պահերից մեկը՝ անցումը Մասիսի լանջերով: Շուտով մեր ճանապարհն անցնելու է Իգդիրով, իսկ քիչ անց տեսնելու ենք Հայաստանի Հանրապետությունը մյուս կողմից՝ ձեռքի ափի հեռավորության վրա: Կանգառ Մայր Արաքսի ափին, որը շուտով միախառնվելու է Ախուրյանին։ Եվ վերադարձ Երևան՝ վերադառնալու խոստումով․․․

Գին` 240000 դրամ (առանց վիզայի)
Դուք դեռ տուր չեք ընտրել